Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՉ ՆԱԽԱԳԱՀ, ԱՊԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"Ահա թե ինչ է երազում «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը

«Ես ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չեմ բաժանելու: Ընտրակաշառք սովոր է տալ իշխանական թեկնածուն: Այս ընտրությունների ժամանակ իմ տակտիկան մարդկային առավելությունն է լինելու»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունների ժամանակ իրեն սատարելու է ժողովուրդը: Ըստ նրա, այսօր քննադատությունը դարձել է գլխավոր գործոն, իսկ գաղափարների բախումը, ապագայի մասին մտորումները, ռազմավարական հարցերը մարդիկ թողել ու անցյալն են հիշում: «Պարզ է, որ նախկին եւ ներկա իշխանությունները մի շարք մեղքեր ունեն, մինչդեռ այսօր ժողովուրդն ակնկալում է նոր մտքեր: Պետք է բոլոր քաղաքական գործիչներին նստեցնել կլոր սեղանի շուրջ, որ ամեն մեկն ասի, թե ինչ է անելու, որն է լինելու իր գործը»,- նշեց նա: Երեկ Տ. Կարապետիչը առաջարկեց. «Նախագահի բոլոր թեկնածուների հետ պետք է բացատրական աշխատանքներ տարվեն, որպեսզի նրանք հասկանան, որ ընդդիմադիր ճամբարն ամենածայրահեղն է: Իսկ ընդդիմությունը, որը իբր թե ընդդիմություն է, փաստորեն կենտրոնամետներ է: Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը այսօր խոսում են այնպես, ինչպես ես յոթ տարի առաջ էի խոսում: Մեզ պատիվ չի բերում այն, որ քաղաքական դաշտում մեր գործիչները միմյանց հանդեպ զիջումների չեն գնում: Այդ ամենը դիտում է նաեւ Թուրքիան: Որքան մեր կոնֆլիկտները զարգանում են, այնքան նրանք աշխուժանում են: Ադրբեջանն էլ արդեն չի ուզում խաղաղ ձեւով հարցեր լուծի, իսկ դա նրանից է, որ տեսնում է մեր անկայուն վիճակը»: Տ. Կարապետիչի համոզմամբ. «Քաղաքական դաշտում չի կարելի առաջնորդվել միմյանց ոչնչացնելու սկզբունքով, պետք է պահպանել էթիկայի կանոնները»: Տ. Կարապետիչն արդեն ունի իր համար մշակած՝ «այսպես չի կարելի շարունակել ապրել» կարգախոսը, որով էլ կառաջնորդվի առաջիկա ընտրություններին: Դառնալով նախագահի թեկնածուների գաղափարախոսություններին, Կարապետիչն ասաց. «Դուք ինչ գաղափար եք ուզում նախկին կոմունիստներից: Դրանցից ում հարցնում ես՝ ասում է հրահանգիչ եմ եղել, դրանց որտեղի՞ց գաղափարախոսություն: Մինչդեռ ԺԿ գաղափարախոսությունն է՝ անցումային փուլից դուրս գալը, թե չէ արդեն 16 տարի խասյաթ ա դարձել այդ փուլը»: «Առավոտի» հարցին՝ ընտրություններում իր փո՞ղն է հաղթելու, թե՞ խելքը (նախորդ ասուլիսում ԺԿ նախագահն ասել էր, թե իր փողը խելքից շատ է), Տիգրան Կարապետյանը ընդհանուր պատասխանեց. «Փողը մեծ դեր կխաղա, որովհետեւ ժողովրդի մի մասը ակնկալում է, որ կվճարեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները այս գործոնը չօգտագործեին, ես շատ կզարմանայի»: Իսկ մեր դիտարկմանը դուք ասել էիք, որ Մարքսիստը փող չունի, ինչպե՞ս է առաջադրվելու, նա էլ ձեզ առաջարկել էր իր փոխարեն վճարել ընտրագրավը, Կարապետիչն ասաց. «Ես այդ մարդուն շատ եմ հարգում, բայց եթե փող չունի, ավելի լավ է տանը նստի ու թեյ խմի»: «Առավոտը» հետաքրքրվեց, եթե պրն Կարապետյանը դառնա ՀՀ նախագահ, կփակի՞ իրեն քննադատած թերթերն ու TV-ները: «Ես փակողներից չեմ, ես բացողներից եմ»,- ասաց նա: «Առավոտը» նաեւ հարցրեց Տ. Կարապետյանին՝ ինչո՞ւ չի իրագործում իր՝ նախագահի բոլոր թեկնածուներին «ԱԼՄ»-ում «կլոր սեղանի» շուրջ բանավիճելու որոշումը: «Երկու հոգի իրենց համաձայնությունը տվել են, բայց դեռ անուններ չեմ ասի»,- հայտնեց նա: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին էլ ասաց. «Լ. Տեր-Պետրոսյանը եւս կարող է առաջադրվել, նա էլ է ՀՀ քաղաքացի: Նա ուժեղ թեկնածու եւ հակառակորդ է: Սակայն ինձ մտահոգում է այն, որ նա առաջադրվում է, որովհետեւ իրեն խնդրել են, համոզել, իսկ միջազգային կառույցներն էլ «դաբրո» են տվել: Ես չեմ ասում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա իշխանություններից վատն է, բայց լավն էլ չէ: Չեմ բացառում, որ Տեր-Պետրոսյանը կարող է ինձ հետ հայտնվել երկրորդ փուլում, չնայած իշխանություններն ամեն ինչ կանեն, որ ընտրություններն ավարտվեն մեկ փուլով»:

«Առավոտը» փորձեց պարզել նաեւ այն, որ եթե Տիգրան Կարապետիչը չդառնա ՀՀ նախագահ, ապա ուրիշ ի՞նչ պաշտոն կցանկանա զբաղեցնել. «Կուզենայի դառնալ համաժողովրդական ավագանի, հաճույքով կաշխատեի Մարդու իրավունքների պաշտպան: Պատկերացրեք՝ ինչքա՜ն հաճելի է, երբ քեզ վստահում են՝ իրենց պաշտպանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել