Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՈՒ ԿԱՏԱԿԵՑԻՆ

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"Ռուսաստանցի արվեստագետները ԵՊՀ-ում պատմեցին իրենց «հայկական» հուշերը

Երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպեցին ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պյատրովսկին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան Իգոր Կոստոլեւսկին, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը եւ այլք: Հանդիպումը վարում էր Մ. Շվիդկոյը, որն անընդհատ հետաքրքիր դիտարկումներ եւ կատակներ էր հնչեցնում: «Իմ գործընկերները երբեք առավոտյան 10:30-ին չէին գնա Մոսկվայի պետական համալսարան: Բայց այսօր ժ. 6-ին ժամանել ենք Հայաստան ու միանգամից եկել ԵՊՀ: Տեսեք, թե ինչքան կարեւոր է մշակույթի դերը մեր կյանքում, որ եկել ենք այդ մասին ուսանողներին ասելու»,- կես կատակ- կես լուրջ խոսքը սկսեց Մ. Շվիդկոյը: Ռեկտորատի որոշմամբ նա պարգեւատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով, իսկ մյուս հյուրերը՝ հայկական գորգերի մետաքսագործ կտավներով: «Հայ-ռուսական հարաբերությունները թե մշակութային, թե այլ ոլորտներում թանկ են մեզ համար, ոչ թե նրա համար, որ թանկ են ավիատոմսերը, այլ այն պատճառով, որ կա համագործակցելու կենսական անհրաժեշտություն: Օրինակ՝ եթե ռուս մտավորականը չի կարդացել Հրանտ Մաթեւոսյանի եւ Զորի Բալայանի ստեղծագործությունները, էլ չեմ խոսում դասականների մասին, նա կյանքի մասին ամբողջական պատկերացում ունենալ չի կարող»,- կարծում է Մ. Շվիդկոյը: Մ. Պյատրովսկին էլ, որ ծնվել եւ որոշ ժամանակ ապրել է ՀՀ-ում, խոսեց լեզվաիմացության կարեւորության մասին. «Լավ հասկանում եմ հայերեն, այդ լեզուն մանուկ ժամանակ փողոցից եմ սովորել: Սակայն միշտ հիացել եմ, երբ հայ մտավորականները ռուսերեն են խոսել, քանի որ նրանք այդ լեզուն ոչ թե փողոցում են սովորել, այլ Չեխովի, Տոլստոյի ստեղծագործությունների միջոցով»: «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոռեժիսոր Վիկտոր Լոշակն էլ ասաց. «2 տարի ծառայել եմ հայկական բանակում՝ որպես սահմանապահ: Երեւանն ինձ համար աշխարհի լավագույն քաղաքն է՝ իր գեղեցիկ աղջիկներով»: Ի. Կոստոլեւսկին կարճ խոսեց. «Փոքր ժամանակ ես ծույլ էի, բայց ծնողներս կարծում էին, որ անպայման պիտի երաժշտական կրթություն ստանամ: Ուսուցիչս՝ Գրիգորի Ներսեսովիչը, մի անգամ ինձ անվանեց բուրժուական երեխա, եւ այլեւս չեկավ մեր տուն՝ ինձ դասեր տալու»:

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման վերջում ելույթ ունեցավ Ա. Ջիգարխանյանը: Արվեստագետին ներկայացնելիս՝ Մ. Շվիդկոյը կատակեց, թե նրան «զակուսկա» են թողել՝ որպես հայ-ռուսական մշակութային բարեկամության լավագույն օրինակ: «Իհարկե, դեռ հուշարձան չէ, բայց մոտ է դրան»,- ասաց Մ. Շվիդկոյը: «Ես հայ եմ եւ շատ լավ գիտեմ հայերեն: Սակայն այստեղ կան ազգային փոքրամասնություններ, որոնք չեն հասկանում հայերեն, դրա համար կխոսեմ ռուսերեն: Վաղուց երազում եմ գալ Երեւան՝ իմ ղեկավարած թատրոնի հետ, հյուրախաղերի: Հուզված եմ, հիմա նայում եմ ձեզ ու մտածում, որ հայտնվել եմ այն մեծերի վիճակում, որոնք դառնալով 80 տարեկան, ասում էին, թե ուր են իրենց 75 տարիները»,- հուզվեց Ջիգարխանյանը:

Մի ուսանողուհի ռուս մշակույթի գործիչներից հետաքրքրվեց, թե ինչպես են ՌԴ-ում պայքարում ցածրորակ «մշակույթի» դեմ: «Այժմ արվեստը զվարճանքի մի մասն է կազմում: Ցավոք, ՌԴ-ի կրթական հաստատություններում հումանիտար առարկաների դասերը պակասում են, հիմնական ուշադրությունը բնական գիտություններին է հատկացվում»,- ասաց Մ. Շվիդկոյը: Ուսանողներից մեկը Ա. Ջիգարխանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իր հարցազրույցներից մեկում ասել, որ ամեն անգամ Հայաստան գալիս տխրում է: «Երբ հասնես իմ տարիքին, կհասկանաս, թե ինչու եմ տխրում: Ու ինչպես Պուշկինն է ասել՝ իմ տխրությունը լուսավոր է»,- հնչեց պատասխանը:

Հանդիպման վերջում «Առավոտը» Մ. Շվիդկոյից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած հանրապետություններում մշակույթը այնպես չզարգացավ, ինչպես շատերն էին սպասում, թեեւ կապերն ավելի սերտ են Եվրոպայի հետ: «ԽՍՀՄ-ի կազմում ապրելիս շատերը ինչ-ինչ իլյուզիաներ ունեին, օրինակ՝ մտածում էին, որ երբ վերանա տոտալիտար այդ համակարգը, մշակութային գործիչները կկարողանան ինքնադրսեւորվել աշխարհում: Իրականում յուրաքանչյուր ազգ ինքը պիտի ծաղկեցնի իր մշակույթը: Ապրում ենք 21-րդ դարում եւ գործ ունենք մասսայական կոսմոպոլիտ մշակույթի հետ, որը ամենեւին էլ բարձր որակ չունի: Կարծում եմ, իշխանություններն էլ այս մասին պիտի մտածեն եւ ավելի շատ ներդրումներ կատարեն մշակույթի ոլորտում»,- պատասխանեց Մ. Շվիդկոյը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել