Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Նոյեմբեր 30,2007 00:00

\"\"Լեւոնն ու Վլադիմիրը շարքում են

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 2-րդ խաղարկության ամեն մի տուրի ավարտից հետո մասնակիցների թիվը հիսուն տոկոսով կրճատվում է:

Ասպարեզում մնում են միայն ուժեղները, թեեւ համեմատաբար անփորձներից ոմանք արդեն իսկ անակնկալներ են մատուցել: Մասնավորապես, երկրորդ տուրից հետո ճամպրուկները ստիպված եղավ կապել առաջատարների շարքը դասվող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը: Բարեբախտաբար, Հայաստանի երկու լավագույն գրոսմայստերները՝ աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանը եւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը արդեն անցել են երրորդ շրջան:

Լեւոնը երկրորդ տուրի առաջին պարտիայում առավելության հասնելով գերմանացի Յան Գուստավսոնի նկատմամբ, հաջորդ օրը ավելորդ ռիսկի չգնաց եւ հասավ իրեն միանգամայն բավարարող ոչ-ոքիի: Մրցամարտը 1,5:0,5 ընդհանուր հաշվով իր օգտին գրանցելով, Արոնյանը երեկ հայտարարված թայբրեքի օրը հանգստանալու հնարավորություն ունեցավ:

Ի տարբերություն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանը սկզբում միավորը բաժանեց Իրանի ներկայացուցիչ Էհսան Գաեմ Մագամիի հետ: Այնպես որ, երկրորդ հանդիպման ժամանակ Վլադիմիրից պահանջվում էր հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար անպայման մեկ միավոր գրանցել իր օգտին, ինչն էլ կատարեց գերազանց: Հակոբյանը նույնպես մնում է շարքում եւ այսօր իր թիմակցի հետ պայքարը շարունակելու է երրորդ շրջանում:

Մեդալներ կարող էին լինել

\"\"Անթալիայում ավարտվեց շախմատի աշխարհի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանը մեդալներ չունեցավ: Վերջնագծի մատույցներում անգամ չեմպիոնի կոչումը նվաճելու բավականին լավ հեռանկարներ ուներ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ավետիք Գրիգորյանը, որը եզրափակիչից երեք տուր առաջ ընթանում էր երկրորդ հորիզոնականում: Բայց ըստ երեւույթին վճռորոշ պահերին նրա նյարդերը տեղի տվեցին: 11 հնարավորից վաստակելով 8.0 միավոր՝ հայաստանցի շախմատիստն ի վերջո գրավեց 4-րդ տեղը՝ հաղթողին զիջելով ընդամենը մեկ միավորով: Նույն տարիքային խմբում Հովիկ Հայրապետյանն ու Հրանտ Մելքումյանը զբաղեցրին, համապատասխանաբար, 15-րդ եւ 16-րդ տեղերը: Թեկուզ բրոնզե մեդալի արժանանալու հնարավորությունը ձեռքից բաց թողեցին նաեւ Ռոբերտ Արզումանյանը (16 տարեկաններ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (14 տարեկաններ), որոնք նույնպես չդիմանալով պայքարի լարվածությանը, վերջին տուրերում միավորների կորուստ ունեցան՝ դուրս մնալով մրցանակակիրների եռյակներից: Դրա փոխարեն մրցաշարի երկրորդ կեսն ավելի արդյունավետ անցկացրեց մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում ընդգրկված Տիգրան Հարությունյանը: Նա 8,5 միավորով բավարարվեց 5-րդ տեղով:

Հայաստանցի շախմատիստուհիներից լավագույն ցուցանիշը 18 տարեկանների պայքարին մասնակցած Նունե Դարբինյանինն է, որը 6.0 միավորով իր տարիքային խմբի 75 շախմատիստների մեջ զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել