Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք կարդալն ու սափրած գլուխը պարտադիր չեն

Դեկտեմբեր 01,2007 00:00

«Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահը՝ թիկնապահներին ներկայացվող պահանջների մասին:

«Կարեւոր չէ, որ թիկնապահը գիրք կարդա, հետո էլ մոռանա: Նա կարող է լսել ու միանգամից սովորել: Երբեմն թիկնապահների մասին ասում են, թե դեմքներից երեւում է, որ խելացի չեն։ Իրականում դա թյուր կարծիք է»,- «Առավոտին» ասաց «Սպիտակ արծիվ» թիկնապահական ակադեմիայի նախագահ Արսեն Դավիդյանը: Նա տեղեկացրեց, որ թիկնապահներ պատրաստող հաստատությունների թիվը Հայաստանում չի անցնում 10-ից: Հետո էլ մեր առջեւ բացեց որոշ գաղտնիքներ. «Մարդկանց թվում է, թե թիկնապահները ոչնչից տեղյակ չեն, սակայն նրանք ամեն ինչ էլ գիտեն: Իսկական թիկնապահը պիտի ծանոթ լինի իրավաբանությանը, էթիկայի կանոններին, հոգեբանության նրբություններին, որպեսզի տվյալ պահին իրավիճակը ճիշտ գնահատի։ Առաջին հերթին պիտի իրեն պաշտպանի, որ կարողանա փրկել նաեւ գործատուի կյանքը»:

Բացի իրավիճակը կառավարելուց, թիկնապահը պետք է «ֆորմայի մեջ» լինի հագուկապի առումով: Ըստ Ա. Դավիդյանի, ամենահարուստ զգեստապահարան ունեցող աղջիկներն անգամ չեն կարող մրցել պրոֆեսիոնալ թիկնապահների հետ. «Թիկնապահների հագուկապն այնպիսին պիտի լինի, կարծես միշտ նկարահանման են պատրաստվում: Կախված այն բանից, թե գործատուի հետ թիկնապահն ուր է գնում՝ նրա հագուստի ձեւերն էլ են փոխվում: Օրինակ՝ թատրոն, ռեստորան գնալիս՝ պիտի կոստյումով լինի, եթե գիտի, որ տվյալ օրվա աշխատանքի ընթացքում հնարավոր է անընդհատ վազքի մեջ լինի՝ պիտի սպորտային հագնվի: Նրանց կոշիկների տակ պիտի երկաթյա պարագաներ չլինեն, որ քայլելիս չընկնի ու բոլորը ծիծաղեն։ Թիկնապահները, որպես կանոն, իրենց մեքենայում միշտ մի քանի տեսակի հագուստ են ունենում՝ մի քանի զույգ կոշիկ, տարբեր տեսակի կոստյումներ, վերնաշապիկներ»:

Ա. Դավիդյանից հետաքրքրվեցինք՝ պարտադի՞ր է, որ թիկնապահները սափրագլուխ լինեն: Նա պատասխանեց. «Ոմանք կարծում են, որ թիկնապահների գլուխները պիտի սափրած լինեն, որպեսզի հակառակորդը չկարողանա մազերից բռնել: Բայց այդպիսի կանոն չկա եւ թիկնապահի մազերը կարող են անգամ երկար լինել, միայն ճակատային մասում պիտի կարճ լինեն, որ աչքերին չթափվեն ու խանգարեն»։

Աշխարհում թիկնապահական մի քանի ուղղություններ են ձեւավորվել՝ ամերիկյան, ռուսական, ասիական ու եվրոպական: Հայերը վերջինի հետեւորդն են: Ի տարբերություն ռուսականի, ըստ որի՝ հարկ եղած դեպքում թիկնապահը պիտի իր կյանքը զոհի գործատուի համար, եվրոպականն ավելի մեղմ է. թիկնապահը պարտավոր չէ իր կյանքը զոհել: Ասիական ուղղությունն աչքի է ընկնում բռնկունությամբ, եվրոպականը՝ համբերատարությամբ:

«Պրոֆեսիոնալ թիկնապահը իրավունք չունի աշխատանքի ժամանակ մարդկանց հետ խոսել, ուշադրությունը այլ բաներով շեղել, օրինակ՝ թափանցիկ շորերով աղջիկներին նայել: Սակայն հայ թիկնապահները երբեմն դրա համար իրենց հեռադիտակն էլ են օգտագործում ու խորանում: Նրանք երբեմն ոչ պատշաճ են հագնվում: Կոստյումի փոխարեն կիպ շապիկներ են կրում, իրենց մկանները ցուցադրում: Իսկ դա ընդունելի չէ, թիկնապահը պիտի զենք ու մկան ցույց չտա, դրանք քողարկի կոստյումով»,- նշեց Ա. Դավիդյանը: Նա նաեւ նկարագրեց, թե ինչպես են իրենց ակադեմիայում թիկնապահներ կրթում. «Սովորեցնում ենք իրավագիտություն, ռազմական հմտություններ, փոխադրամիջոցներ վարել: Նրանք պիտի լավ իմանան քաղաքական գործիչների, օլիգարխների անունները, անգամ հանրապետության մաֆիոզ խմբավորումներին»:

Ա. Դավիդյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե իրենց շրջանավարտները աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ ունենո՞ւմ են. «Ներկայումս մի քիչ լավացել է թիկնապահների գործը: Սակայն միջին աշխատավարձն է բավականին ցածր: Հայաստանում ամսական միջինը 150 հազար դրամ է վաստակում թիկնապահը, մինչդեռ արտասահմանում նրանց ամսական աշխատավարձը ամենաքիչը 1500-3000 եվրոյի է հասնում»: Ա. Դավիդյանին հարցրինք, թե մեր երկրում «ամենաթանկանոց» թիկնապահները ո՞ր գործչին կամ գործարարին են սպասարկում: «Առաջին տեղում ՀՀ նախագահի թիկնապահներն են, հետո վարչապետինն ու ԱԺ նախագահինը, հետո՝ մյուսներինը»,- պատասխանեց թիկնապահներ պատրաստող հաստատության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել