Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակին հեռացրել են

Դեկտեմբեր 01,2007 00:00

«Ազգային վերածնունդում» ՀՌԱԿ դառնալու համար ջանքեր չեն խնայում

«Ազգային վերածնունդ» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպությունը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին կուսակցությունից հեռացնելու մասին: Որոշման մասին հայտնի դարձավ երեկ, երբ Վ. Հարությունյանը հայտարարեց, թե կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել, ուստի դեկտեմբերի 5-ին կայանալիք համագումարը անօրինական է: «Առավոտի» հետ զրույցում Ալբերտ Բազեյանը պարզաբանեց, որ կուսակցության քաղխորհուրդը նոյեմբերի 2-ին հրավիրած նիստում գործել է իր իրավասության շրջանակներում. «Քաղխորհուրդն ունի ութ անդամ: Հունան Մազմանյանը դեռ մեկ տարի առաջ էր հեռացվել՝ գնացել էր անօրինական գործարքների, Վաղարշակն էլ հովանավորում էր նրան. ասեցինք՝ սուս ու փուս դիմումդ գրի՝ գնա: Երկու անդամներ չեն մասնակցել: Հինգ անդամներով քաղխորհուրդը իրավասու է որոշումներ կայացնելու»: Նա տեղեկացրեց, որ կուսակցության՝ նոյեմբերի 5-ի որոշումներով կուսակցությունից հեռացվել են նաեւ Աշտարակի կառույցի ղեկավար Սիմոն Գրիգորյանը եւ Էջմիածնի կառույցի ղեկավար Թոռնիկ Թումանյանը, ովքեր Վաղարշակ Հարությունյանի համախոհներն էին, եւ այդ կառույցներն այժմ վերակազմավորման փուլում են: Այդ կառույցների պատվիրակները՝ համապատասխան քվոտաներով, նույնպես կմասնակցեն համագումարին:

ԱՎ-ում հակասությունները սկսվեցին ԱԺ ընտրություններից հետո, երբ Ալբերտ Բազեյանը կուսակիցներին առաջարկել է լուծարվել եւ միաձուլվել այլ կուսակցության, մասնավորաբար՝ ՀՌԱԿ-ին, քանզի գտնում է, որ անիմաստ է ինքնանպատակ գործել, հատկապես, որ գաղափարական տարաձայնություններ գրեթե չկան: Մինչեւ ՀՌԱԿ-ին միավորվելու որոշումը, Բազեյանն առաջարկել է «Դաշինքին» կամ «Ժառանգությանը» միավորվել. «Բայց իրենք ասում էին՝ չէ՜, մենք, մերը… Ինձ խնդիր էին տալիս առանց բանալու. նախագահականին մեր թեկնածուով մասնակցենք, գյուղեր գնանք, ակտիվանանք… Գյուղեր գնանք՝ ի՞նչ անենք: ԱԺ ընտրություններն իբրեւ հորով-մորով արեցի՞նք, հիմա էլ գնանք ասենք՝ նախագահի թեկնածո՞ւ ենք առաջադրում: Ես փորձում էի բացատրել, որ դեռ շանս կա, ընդդիմությունը գուցե միավորվի, մենք մտնենք՝ ջո՞ւր պղտորենք»:

Իր հերթին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Վաղարշակ Հարությունյանը պնդեց, որ համագումարի մասին մամուլում տպագրված հայտարարությունը կեղծ է, հետեւաբար, այդպիսի համագումար տեղի չի ունենա: «Դա կլինի հավաք, եւ այդ որոշումները պետական մարմինների համար կլինեն հակաօրինական ու չեն ընդունվի: Իրենք կարող են քննարկել տարբեր հարցեր, բայց կուսակցության անունից հայտարարություն չեն կարող անել: Որպես անձեր՝ ինչ ուզեն, կարող են հայտարարել»: Ի պատասխան՝ Ալբերտ Բազեյանն «Առավոտին» ասաց. «Համագումարը տեղի է ունենալու, որտեղ էլ վերջնական որոշումը կկայացվի: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ փոքրամասնությունը պիտի ենթարկվի մեծամասնության կամքին կամ էլ՝ հեռանա կուսակցությունից, ինչպես մենք արեցինք «Հանրապետության» դեպքում: Բայց մենք հեռացանք սուս ու փուս, արժանապատվորեն, ոչ թե…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել