Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԴԱՍԱՄԻՋՈՑԻ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ

Դեկտեմբեր 01,2007 00:00

«Բյուրակն» կրթահամալիրի առանձնահատկությունները

\"\"Տղաները նկարում են իրենց հույզերը:

 

\"\"Փոքրիկ Սաթենիկը հետաքրքրված է շումերների պատմությամբ:

 

Վերջերս Հայաստան ժամանած ՌԴ ԿԳ նախարարության վերահսկողության դաշնային պետ Վիկտոր Բոլոտովը դրական արտահայտվեց Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրի մասին, այն որակելով առանձնահատուկ: Վ. Բոլոտովն ասաց, որ այդ դպրոցի փորձը օգտակար կլինի Ռուսաստանում կիրառելը: «Բյուրակն» կրթահամալիրում (Վահրամ Ղազարյան) աշակերտներն աշխատում են՝ սովորեցրու, որ սովորես, իսկ ուսուցիչները՝ բոլորն էլ կարող են գերազանց սովորել սկզբունքներով: Այստեղ կրթությունն իրականացվում է պետական ուսումնական ծրագրերին համապատասխան, սակայն ամեն սովորող յուրաքանչյուր առարկա յուրացնում է իր անհատական ծրագրով: Ընդ որում, ուսումնական գործընթացի մեջ ներգրավված են, առանց բացառության, բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր աշակերտ ամեն թեմայի հատկացնում է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ այն լրիվ յուրացնելու համար: «Բյուրակն» այցելելու հնարավորություն մեզ ընձեռեց կրթօջախի գիտական ղեկավար Մանուկ Մկրտչյանը: Այս դպրոցում սովորում է նաեւ ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող 2 երեխա: Նրանք ոչ մի անհարմարություն չեն զգում դպրոցում, քանի որ այստեղ բոլոր աշակերտներն են զույգերով աշխատում:

Ի տարբերություն սովորական հանրակրթական դպրոցների, «Բյուրակնում» զանգ եւ դասամիջոց գոյություն չունի: «Եթե երեխան հոգնում է՝ կարող է դուրս գալ: Ամեն ինչ այնպես է մտածված, որ մտավախություն չունենք, թե ինքը առիթից կօգտվի: Ինքնակառավարումն այնպիսի մակարդակի վրա է, որ հանգստանալուն պես երեխան գնում-շարունակում է իր դասը»,- տեղեկացրեց կրթահամալիրի գիտական ղեկավարը: Մեր այցելության պահին մի քանի աշակերտուհի միասին պարապում էին: Ուսուցիչներից Սուսաննա Սիսակյանն ասաց, որ Արփին խնդիրն ինքնուրույն է լուծել եւ հիմա բացատրում է Անիին: Եթե դժվարություններ առաջանան, այդ դեպքում ինքը կմիջամտի: «Մեր բակի երեխեքին պատմել եմ այս դպրոցի մասին: Շատ են զարմանում, ասում են՝ ինչի այդպիսի դպրոց կա՞: Նույնիսկ մեծ մարդիկ են զարմանում,- պատմում է Արփին, հետո էլ շարունակում,- չի եղել մի օր, որ չուզենամ դպրոց գնալ: Ուղղակի առավոտները դժվարանում եմ արթնանալ: Ժամը 3-ին եւ 4-ին աշակերտներին դպրոցից տուն տանող երթուղային կա: Միշտ ժամը 4-ին եմ տուն գնում, որովհետեւ 3-ից 4-ը դպրոցում խաղի ժամեր են, իսկ ես չեմ ուզում դրանք բաց թողնել»: Ուսուցիչներից մեկն էլ հայտնեց, որ գնահատական, որպես այդպիսին, այս դպրոցում գոյություն չունի: Աշակերտի անվան դիմաց ուղղակի «պլյուս» է նշանակվում, իսկ եթե կետ է դրված, ուրեմն երեխան դեռ աշխատում է առաջադրանքի վրա: Այս դպրոցի աշակերտների օրագրերում լրացված դասացուցակն էլ է յուրահատուկ՝ ռեֆլեքսիա, լող, հայոց պատմություն, աշխարհագրություն…

Դպրոցի միջին թեւի պատասխանատու Գոհար Դանիելյանն ասաց, որ ամեն առավոտ յուրաքանչյուրը տեղեկանում է իր անհատական դասացուցակին. «Ոչ մեկի դասացուցակը կախված չէ մյուսից: Օրինակ, եթե մեկը ռուսերենից ավելի շուտ է ազատվել՝ ի տարբերություն ուրիշների, գնում է հաջորդ դասին: Դասի կոնկրետ տեւողություն չկա, դա էլ պայմանավորված է նրանով, թե ինչքան ժամանակում է աշակերտն ավարտում իր անելիքը»:

Պրն Մկրտչյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում «ռեֆլեքսիան»: «Ռեֆլեքսիան ինքնաանդրադարձ է: Աշակերտները վերլուծում են՝ թե ինչ է կատարվել այդ օրը իրենց եւ շրջապատի հետ: Երեխան իրեն նայում է ուրիշի աչքերով, վերլուծում, թե ինչպես է վերաբերվել ուրիշներին»,- հայտնեց նա: Կրթահամալիրի գիտական ղեկավարը համոզված է, որ «Բյուրակնի» մոդելը հարմար է գյուղական վայրերի համար: Նա պարզաբանեց, որ իրենց դպրոցում կիրառվող մանկավարժական ուղղությունը վաղուց «փորձարկված» է՝ այն հաջողությամբ գործել է միջնադարում. «Այսօր հին եղանակը օգտագործվում է նոր խնդիրները լուծելու համար: Այն, ինչ այսօր անում ենք, փորձարկում չէ, այդկերպ կառուցում ենք կրթական հաստատության ներքին կարգի կազմակերպման նոր տեսակը, որտեղ երեխան հանդես է գալիս որպես սովորող, սովորեցնող եւ գործի կազմակերպող: Ամեն տարիքին համապատասխան չափով յուրաքանչյուրին տրված է ինքնուրույն կոորդինացնել սեփական աշխատանքը: Ինչ վերաբերում է ինքնավերլուծությանը, փոքր խմբերի բաժանված (մեզ մոտ դասարաններ չկան) նրանք նստում ու սկսում են խոսել մանկավարժի ներկայությամբ: Որպեսզի բացասական հույզերը կուտակվելով՝ չվերաճեն կոնֆլիկտի, հարկավոր է ամեն օր փոքր «դոզայով» դրանք քննարկել: Ամեն այդպիսի վերլուծությունից հետո դրանք վերանում են»: Պրն Մկրտչյանից նաեւ հետաքրքրվեցինք, այս դպրոցում մի՞թե հնարավոր չէ գլուխ պահել: «Այստեղ երեխային ձեռնտու է, որ իր կողքինը լավ սովորի, որովհետեւ հակառակ դեպքում իրեն վատ է սովորեցնելու: Երեխան երբ տեսնում է, որ ուրիշին պիտի բացատրի ու անհարմար դրության մեջ ընկնի, հաջորդ անգամ ավելի լավ է սովորում, որպեսզի երբ մեկին բացատրի, իր վրա չծիծաղեն,- ասաց նա եւ հավելեց,- իսկ գնահատականը անիմաստ բան է, մերոնք բոլորը գերազանցիկ են: Եթե մեկը 4-ի է պատասխանել, ո՞վ է խանգարում՝ գնա մի քիչ էլ պարապի՝ 5 ստանա: Սովորական դպրոցում աշակերտները պիտի միաժամանակ անցնեն հաջորդ թեմային, մեզ մոտ այդպես չէ»: Պրն Մկրտչյանը անդրադարձավ նաեւ աշակերտներին հանձնարարվող տնային աշխատանքին. «Սովորաբար տնային աշխատանքը ծնողի համար տանջանք է՝ ստիպված է դասերը պատրաստել երեխայի հետ: Իսկ մեր երեխաները այդ օրը ինչ սովորել են դպրոցում, նույնը պիտի սովորեցնեն նաեւ ծնողին: Դա է նրանց տնային աշխատանքը: Փաստորեն, նաեւ հանրակրթական լիկբեզ ենք իրականացնում: Եվ ծնողի համար էլ հաճույք է, որ երեխան իրեն սովորեցնում է եւ հիշեցնում իր դպրոցական տարիների անցածը»,- փաստում է Մ. Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել