Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԴԻՆ» ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹՈՇԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"45 տարվա «ստաժ ունեցող» նախկին դատապարտյալ Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գրառումներից

Կոմունիստական «պայծառ» գաղափարի համաձայն, եթե նախկինում դատապարտված ես եղել, ուրեմն, թեկուզ չնչին զանցանքի դեպքում, անպայման կհայտնվես բանտում: Այդ գաղափարի «տարածմանը» արժանացա ես: Դատեցին, տարան կայարան ու 1905թ. ներքին գործերի նախարարի հնարած ու հենց իր անունով կոչված Ստոլիպինի վագոնով տեղափոխեցին Ղափան (Կապան), որտեղից էլ Օխչի գյուղ՝ «Վորոնոկով», որտեղ խիստ ռեժիմային գաղութն էր, իսկ հենց կողքին էլ մոլիբդենի կոմբինատը: Մինչեւ գաղութ մտնելը, հերթապահությունում (վախտա) օպեր մասի պետի մասնակցությամբ մշակեցին այնպես, որ կորցրի գիտակցությունս: Հանցանքս այն էր, որ թեւի ժապավեն չէի կապել: Այդպես էր կոմունիստ չեկիստների կարգն ու կանոնը: Օպերը հայտարարեց. «Մեզ մոտ այսպես է կարգը, ծեծ, ծեծ եւ ծեծ»: Էսէսական դիրք ընդունելով, ոտքերը չռած, կաշվե ձեռնոցը հագած մի ձեռքին, մյուսը հանած՝ հարվածում էին ինձ: Ուշագնաց տարան կարցեր: Մի շաբաթում մի քիչ կազդուրվեցի, երեսիս կապտուկներն անցան եւ երբ տասը օրը լրացավ, թողեցին զոն: Մյուս օրը տարան աշխատանքի: Հիմա պատմեմ, թե դա ինչ աշխատանք էր: Մոլիբդենի կոմբինատ՝ կոնցենտրատ բերող մեքենաների ճամփան շատ վատն էր, այսինքն՝ այնքան նեղ էր, որ եթե մի փոքր անփորձ վարորդ էր լինում՝ մեքենայով շուռ էին գալիս Օխչի գետը: Եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը մի երկու-երեք անգամ կրկնվում էր այդ ողբերգությունը: Հետեւաբար, կառավարությունը ստիպված էր կալանավորներին պարտադրել սարը ճեղքել եւ ապահով ճանապարհ պատրաստել:

Չկար տեխնիկա, միակ միջոցը քլունգը, բահը, լինգն ու ձեռնասայլակն էր: Դե, սարը պետք է ճեղքել, հարթեցնել: Դրա համար ամեն մի կալանավորի նորմա էր տրվում՝ երկու մետր խորություն, մեկ մետր լայնություն եւ երեք մետր երկարություն: Տղա ես՝ դիմացիր… Այդ բոլորի դիմաց ստանում էինք 40-50 ռուբլի, որի 50%-ը տնօրինում էր պետությունը: Կալանավորին պատկանելիք կեսից պահում էին եկամտահարկ, դե, տակն էլ ինչ մնար, կեսը սննդի, հագուստի համար էին պահում:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի բացման օրը շնորհավորեց շինարարներին եւ կատարվածն անվանեց «ֆանտաստիկ», այն էլ այս՝ տեխնիկայի ամենահզոր, ամենաբարձր պայմաններում: Իսկ այն ճանապարհը, որը տանում էր Դավիթ-Բեկի ապարանքը (Բերդը), մենք ձեռքերով հարթեցինք, եւ այդ մասին ոչինչ չի հիշվում, ոչ մեկը չգիտի…

Ի՞նչ է, կալանավոր եմ եղել, մա՞րդ չեմ եղել, իմ երկրի, իմ ժողովրդի համար չե՞մ տանջվել… Հասկանալի է, ժամանակներն են այդպիսին եղել: Եթե դա օրինաչափություն է, ուրեմն իմ հանցագործ դառնալն էլ է կապված ժամանակների հետ: Տասնյակ տարիների կրածս տանջանքների ու վիրավորանքների արդյունքում ինձ մոտ առաջացել են բազում հիվանդություններ, սակայն ոչ ծերության, ոչ հաշմանդամության եւ ոչ էլ աշխատանքային ստաժ է համարվում իմ քառասուն տարվա տաժանակիր աշխատանքները:

Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը ներկայումս գտնվում է Նորքի ծերանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել