Մեր երկրում գրանցված վարակակիրների թիվը պակասելու փոխարեն տարեցտարի ավելանում է
Այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թեեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ պայքարում են դարի հիվանդության դեմ, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում: Միայն այս տարի Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի նոր 99 դեպք: Սա այն դեպքում, երբ 19 տարվա ընթացքում մեր հանրապետությունում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 528 դեպք: Թե ինչով է պայմանավորված այս տարի վարակակիրների թվի նման աճը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի ներկայացմամբ՝ դա հիմնականում իրենց կատարած հսկայական աշխատանքի արդյունքն է. «Մենք լուրջ աշխատանքներ ենք ծավալում հիվանդության հայտնաբերման համար: Ստեղծվել են լաբորատոր հետազոտությունների ցանց, կենտրոններ, որտեղ հայտնաբերվում է վիրուսը: Բացի այդ, վերջին երեք տարիներին մոտ 3,6%-ով աճել է դիմողների եւ հետազոտվողների թիվը: Հիվանդության աճման մյուս հանգամանքն էլ այն է, որ մեր հայրենակիցների մեծ մասը ժամանակավորապես բնակվել է արտերկրում, որտեղ էլ վարակվել է: Այս ընթացքում նրանք եկել են հայրենիք եւ այստեղ նոր հայտնաբերվել է նրանց հիվանդությունը: Հիմնականում վարակվում են Ռուսաստանում կամ Ուկրաինայում: Կան մարդիկ, որոնք այլ հիվանդություն ունենալով՝ դիմել են բժշկի ու հետազոտության ընթացքում պատահաբար պարզվել է, որ նրանք ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներ են: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ արտերկրում իմանալով, որ վարակակիր են, հայերը գալիս են հայրենիք՝ բուժում ստանալու, որի արդյունքում էլ ներկայումս գրանցված վարակակիրների թիվն այդքան մեծ է»:
Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոլորտի պատասխանատուները տեղեկացրին, որ մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման հիմնական ուղին թմրամիջոցների ներերակային օգտագործումն է, թմրամոլներից հետո ռիսկային խմբում են պատահական սեռական կապեր ունեցողները, որոնք հիմնականում վարակվում են հետերոսեքսուալ ճանապարհով: Հիվանդների մեծ մասը տղամարդիկ են, իսկ ներկայումս հայտնաբերվել է վարակակիր 11 երեխա: Թմրամիջոցներով վարակվածների շրջանում կանայք չկան, նրանք հիմնականում վարակվում են սեռական ճանապարհով: Հայաստանում արձանագրվել են նաեւ արյան, մորից երեխային եւ հոմոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցման դեպքեր: Այս տարվա ընթացքում հայտնաբերված 99 վարակակիրներից 55-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Հիվանդների մեծ մասը մայրաքաղաքի բնակիչ է:
Նկատենք, որ վարակակիրները հիմնականում 20-39 տարիքային խմբում են: ԱԺ առողջապահության, սոցիալական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքերով՝ «Սա մեր հասարակության այն հատվածն է, որը պետք է աշխատի, բարիք ստեղծի երկրի համար, սա վերարտադրողական ակտիվ տարիքն է, իսկ մենք այս հիվանդության պատճառով կորցնում ենք նրանց: Նրանց բուժումը մեծ բեռ է մեզ համար, որովհետեւ թեեւ «Գլոբալ ֆոնդն» ու նախարարությունը ֆինանսավորում են բուժման եւ կանխարգելման համար, սակայն 2008-ին «Գլոբալ ֆոնդի» հետ ծրագիրն ավարտվում է, իսկ կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական լինեն»:
Քանի որ ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ը հիմնականում արտերկրից է թափանցում մեզ մոտ, ուստի միջոցառմանը հրավիրվածներից մեկը ոլորտի պատասխանատուներին առաջարկեց, որ մեր երկիր ժամանողներից յուրաքանչյուրին ախտորոշեն, նոր թողեն մտնել Հայաստան, որպեսզի օպերատիվ կերպով հայտնաբերվի հիվանդությունը: Սրան ի պատասխան՝ Սամվել Գրիգորյանն ասաց. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումներն ամբողջ աշխարհում կամավորության սկզբունքով են կատարվում, ոչ ոք իրավունք չունի ստիպողաբար մարդուն լաբորատոր հետազոտման ենթարկել: Մոտ 20 տարի առաջ Հնդկաստանում երբ մարմնավաճառ կնոջ մոտ հայտնաբերվում էր ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ, նրան խարույկի վրա այրում էին, նման կերպ չի կարելի ներկայումս վարվել. դա մարդու իրավունքների խախտում է»: Միջոցառման մասնակիցներից շատերը, որոնք աշխատում են հասարակական կազմակերպություններում, պնդում էին, որ պետք է հասարակության իրազեկվածությունը բարձրացնել, քանի որ ոմանք կարծում են, թե անգամ մի ձեռքի սեղմումով կարող են վարակվել եւ խուսափում են շփվել վարակակիրների հետ, ինչի հետեւանքով հիվանդները մեկուսանում են հասարակությունից եւ խուսափում են դիմել բժշկի՝ հետազոտվելու: