Երեկ ասաց Սերժ Սարգսյանը՝ իր մրցակիցների մասին հարցերին ի պատասխան
«Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե սպասո՞ւմ էր ՀՀԿ-ի հետ համագործակցող ՀՅԴ-ից նման քննադատություն՝ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ իր ելույթները լսում են ոչ թե դահլիճում եղած 300-500 մարդիկ, այլ նաեւ մեր հասարակությունը, եւ ինչպես թեկնածուներից մեկն ասաց՝ դատավորը ժողովուրդն է (Սա Վահան Հովհաննիսյանի դիտարկումն էր. «Ամենակարեւոր դատավորը ժողովուրդն է, իսկ շատ կարեւոր է այդ դատավորին չկաշառելը».- Ա. Ի.): Եվ մեր գործողություններով, ելույթներով այդ դատավորը վճիռ է կայացնում, այսինքն՝ տալիս վարկանիշ: Դրա համար, երբ որ ասում ես բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, որոնց դատավորը չի հավատում՝ տալիս է այդպիսի վարկանիշներ՝ 0 ամբողջ քանիս, 1, 2, 3 տոկոսանոց»: Արտերկրի լրագրողների հետ նախօրեին զրույցի ընթացքում վարչապետը հայտնել էր, թե ծանոթ է «Գելափի» նոր հետազոտության արդյունքներին: «Արմինֆոյի» հարցին, թե իր կարծիքով՝ «դատավորին չկաշառելու» վերաբերյալ զգուշացումն ո՞ւմ էր ուղղված, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, ինքնաքննադատությունը միշտ էլ օգուտ է տալիս»:
«Առավոտի» դիտարկմանը, թե ինքը ծիծաղում էր, երբ Վահան Հովհաննիսյանն ակնարկում էր Հայաստանից դուրս չքվեարկելու արգելքի կիրառման որոշ միտումնավորության մասին՝ վարչապետն այսպես արձագանքեց. «Մենակ այդ ժամանակ չժպտացի: Ես ժպտում էի ողջ այն ժամանակահատվածում, երբ որ Վահան Հովհաննիսյանը թվարկում էր բոլոր լավ բաները, որոնք կատարել են դաշնակցականները: Բանից պարզվում է, որ այս երկրում լավ բաները կատարել են իրենք, վատ բաներն էլ մնացածին են վերագրվում: Եվ շատ հետաքրքիր էր, երբ ասվեց, թե իրենց ջանքերով օրենք ընդունվեց, հետո մեծամասնությունը 2-րդ անգամ այդ որոշումը չընդունեց: Կարելի է մտածել առաջին անգամ փոքրամասնությո՞ւնն է ընդունել»: Այս ասելով վարչապետը դարձյալ ծիծաղում էր:
Նրան զվարճացրեց նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի պատճառաբանության հիշատակումը, թե իրեն 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտալը պայմանավորված է իշխանության վախով: «Բա դու լինես՝ չես վախենա՞ Արամ Կարապետյանից: Բա հանկարծ որ Փարաքարը փակեց, ո՞նց է լինելու»,- ծիծաղեց Սերժ Սարգսյանը:
Նույնպիսի հեգնանքով արձագանքեց նաեւ «Իրավունքի» դիտարկմանը, թե Մոսկվա իր «արտաքսման» պատմությունը բոլորը մեկնաբանել են՝ բացի իրենից. «Ակնհայտ սուտ է, այդտեղ մեկնաբանելու բան չկա: Կարծում եմ, ցանկացած լրագրող, որն այդ թեմայով հետաքրքրվում է՝ հանգիստ կարող է վերցնել եւ տեսնել, թե ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահը մայիսին ի՞նչ փաստաթղթեր է ստորագրել, քանի՞ անգամ: Եվ վերցնի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը պաշտպանության նախարար նշանակելու մասին: Տեսեք այդ տարբերությունն ինչքա՞ն է… Եվ ընդհանրապես, ես չէի ցանկանա, որ որեւէ մեկը անդրադառնար այդ տարիներին: Իմաստ չունի»:
Նույն կերպ արձագանքեց, երբ «Առավոտը» հիշեցրեց նոյեմբերի 16-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաստիացումը. «Պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար: 1993-1995 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբողջությամբ տիրապետում է այդ գաղտնիքներին, եւ որը չի կարող չհաստատել այս ամենը»: Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին խորհուրդ էր տվել հարցնել եւ տեսնել, թե ինչ է պատասխանելու նա: Սերժ Սարգսյանի պատասխանն էր. «Ես չեմ ուզում որեւէ մեկին կամ վատաբանել, կամ գովաբանել: Եվ իրոք չեմ ուզում այդ թվերի մասին խոսել»: