Լրահոս
Օրվա լրահոսը

«Շները մարդկանցից շատ են»

Դեկտեմբեր 01,2007 00:00

Կենտրոն համայնքում շներն արդեն ոհմակներով են շրջում

Շուրջ երկու տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող շների դեմ լուրջ պայքար է սկսել: Չնայած քաղաքապետարանի ենթակայությամբ այժմ գործում է մրցույթով անցած շուն հավաքող երկու կազմակերպություն՝ «Դամի-Արգ» եւ «Յունի գրաֆ», այնուամենայնիվ, մայրաքաղաքից թափառող շները չեն պակասում: Օրերս «Առավոտին» էին դիմել Տերյան 25 հասցեի եւ նորակառույց Հյուսիսային պողոտայի մի խումբ բնակիչներ՝ դժգոհելով, որ իրենց թաղամասերում «թափառող շները մարդկանցից շատ են»: Նրանց ներկայացմամբ, բացի այն, որ մարդիկ ամիսներով արթուն գիշերներ են անցկացնում շների հաչոցների պատճառով, գազազած կենդանիներն անգամ ցերեկը շրջում են ոհմակով ու հարձակվում անցորդների վրա:

«Մարդիկ չեն կարողանում դպրոց, աշխատանքի գնալ: Նույնիսկ կողքի մուտք չենք կարողանում գնալ: Քաղաքի կենտրոնում ենք ապրում, բայց շների պատճառով 2 քայլի համար նույնիսկ ստիպված ենք լինում մոտակա վայրերն էլ, հատկապես ուշ ժամերին, տաքսիով գնալ-գալ, քանի որ հնարավոր չէ մուտքին մոտենալ: Շատ հաճախ էլ նրանք հենց մուտքերում են գիշերում»,- պատմեցին բնակիչները: Նրանց խոսքերով, շներից ազատվելու համար դիմել են Կենտրոն համայնքի թաղապետարան, սակայն համայնքի պատասխանատուները հայտնել են, որ թափառող կենդանիների հարցով զբաղվում է քաղաքապետարանը: Ամիսներ շարունակ, Կենտրոնի բնակիչների ահազանգերին ի պատասխան, շուն հավաքող կազմակերպություններից վստահեցրել են, որ երկու օրից տարածքի շներին կհավաքեն, սակայն, բնակիչների խոսքերով, արդեն մի քանի շաբաթ է անցել, բայց շուն հավաքողներն այդպես էլ չեն երեւացել:

Երեկ քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ կենտրոնում թափառող շներ չկան, եւ որ այդ տարածքի շները պատկանում են Հյուսիսային պողոտայի շինարարությունը հսկող պահակներին. «Մի քանի օր առաջ 6 շուն տարել ենք եւ պահակներին զգուշացրել, որ իրենց մնացած շներին կապած պահեն: Շինարարությունը կվերջացնեն՝ իրենց կենդանիներին կտանեն»: Բնակիչների խոսքերով, պողոտայի որոշ հատվածներում շինաշխատանքները վաղուց ավարտվել են, սակայն շները մնացել են:

Նշենք, որ այս տարի քաղաքապետարանը մի նորամուծություն էր արել. մայրաքաղաքի թափառող կենդանիների հարցը վերջնականապես լուծելու համար թաղապետարաններին թույլ էր տվել, քաղաքապետարանից անկախ, մրցույթ հայտարարել: Որ կազմակերպությունը մրցույթում հաղթեր, նա էլ թաղապետարանի միջոցների հաշվին պետք է տվյալ համայնքի շներին հավաքեր: Մրցույթին կարող էին մասնակցել նույնիսկ օտարերկրյա կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Կենտրոնի թաղապետարանն առաջինն էր, որ «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն, մրցույթ հայտարարեց, սակայն անցել է գրեթե մեկ տարի, բայց ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել մասնակցելու թաղապետարանի հայտարարած մրցույթին: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նաեւ Կենտրոն թաղապետարանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել