Ասում են հարեւան գյուղերի դպրոցի տնօրենները, բայց իրենց գործողությունները հակառակն են ապացուցում
ակն են«Առավոտը» անդրադարձել էր Արմավիրի մարզի Ծիածան-Հովտամեջ գյուղերի դպրոցների «սառը պատերազմին», որի մեջ մեղքի բաժին ունի նաեւ Արմավիրի մարզպետարանը: Հիշեցնենք, որ Հովտամեջ գյուղը տարիներ շարունակ դպրոց չի ունեցել, եւ գյուղի աշակերտները հաճախել են հարեւան Ծիածան գյուղի դպրոց: Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի պաշտոնավարության տարիներին Հովտամեջում դպրոց կառուցելու որոշում էր կայացվել: Այն կառավարության կողմից «ճանաչել տալու» եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումները պարոն Հերոյանը ժամանակին չէր արել: Փաստաթղթերի ձեւակերպումների եւ դպրոցի օրինականացման համար ամիսներ էին պահանջվում եւ այդ հաշվարկով էլ դպրոցի պաշտոնական բացումը նախատեսվել էր սեպտեմբերի 26-ին, սակայն ներկայիս մարզպետ Աշոտ Ղահրամանյանի սխալ հաշվարկներն էլ իրենց հերթին մի քանի ամիս լարված եւ «ճամպրուկային» տրամադրության մեջ պահեցին աշակերտներին ու ուսուցիչներին՝ նրանք ամեն պահ սպասում էին նոր դպրոց տեղափոխվելուն: Երբ դպրոցի բացման համար անհրաժեշտ ձեւակերպումներն արդեն վերջապես արված էին ու հաշված օրեր էին մնում սեպտեմբերի 26-ին՝ հովտամեջցի աշակերտներին տեղափոխել իրենց դպրոց, հիմա էլ պարզվեց, որ լուծված չէ կահույքի հարցը եւ դպրոցի բացումը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 30-ը: Այժմ էլ պաշտոնական բացումը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի կեսերը, քանի որ ակնկալվում է վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
«Այս պայմաններում դպրոց բացելը մեծ բան է, Ծիածանի ուսուցիչները սրերով ընդունելու փոխարեն, պիտի պատվով ու հպարտությամբ վերաբերվեն կառավարության որոշմանը եւ գիտակցաբար՝ նորաբաց դպրոցին»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Հովտամեջի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մանյա Դանիելյանը (տնօրեն ընտրելու համար դպրոցում խորհուրդները դեռեւս ձեւավորված չեն- Գ. Բ.): Ապա ավելացրեց. «Բնական եմ համարում, որ ուսուցիչների դրույքաչափերի փոփոխություն եղավ եւ սոցիալական պայմաններից ելնելով՝ ոմանք դժգոհեցին»: Տիկին Դանիելյանը հերքեց այն խոսակցությունները, թե իր ու Ծիածանի դպրոցի տնօրեն Վալերիկ Բաբայանի հարաբերությունները լարված են. «Մեր հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանի կրթության վարչությունում՝ շատ ջերմ պայմաններում: Հենց առաջին օրվանից փորձել ենք իրար աջակցել: Ծիածանի դպրոցից ոչ թե լացուկոծով երեխաներին ճանապարհեցին, այլ իմ հրավերով տնօրենն անձամբ երեխաներին բերեց մեր դպրոց, դասարաններով շրջեց եւ նույնիսկ գովեց»: Մ. Դանիելյանի խոսքերով, ուսուցչական կոլեկտիվի հետ ցանկացած հնարավորն ու անհնարինն անում են, որ երեխաները անհարմարություն չզգան. «Նույնիսկ ամեն դասարանում ծրարներ եմ փակցրել, որպեսզի աշակերտներն իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն ունենան, ես իրենց ասել եմ՝ թեկուզ անանուն նամակ գրեք, ինչից եք դժգոհ: Ամեն առավոտ դասարաններով շրջում եմ ու ծրարները ստուգում, դեռ ինձ հասցեագրված նամակ չեմ գտել»: Աշակերտների սիրտը «շահելու» համար առաջիկայում որոշել են նաեւ դպրոցի ներսում պետություն հիմնել՝ աշակերտական նախագահով, նախարարներով, պատգամավորներով ու դատավորներով: «Ես միշտ պատրաստ եմ կանգնել մեր աշակերտական դատարանի առջեւ, եթե ինձ կանչեն պատասխանատվության»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը:
Վալերիկ Բաբայանը երկու դպրոցների բարիդրացիական հարաբերությունների մասին այսպես արտահայտվեց. «Մեր դպրոց երեք գյուղից էին սովորելու գալիս, ուրախ կլինենք, որ Ծաղկունքն էլ իր սեփական դպրոցն ունենա, ու երեխաներն այնտեղ կհաճախեն, մենք թշնամական հարաբերություններ չունենք ոչ մեկի հետ»: Թեեւ Վ. Բաբայանը բարի մաղթանքներով ամեն կերպ փորձում էր «ձեւական կողմը» պահել, սակայն նրա քայլերն այլ բան են ապացուցում: Բանն այն է, որ մարզպետարանի կրթության վարչության պետի որոշմամբ՝ Ծիածանի երկու ուսուցիչներ գործուղվել էին Հովտամեջի դպրոց, սակայն մի քանի օր անց, չգիտես ինչու, փոշմանել են ու վերադարձել Ծիածան, տնօրենն էլ նրանց սիրով ետ է ընդունել՝ այն դեպքում, երբ Հովտամեջում այդ ուսուցիչների կարիքը կար: «Բա ուսուցիչներից հո չէինք հրաժարվելու, մենք էլ ունենք նրանց կարիքը, մեկը մաթեմատիկայի ուսուցիչ է, մյուսն էլ դասվար է, նրանք համաձայնել են թեկուզ ցածր աշխատավարձով միայն մեզ մոտ աշխատել, նրանք փոխարինում են ֆիզարձակուրդ գնացած ուսուցիչներին, թե ինչու նրանք այդ քայլին գնացին՝ չեմ կարող ասել»,- արդարացավ տնօրենը: Թե ետ գնալու համար ուսուցիչներն ում հետ են «լեզու» գտել՝ կիմանա միայն մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը: