Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐԸ՝ ԽՈՊԱՆՈՒՄ, ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՏԱՆԸ ԲԱՆՏՎԱԾ

Դեկտեմբեր 01,2007 00:00

Մարտունեցի երիտասարդների տխուր առօրյան

«Ամեն առավոտ ժամը ութին արթնանում եմ, տունը հավաքում, նախաճաշ պատրաստում: Հետո նորից եմ տունը մաքրում, հեռուստացույց դիտում: Էդ սերիալները փրկություն են, թե չէ՝ պարապությունից կխելագարվեի»,- այսպիսին է ոչ միայն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 22-ամյա բնակչուհի Հռիփսիմե Սամվելյանի առօրյան, այլեւ շատերինը: Մարտունիում չկան ժամանցի վայրեր: Գոյություն ունեցող մի քանի սրճարաններում տղաներն են ժամանակ «սպանում», իսկ աղջիկները ողջ օրը տանն են անցկացնում: Չկա թատրոն, կինո, զբոսայգի, համերգներ կազմակերպվում են առիթից առիթ: Շատերի համար ողջ օրը տանը փակված լինելուց խուսափելու միակ միջոցը որեւէ ուսումնական հաստատությունում սովորելն է:

«Ինչ Ռուսաստանից եկել եմ՝ ամբողջ օրը պարապ փողոցներն եմ չափչփում, զբաղմունք չկա: Հիմա գոնե ցերեկները քոլեջ եմ գնում, դա պարապ ֆռֆռալուց հազար անգամ լավ ա»,- ասում է Մարտունու պետական հումանիտար քոլեջի ուսանող Արկադի Արշակյանը:

Ավարտելուց հետո աշխատանքը շատերի համար մնում է անիրագործելի երազանք:

Ըստ Մարտունու պետական հումանիտար քոլեջի տնօրեն Մարտին Խլղաթյանի, տարեկան 80-100 շրջանավարտից լավագույն դեպքում աշխատանք է գտնում 10-ը, որից միայն 1-2-ը՝ իր մասնագիտությամբ:

Թե մարտունեցի երիտասարդների քանի տոկոսն է գործազուրկ, պարզ չէ: Սակայն Մարտունու զբաղվածության կենտրոնում գրանցված է 236-ը: Զբաղվածության կենտրոնի միջոցով տարվա ընթացքում աշխատանք է գտնում դիմողների 8%-ը: Ըստ Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Արայիկ Թարփոշյանի, կենտրոնն ավելի արդյունավետ կաշխատի, եթե գործատուն գիտակցի, որ իրեն որակյալ մասնագետներ են պետք, ոչ թե իր ոչ մասնագետ բարեկամներին տեղավորի աշխատանքի ու այդ պատճառով քիչ շահույթ ստանա:

Աշխատատեղերի բացակայությունը դառնում է արտագաղթի հիմնական պատճառ: Եվ մարտունեցի ուսանողներից շատերն իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, քանի որ համոզված են, որ այստեղ աշխատանք չեն գտնի:

Իրենց դրությունից դժգոհում են նաեւ աշխատող երիտասարդները: «Էդքան աշխատում ենք, երկու կոպեկ աշխատավարձ ենք ստանում, բայց էդ էլ չենք կարող վայելել: Նորմալ շոր ու կոշիկ էլ չեն ծախում: Մարտունի բերում են էն ապրանքը, ինչը Երեւանում ոչ ոք չի գնում»,- ասում է Արփինե Ավետիսյանը:

38-ամյա Ռուզաննա Մնացականյանը, համեմատելով այսօրվա երիտասարդության առօրյան իրենց ժամանակի հետ, եզրակացնում է, որ հիմա երիտասարդները կյանք չեն տեսնում. «Նրանք անասուն են պահում, տնային գործեր կատարում: Ո՛չ նորմալ աշխատանք կա, ո՛չ ժամանց: Դրա համար էլ տղաները խոպան են գնում, աղջիկները՝ բանտարկվում տանը»:

Մեզ հետ զրույցում երիտասարդները նշում էին, որ հետաքրքիր ժամանցի համար ցանկալի կլիներ կազմակերպվեին կինոդիտումներ, համերգներ, հիմնվեր բարեկարգ զբոսայգի: Ախր սեփական նախաձեռնությամբ՝ երգիչներ հազվադեպ են Մարտունի գալիս, կոնկրետ կազմակերպություններ էլ տեղում չկան, որպեսզի նրանց հրավիրեն:

«Երիտասարդության առօրյան արտակարգ լավ է կազմակերպվում»,- իր հերթին հավաստիացնում է Մարտունու քաղաքապետարանի սոցիալական եւ ընդհանուր հարցերի բաժնի պետ Պապին Եղոյանը: Իսկ եղած միակ զբոսայգու անուշադրության մատնված լինելը այսպես է բացատրում. «Ես հո բահ չեմ առնի՝ գնամ այգին մշակեմ: Երիտասարդներն իրենք պիտի գիտակցեն, որ այգին պետք է խնամեն, աղբ չթափեն, բույսերն էլ չտրորեն»:

Ցավոք, մարտունեցի երիտասարդներին հաճախ պակասում է ոգեւորությունը, խոսքը գործի վերածելու վճռականությունը: Նրանք գիտակցում են, որ իրենք էլ կարող են միջոցառումներ, հավաքույթներ կազմակերպել, պարզապես նախաձեռնելու ցանկություն չկա: «Ո՞վ հավես ունի զուր տեղը գլուխ ցավեցնի, մեկ ա, վերջում բան էլ դուրս չի գա: Էսպես էլ ապրում ենք, էլի»,- կարծում է 19-ամյա Աննա Մարտիրոսյանը:

Երիտասարդները դժգոհում են նաեւ, որ չկա անգամ սիրահարների հանդիպման վայր:

«Միակ տեղը, ուր կարող ես ընկերուհուդ հանդիպել՝ Կազարի կաֆեն է ու բուլվարը (զբոսայգին), բայց հաջորդ օրը էդ դառնում է բամբասանքի թեմա: Ստիպված հեռախոսով ենք շփվում, կամ երբ ընկերուհիս խանութ է գնում, իբրեւ պատահաբար հանդիպած, միանում եմ նրան: Իսկ եթե խանութում հերթ է լինում, դա իսկական երջանկություն է»,- ասում է Հակոբ Սամվելյանը:

Մարտունեցի երիտասարդներից քչերն են թերթ կարդում: Հարցման ենթարկված 50 երիտասարդից՝ 25-ը նախընտրում է երիտասարդական ամսագրեր, ժամանցային թերթեր, որովհետեւ կրպակներում միայն դրանք են վաճառվում: Իսկ այլ թերթեր կարելի է գնել փոստից, որտեղ ստանում են հետեւյալ քանակությամբ՝

«Առավոտ»՝ 9 օրինակ, «Հայկական ժամանակ»՝ 5, «Հայաստանի Հանրապետություն»՝ 1, «Իրավունք»՝ 13, «Եթեր»՝ 160, «TV ալիք»՝ 133, խաչբառեր՝ 50: Ըստ փոստատար Կորյուն Ադիլխանյանի, սրանք էլ լավ չեն վաճառվում: Թերթերն ամբողջությամբ սպառվում են միայն ձմռանը, երբ արտագնա աշխատանքից տղամարդիկ տուն են վերադառնում: Տարվա մյուս եղանակներին կանայք հանդերում են լինում, այնպես որ՝ թերթ կարդացողները քիչ են լինում:

Ներկայումս ինտերնետն իր բազմազան հնարավորություններով մարդու կյանքի անբաժան մասն է կազմում: Սակայն մարտունեցի երիտասարդները ինտերնետի միայն մեկ առավելությունն են գիտակցում ու օգտագործում. ծանոթություն հաստատել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց հետ: Մեր հարցախույզի միջոցով պարզեցինք, որ 50 երիտասարդից միայն տասն է երբեմն-երբեմն օգտվում ինտերնետից: «Դե, չաթով աղջկերքի հետ եմ խոսում: Բոլորն էլ ազատ խոսում են, իսկ մեզ մոտ ում մոտենում ես՝ թողնում-փախչում են»,- ասում է ուսանող Վաղինակը: Շատերը ինտերնետից չեն կարող օգտվել համակարգչին չտիրապետելու պատճառով: «Երիտասարդներ քիչ են գալիս, գալուց էլ ընդամենը 15-20 րոպե են նստում: Երբեմն էլ ուսանողներ են գալիս՝ կուրսային կամ ռեֆերատ գտնելու հույսով»,- ասում է Մարտունու թիվ 2 դպրոցում գործող ինտերնետային կենտրոնի աշխատակից Էլմիրա Խաչատրյանը: Երբեմն էլ երիտասարդները այստեղ համակարգչային դասընթացների են գալիս: Սակայն, ըստ տիկին Խաչատրյանի, նրանք այնքան անվճարունակ են, որ դասընթացների գալիս են միայն այն դեպքում, երբ որեւէ աշխատանք գտնելու հույս է լինում: Օրինակ՝ 25-ամյա Աննա Ոսկանյանը համակարգչային դասընթացների է հաճախում, քանի որ խոստացել են աշխատանքի տեղավորել համակարգչին լավ տիրապետելու դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել