Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 01,2007 00:00

\"\"Հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, որը երեկ ընտրվեց ՀՅԴ թեկնածու նախագահական ընտրություններում

Դաշնակցությունը խորհրդարանական կուսակցություն դառնալուց հետո աստիճանաբար հրաժեշտ է տալիս հեղափոխական գործելակերպին: Փոփոխությունները հանգեցրին նրան, որ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը երեկ անցկացրեց ամբողջովին բաց Գերագույն ժողով: Ճիշտ է, այս ժողովի օրակարգում միայն մեկ հարց էր՝ նախագահի թեկնածուի ընտրությունը, սակայն այնուամենայնիվ հետաքրքիր էր լսելը, թե դաշնակցականներն իրենց ժողովներում ինչպես են գնահատում ներկա իրավիճակը, այն իշխանությունը, որի մի մասն էլ իրենք են: Իհարկե, նրանք անդրադարձան նաեւ նախկիններին, սակայն հայտնի է, թե դաշնակցականներն ինչ են մտածում նրանց մասին՝ ոչ մի լավ բան: Այնուամենայնիվ, երեկ ժողովին ի շարս այլ ընդդիմադիրների՝ հրավիրված էր նաեւ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, որը քաղաքից բացակայելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել: Իսկ համագումարի դահլիճում ներկա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչները, թեեւ հանդես եկան ողջույնի ջերմ խոսքերով ու հետագա համագործակցության մասին հավաստիացումներով՝ ստիպված էին լսել բավական կոշտ քննադատություն:

Այս կապակցությամբ նախ մեջբերումներ անենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթից: Ըստ նրա՝ ժողովուրդը խուսափում է սոսկ անձանց փոփոխության հանգեցնող ինքնանպատակ իշխանափոխությունից. «Ժողովուրդը նաեւ հոգնել ու հուսալքվել է ինքնանպատակ իշխանության պահպանումից, որն անխուսափելիորեն հանգեցնում է կուսակցության եւ իշխանության, իշխանության եւ պետության նույնացմանը, հասարակության մեջ հոռի բարքերի տարածմանը, քաղաքական դաշտի ամայացմանն ու երկրի լճացմանը։ Ժողովուրդը, բնականաբար, չի ցանկանում թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Քանի որ սա վատի եւ վատթարի միջեւ ընտրություն է՝ ուղղակի հետընթացի ճանապարհ»: Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, թե նախկին եւ ներկա ժամանակահատվածների համեմատությունը պետք չէ «անցկացնել սոսկ մեկին մեղադրելու եւ մյուսին արդարացնելու միտումով։ Քանի որ այսպիսի համեմատությունը երկու իշխանություններից էլ դժգոհ ու հիասթափված մարդկանց համար նմանվում է երկու պղտոր ջրերի համեմատությանը»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նշելով, թե երկրի ապրած խոր ճգնաժամերը մնացել են հետեւում՝ այսօր գլխավոր խնդիրը հռչակեց հետեւյալը. «Այսպիսի դանդաղ զարգացումը ոչ միայն բավարար չէ ապահովելու բարեփոխումների անհրաժեշտ խորությունը եւ ընդգրկումը, այլեւ հետզհետե հանգեցնում է նրան, որ չլուծված խնդիրները կուտակվում են ավելի մեծ արագությամբ, քան դրանք լուծվում են։ Զարգացման այսպիսի դանդաղումը ունի իր գլխավոր պատճառը՝ խոչընդոտները չեն վերացվում, կամ դրանց վերացմանն ուղղված քայլերը կատարվում են կիսատ-պռատ ու երկչոտ»: Արմեն Ռուստամյանը որպես արագ զարգացման լուրջ երաշխիք անհրաժեշտ համարեց «իշխանության հետագա պլուտոկրատացման եւ կոռումպացման կասեցումը», նաեւ ԱԺ փոքրամասնության իրավունքների ընդլայնումը՝ «որպես քաղաքական ընդդիմությանը իրական դերակատարություն ապահովելու անհրաժեշտ միջոց» եւ այլն:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն իր բավական փիլիսոփայական ելույթում խոսելով իրավունքի եւ իշխանության միջեւ ճիշտ հավասարակշռության մասին՝ նշեց. «Այդ հավասարակշռությունը ժողովրդավարությունն է։ Եվ այդ հավասարակշռությունը Հայաստանում խախտված է։ Այսօ՛ր չի խախտված։ Երբե՛ք էլ գոյություն չի ունեցել։ Ո՛չ օտարների լծակի տակ, ո՛չ սովետական, ո՛չ էլ ՀՀՇ-ական տարիներին։ Այսօր էլ չկա։ Որովհետեւ մեր երկրում իշխանությունը գերակայում է իրավունքի նկատմամբ, իսկ իրավունքը ենթակա է եւ բոլորինը չէ: Մեր երկրում օրենքն ու իրական կյանքը չեն համընկնում»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ նկատեց. «Քաղաքական մենաշնորհի ձգտող ցանկացած ուժ անմիջապես դառնում է բյուրոկրատիայի զոհը։ Նրան թվում է, թե իր մեջ ձուլեց բյուրոկրատական ապարատը եւ հզորացավ, այնինչ կատարվում է ճիշտ հակառակը՝ բյուրոկրատական ապարատը կլանում եւ ձուլում է իր մեջ միահեծանության հավակնություններից կուրացած քաղաքական ուժին, ուղղորդում նրան, հզորանում եւ ապահովում սեփական վերարտադրման շարունակականությունը՝ դառնալով բոլորովին անվերահսկելի հասարակության կողմից։ Դրա օրինակները մեր եւ ուրիշների պատմության մեջ շատ են, արդյունքներն էլ՝ հայտնի։ Այսօրվա Հայաստանում այդ վտանգն ավելի ու ավելի նկատելի է դառնում»։

ԱԺ փոխնախագահը թվարկեց մի շարք բարեփոխումներ, որոնք, ըստ նրա, իրականացվել են ՀՅԴ դերակատարությամբ եւ հետո մնացել կիսատ: Մեջբերենք նրա նշած օրինակներից երկուսը. «Հիշեցնեմ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին» օրենքը, որը մեր ջանքերով ընդունվեց տարիներ առաջ, եւ որը կարեւորագույն նշանակություն ունի սոցիալապես անապահով տարրերի համար։ Մինչ օրս չի կիրառվում։ Ինչո՞ւ։ Կառավարությունը դեմ է եւ չի մշակել կիրառման կարգը: Հիշեցնեմ «Թիկնազորային ծառայության մասին» օրենքը, որն 1-ին ընթերցմամբ արժանացավ խորհրդարանի հավանությանը, իսկ հետո խորտակվեց մեծամասնության ջանքերով»: Եվ սրանից հետո հայտարարեց, թե չեն կարող ներկա իշխանություններից սպասել կամ պահանջել անհրաժեշտ փոփոխությունները. «Բավակա՛ն է։ Մենք ընդունակ ենք եւ պատրաստ ենք ինքնե՛րս իրականացնել համակարգային փոփոխություններ»:

Այս ելույթներից հետո գերագույն ժողովի պատվիրակներն անցան քվեարկության: Եվ 79-ից 60-ն իրենց ձայնը տվեցին Վահան Հովհաննիսյանի, 16-ը՝ Արմեն Ռուստամյանի օգտին: Մինչ այդ վերջինս ինքնաբացարկ էր հայտարարել, սակայն քանի որ ՀՅԴ կանոնադրությունը նման հնարավորություն չի տալիս՝ նրա անունը մնաց քվեաթերթիկում:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Վահան Հովհաննիսյանն ասաց, թե չնայած ներկա իշխանության նկատմամբ հնչած քննադատությանը եւ անկախ ընտրությունների արդյունքից՝ շարունակելու են համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Իսկ հարցին, թե քանի որ իր դուստրն ամուսնանալու է Սերժ Սարգսյանի եղբոր որդու հետ՝ վարչապետի խնամին լինելը չի ազդի՞ իր գործողությունների վրա, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընտանեկան կյանքը՝ ընտանեկան կյանք, քաղաքական պայքարը՝ քաղաքական պայքար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել