Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ԳԱԼԱՅԻՆ» ՎՌՆԴՈՒՄ Է

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ակտիվ աշխատում է Գյումրիի «Գալա» անկախ հեռուստաալիքը փակելու ուղղությամբ:

ՀՀ իշխանությունները, պարզվում է, գտել են «Գալա» հեռուստաալիքը փակելու «օպտիմալ» տարբերակը: Ինչը ծրագրել են իրականացնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թեթեւ ձեռքով»: Քաղաքապետն էլ իշխանություններին իր հավատարմությունն ապացուցելու համար, մեծ հաճույքով համաձայնել է: Վ. Ղուկասյանն օրերս դատի է տվել «Գալայի» սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ին՝ պահանջելով հեռուստաընկերության սարքավորումները հանել հին հեռուստաաշտարակի տարածքից: Նշենք, որ մոտ 30 տարի այս հեռուստաաշտարակը եղել է լքված ու անտեր տարածք եւ ոչ ոք ցանկություն չի հայտնել տեր կանգնել խարխլված կառույցին: Մեզ հետ զրույցում «Գալայի» սեփականատեր Վահան Խաչատրյանը պատմեց, որ հեռուստաընկերության աշխատանքը սկսելիս երկար ժամանակ որոնել է աշտարակի տիրոջը՝ նրա հետ պայմանագիր կնքելու համար: Շիրակի մարզպետարան, Գյումրիի քաղաքապետարան, անգամ արխիվ դիմելուց ու փաստացի տիրոջը չգտնելուց հետո, սեփական միջոցներով վերանորոգել է թալանված աշտարակը՝ այն ծառայեցնելով հաղորդումների հեռարձակմանը: Սակայն հեռուստաընկերությունում հարկայինի կողմից ստուգումներ անցկացնելու պահին, չգիտես ինչ զուգադիպությամբ, հայտնվել է հեռուստաաշտարակի տերը՝ Գյումրիի քաղաքապետարանը, որն էլ կայծակնային արագությամբ սեփականության վկայական հանելուց հետո՝ հեռուստաընկերության առաջ պահանջ է դրել տարածքից դուրս գալ:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասուլիս էր հրավիրել՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կոչ անելով հեռու մնալ «ստոր ու անպատվաբեր» խաղերից. «Ինչո՞ւ այսքան հրատապ կարիք եղավ գրանցել քաղաքի սեփականության իրավունքը պետական կադաստրում: Ինչո՞ւ այդքան հրատապ կարիք ծնվեց աշտարակը անտենայից ու մալուխից ազատելու: Այս հարցերի պատասխանները, իմ խորին համոզմամբ, քաղաքի շահերից չեն բխում: Քաղաքը ձայների մեծամասնությամբ ձեզ ընտրել է քաղաքապետ՝ համոզված լինելով, որ ձեր բոլոր գործողությունները ուղղված կլինեն քաղաքի զարգացմանն ու բարօրությանը: «Գալա» հեռուստաընկերությանը լռեցնելու այս միջոցը եւս կանցնի ապարդյուն, դրա փոխարեն կմնա մարդկային հասարակ հիշողությունը եւս մեկ լրատվամիջոց լռեցնելու՝ լայնամասշտաբ գործողությունների մասնակիցների մասին: Ես եւ իմ համախոհները բոլորովին չէինք կամենա ձեզ էլ տեսնել այն մարդկանց շարքերում, որոնք գիշերները լուսացնում են, իրենց ինչ-ինչ շահերից դրդված, «Գալա» հեռուստաընկերությանն ու մեր քաղաքին էլի մի վնաս տալու մտատանջանքներից»:

Նկատենք, որ Գյումրիի քաղաքապետարանը միակը չէ, որը փորձում է հեռուստատեսությունը վերջնականապես եթերազրկել: Հարկային պետական ծառայությունը չբավարարվելով «հարկերը չարամտորեն թաքցնելու» մեղադրանքով քրեական գործ հարուցելով, օրերս էլ դիմել է տնտեսական դատարան՝ «Գալայի» վրա դրված 26 միլիոն դրամի տուգանքը հեռուստաընկերությունից բռնագանձելու եւ գույքի ու միջոցների վրա կալանք դնելու պահանջով:

«Փառք ու պատիվ տնտեսական դատարանի մեր դատավորին, որը գործը վարույթ ընդունելով՝ մերժել է Գյումրիի հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի երկրորդ պահանջը, որը ոչ այլ ինչ է, քան «Գալա» հեռուստաընկերությունը փակելու ցանկություն: Եվ քանի որ կենտրոնական իշխանությունները հասկացել են, որ 26 միլիոն դրամ տուգանելով՝ «Գալային» չեն կարող խեղդել, քանի որ նույնիսկ բազմաթիվ գյումրեցիներ են պատրաստակամություն հայտնել այդ գումարը հավաքել ու տալ, դրա համար կատարելագործել են հեռուստաընկերության դեմ հարձակվելու մեխանիզմները: Նույնիսկ պատմություններ հորինեցին, թե «ՉԱՊ» ՍՊԸ-ն անօրինական զբաղվում է օճառի արտադրությամբ: Եթե որեւէ քաղաքում որեւէ ընկերություն զբաղվում է օճառի արտադրությամբ, այդ քաղաքի խանութները պետք է լեփ-լեցուն լինեին այդ օճառով կամ գոնե մի նմուշ պետք է ունենային տվյալ օճառից: Տեսնելով, որ բան դուրս չեկավ, անցան հեռուստաաշտարակին՝ գործի մեջ ներքաշելով Գյումրիի քաղաքապետին»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

 Հ. Գ. Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Գյումրիի «Ասպարեզ» ակումբն ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Երեւան» հյուրանոցում կազմակերպել էին «Գալայի» խնդիրներին նվիրված քննարկում: Ուշագրավն այն էր, որ հրավիրված հեռուստաընկերություններից որեւէ մեկը ներկա չէր: Բանախոսները նկատեցին՝ «Աննախադեպ էր, որ Հայաստանում գտնվեց մի հեռուստաընկերություն՝ «Գալան», որը կարողացավ իրեն պաշտպանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել