Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ թուրքերը կփոխեն իրենց քաղաքականությունը, եթե մենք էլ դիմենք այդ քայլին:
«Թուրքերը չեն ուզում իրենց վրա վերցնել պատասխանատվություն եւ գերմանացիների հետ դասվել այնպիսի պետությունների շարքում, որոնք ցեղասպանություն են իրականացրել: Այս հարցում ամենաէականը թուրքական ազգային անհատականությունն է, իսկ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարցը կախված է քաղաքական որոշումներից: Թուրքը չի ընկալում, որ ինքը երբեւէ կարող է ցեղասպանություն իրականացրած լինել»,- Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում երեկ կազմակերպված «Թուրքիան նախագահական ընտրություններից հետո. համակարգային փոփոխությունները եւ ներքաղաքական ձեւափոխումները» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան բացառիկ է նրանով, որ խոշոր պետություններից, որոնք ունեն զարգացած տնտեսություն, հզոր բանակ, աշխարհագրական այդպիսի դիրք, առաջինն է, որ 1999-ից անցնում է խորը փոփոխությունների միջով»,- հայտնեց թուրքագետը:
Վերջինս նշեց, թե հիմնականում որտեղ են դրսեւորվում այդ փոփոխությունների հետեւանքները: Նա առանձնացրեց քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, երբ առաջացել են բազում ոչ կառավարական հասարակական կազմակերպություններ. «Սրանք մեծ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձեւավորման հարցում եւ հատկապես ակտիվ համագործակցում են եվրոպական նմանատիպ կազմակերպությունների հետ: Իսկ դա բոլորովին նոր երեւույթ է թուրքական հասարակության մեջ»: Նորություն է նաեւ Թուրքիայում մասնավոր սեկտորի ակտիվությունը: «Այն այժմ պատվիրատուի դերում է հանդես գալիս՝ թե մշակութային, թե կրթական դաշտում: Դրա վառ օրինակն են մասնավոր համալսարանների ստեղծումը եւ ազդեցությունը թուրքական կրթական համակարգի վրա»,- փաստեց Ռ. Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ կանանց շարժումն էլ է փոփոխությունների ծնունդ. «Թուրքիայում կան 20 կենտրոններ, որտեղ տասնյակ հազարավոր կանայք կարող են իրենց պաշտպանությունը գտնել հասարակական ճնշումներից»: Քաղաքական դաշտում էլ է մեր հարեւան Թուրքիան բազում փոփոխություններ ապրում: «Պայքարը ծավալվում է ավանդական քեմալական քաղաքական էլիտայի եւ նոր էլիտար խմբավորումների միջեւ: 2008-ի առաջին կեսին ականատես կլինենք այն զարգացումներին, որոնք ցույց կտան՝ Թուրքիայում ի վերջո կգերիշխի քեմալիզմի՞ գաղափարախոսությունը, ըստ որի՝ այդ երկրում թուրքերից բացի այլ ազգեր չկան, թե՞ այն կմեղմանա»,- նկատեց Ռ. Սաֆրաստյանը:
Փոփոխությունների փուլը, պարզվում է, նպաստավոր է եղել ոմանց համար: «2002-ից հետո 20 նոր միլիարդատերեր են հայտնվել Թուրքիայում, մինչդեռ նախկինում 6-ն էին»,- հայտնեց թուրքագետը: Դեկ
տեմբերի 15-ին թուրքական նոր սահմանադրությունը կդրվի հասարակական քննարկման: «Առաջին անգամ նոր սահմանադրությունը Թուրքիայում քննարկվում է հանրության կողմից: Պարզ կդառնա, թե այդ փաստաթուղթը հասարակությանը հնարավորություն կտա՞ իր կարծիքն ասել, պետության կառավարման հարցում դերակատարություն ունենալ»,- նշեց Ռ. Սաֆրաստյանը: Հայ-թուրքական խնդրի մասին էլ ասաց. «Թուրքիան իր քաղաքականությունը կփոխի, եթե Հայաստանը հրաժարվի վարել ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականություն: Մնացածը թուրքական քաղաքական գործիչների խաղերն են»: