Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ՞

Դեկտեմբեր 01,2007 00:00

Հայաստանում հարկերից խուսափելու ամենահեշտ ու տարածված ձեւը աշխատողներին թաքցնելն է

Սոցիալական ապահովագրության վճարներից խուսափելը Հայաստանում շատ ընդունված ու արդեն արմատացած երեւույթ է: Որպես կանոն, աշխատողներին չեն թաքցնում միայն պետական կազմակերպությունները՝ բուժհիմնարկները, գիտական կառույցներն ու ուսումնական հաստատությունները: Ըստ Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկի, այս տարվա ինը ամիսների տվյալներով՝ առողջապահության նախարարության Հոգեբուժական բժշկական կենտրոնը, որը 100-ից էլ պակաս աշխատող ունի, վճարել է 77 միլիոն 250 հազար դրամ սոցվճար, մինչդեռ 541 աշխատող ունեցող Արա Բաբլոյանի՝ Արաբկիրի մասնավոր առողջապահական հիվանդանոցը մուծել է ընդամենը 64 միլիոն դրամ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը վճարել է ավելի քիչ՝ 61.5 միլիոն դրամ: Սեւանի հոգեբուժական հիվանդանոցը 243 աշխատողի համար 24 միլիոնից ավելի սոցվճար է մուծել, իսկ դրանից ավելի շատ աշխատող ունեցող «Նաիրի» բժշկական եւ «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոններն ամոթալի քիչ գումար են մուծել: Հարկայինը Սուքիասյաններին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ հայտնաբերեց, մինչդեռ այդ գործարանն ավելի շատ սոցվճարումներ է կատարել, քան Մալաթիայի հսկայական հիվանդանոցը, որն ընդամենը 38 միլիոն դրամ է վճարել: Գրեթե նույնքան են վճարել նաեւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատը կամ թիվ 19 պոլիկլինիկան: Այսինքն՝ հիվանդանոցը պոլիկլինիկայի չափ սոցվճարումներ է կատարել:

Ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի հրապարակած 300 խոշոր ապահովադիրների ցանկում պարտաճանաչ սոցվճարումներ կատարել են միայն այն ընկերությունները, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից եւ աշխատող կամ աշխատավարձ թաքցնելու խնդիր չունեն: Այսպես, ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների, բավականին շատ աշխատող են ներկայացրել Հ1 հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն: Իսկ մասնավոր շատ հեռուստաալիքների եւ ռադիոկայանների կատարած սոցվճարումները ցուցակում կամ ընդհանրապես չեն երեւում, կամ էլ չնչին են: Հ1-ը 699 աշխատող է ցույց տվել եւ մուծել է 112 միլիոն դրամ սոցվճար, իսկ մասնավոր հեռուստաալիքներից 300 խոշոր ապահովադիրների ցանկում ընդգրկված է միայն «Արմենիան», որը վճարել է ընդամենը 40 միլիոն դրամ, չնայած դրան, իր աշխատողների քանակով ու աշխատավարձերի մեծությամբ իրականում «Արմենիան» բացարձակապես չի զիջում Հ1-ին: Պարզապես, առաջինը աշխատող թաքցնելու խնդիր ունի, երկրորդը՝ ընդհակառակը, շատ ներկայացնելու եւ բյուջեից ավելի շատ փող ստանալու:

100-ից էլ պակաս աշխատող ունեցող Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնն այս տարվա ինը ամիսների ընթացքում մոտ 33 միլիոն դրամ սոցվճար է մուծել: Այդ կենտրոնի կատարած սոցվճարումները մոտ 10 մլն դրամով ավելի մեծ են, քան «Մասիս Տոբակոյի», Երեւանի ոսկերչական գործարանի, «Արմենիա-Լադայի»: Ի դեպ, վերջինս արտասահմանյան մեքենաների առք ու վաճառքով զբաղվող խոշոր ընկերություն է, որը, ըստ ցուցակի, 235-ից ավելի աշխատող ունի, բայց նրանց համար 9 ամսվա կտրվածքով սոցիալական ապահովագրության հիմնադրամին վճարել է ընդամենը 24 միլիոն դրամ:

Ուշագրավ է, որ խոշոր ապահովադիրների ցանկից հյուրանոցային բիզնեսը գրեթե դուրս է մնացել: Հանրապետության բազմաթիվ հյուրանոցներից ցանկում տեղ են գտել ընդամենը մի քանիսը, այն էլ՝ աշխատողների շատ սահմանափակ թվաքանակով: «Երեւան» հյուրանոցի միայն միջանցքներում 2 տասնյակից ավելի աշխատողներ են պտտվում, մինչդեռ այդ խոշոր հյուրանոցը 9 ամսվա համար նույնիսկ 3 մլն դրամի սոցվճար չի կատարել եւ դուրս է մնացել ապահովադիրների ցանկից: Անգամ «Անի պլազա» հոթելը, որը տարեցտարի կրճատում է իր աշխատողներին, այնուամենայնիվ, կատարած սոցվճարումներն ավելացնում է: Այս տարի վճարել է 24 մլն դրամ սոցվճար: Տարօրինակ է, բայց նույնիսկ «Գոլդեն փելես» հյուրանոցը, որին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը «5 աստղ» է շնորհել, ապահովադիրների ցանկում նույնպես չկա: Սա նշանակում է, որ հյուրանոցը 100-ից պակաս աշխատող է ցույց տվել եւ 3 մլն դրամից էլ քիչ սոցվճար կատարել: Մինչդեռ անգամ «Ավիատրանս» հյուրանոցը, որը շատ քիչ հաճախորդներ է ունենում, գոնե 37 մլն դրամ վճարել է: Նկատենք, որ եթե հյուրանոցների ներկայացրած աշխատողների թիվն իրական լիներ, ապա նրանք պետք է աշխատեին առանց սպասավորների, խոհարարների ու շվեյցարների:

Ինչ վերաբերում է այլ մասնավոր ընկերությունների կատարած սոցվճարներին, նույնիսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն Ավանի աղի կոմբինատից մի քանի միլիոնով ավելի քիչ գումար է մուծել սոցապ հիմնադրամին:

«Հիդրոմետ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որտեղ աշխատավարձը խիստ ցածր է ու մոտ է նվազագույնին, մոտ 50 մլն դրամ է վճարել: Իսկ «Երեւաննախագիծը», որն այսօրվա բուռն շինարարության պայմաններում բավականին մեծ եկամուտներ ունի եւ շատ թվով աշխատողներ՝ վճարել է ընդամենը 45 մլն դրամ: «Առէկսիմբանկը», «Երեւանի շամպայն գինիների գործարանը» վճարել են ավելի քիչ՝ մոտ 44 մլն դրամ:

Հակատուբերկուլյոզային դիսպանսերն ավելի շատ վճարում է կատարել, քան Լուսակերտի, Արզնու եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաները:

Քանի որ այսօր մարդկանց ավելի շատ հետաքրքրում է աշխատանք ունենալու եւ իրենց օրվա հացը վաստակելու, ոչ թե հետագայում կենսաթոշակ ունենալու խնդիրը, նրանք հիմնականում գործատուից չեն պահանջում իրենց գրանցել աշխատավայրում: Արդյունքում՝ Հարկային պետական ծառայությունն ամեն տարի հրապարակում է 300 խոշոր ապահովադիրների այսպիսի ամոթալի ցուցակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել