Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գանգատվում են չար կատվի վրա»

Նոյեմբեր 30,2007 00:00

Ստեղծագործում են օմբուդսմենի «պատվին»

Մարդու իրավունքների պաշտպան Հայաստանն ունի 2004 թվականից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարող են դիմել բոլորը՝ անկախ սոցիալական դրությունից, ազգությունից եւ անգամ պաշտոնից: Առայսօր, սակայն, չի արձանագրվել գոնե մեկ դեպք, երբ որեւէ պաշտոնյա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրի զբաղվել իր խախտված իրավունքների հարցով: Փոխարենը պաշտոնյաները աջուձախ, մանրածախ ու մեծածախ խախտում են ՀՀ քաղաքացիների իրավունքները: Ու քաղաքացիներին այլ բան չի մնում, քան դիմել մարդու իրավունքների պաշտպանին:

Դատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումների շարժից, Հայաստանում կամ մարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ հավատալ ու վստահել հենց օմբուդսմենին, կամ պետական օղակներն են ավելի ու ավելի շատ խախտում մարդկանց իրավունքները: 2005-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 1551 դիմում, 2006 թվականին՝ 2687: Իսկ ահա 2007 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ օմբուդսմենը արդեն ստացել է 3130 դիմում: 56-ը՝ կոլեկտիվ դիմում-բողոքներ են: Ընդհանուր առմամբ, 3130 դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել 5044 անձ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմում են տարբեր մասնագիտությունների, նախասիրությունների, հակումների եւ ունակությունների տեր մարդիկ: Եվ բնական է, որ այս ամենն արտացոլվում է նրանց նամակներում: Հարգելով մարդու անձնական կյանքին չմիջամտելու սկզբունքը, բերվող նամակների հեղինակների անունները չենք հրապարակում:

Քաղաքացի Մ.-ն Հայաստանում չի եղել մոտ 40 տարի: Նա հեռացել է խորհրդային Հայաստանից եւ վերադարձել ազատ, անկախ եւ առայժմ ոչ միացյալ Հայաստան: Խորհրդային Հայաստանից անկախ Հայաստան «տեղափոխված» ոստիկանությունը, սակայն, հրաժարվել է սույն «աշխարհաքաղաքացուն» անձը հաստատող որեւէ փաստաթուղթ տալ եւ Մ.-ն համոզված լինելով, որ խախտվել է իր կացության որոշակի կարգավիճակ (քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ) ունենալու իրավունքը, դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հարցում-գրություններից հետո, Մ.-ն դարձել է ՀՀ քաղաքացի. նա ՀՀ մարզերից մեկի մի գյուղում փաստացի բնակության մասին նշումով անձնագիր է ստացել: Ուշագրավ է, մոտ 60-ամյա այս քաղաքացու՝ ՀՀ օմբուդսմենին ուղղված շնորհակալագիրը: 60-ամյա Մ.-ն ուրախությամբ նշում է, որ կյանքում առաջին անգամ «հնարավորություն ունեմ իրականացնելու ընտրելու եւ ընտրվելու իմ հիմնարար իրավունքը»: Պակաս հետաքրքիր չէ Մ.-ի մաղթանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Հավանաբար, սեփական գործի ձգձգված պատմությունը նկատի ունենալով, Մ.-ն գրում է. «Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ բազում հաղթանակներ մարդու իրավունքների պաշտպանության այդքան դժվարին եւ արդար գործում»:

Քաղաքացի Հ.-ն մեզ անհայտ տարիքի մի կին է, ով, սակայն, իրավապահ մարմինների հետ հարաբերություններ պարզելու «թոհուբոհի» մեջ է բանաստեղծական հղացումներ ունեցել: Հ.-ն ոստիկանության որոշակի աշխատակցի դեմ բողոքել է ՀՀ դատախազություն: Դատախազությունն էլ ոստիկանությանն առաջարկել է զբաղվել տիկնոջ հարցով: Ի վերջո, Հ.-ի դիմում-բողոքը հասել է ոստիկանության այն աշխատակցին, ում դեմ որ ուղղված է եղել ի սկզբանե: Ու Հ.-ն գրել է ՀՀ օմբուդսմենին:

Դիմում է գրում մուկը առյուծին,

Թե ինչպես իր հետ անխիղճ վարվեցին

Եվ գանգատվում է չար կատվի վրա:

Առյուծն էլ ինչպես վայել է պատվին,

Մակագրում է դիմումը կատվին,

Որ կանչի քննի գանգատը նրա…

Եթե Հ.-ի բանաստեղծական «տաղանդն» է պատճառը, որ ոստիկանությունը կատու է, իսկ դատախազությունը՝ առյուծ, եթե այդպես հարմար է եղել հանգավորումը, դեռ ոչինչ: Բայց եթե Հ.-ն իրավ կարծում է, որ իրերի դասավորությունը հենց իր արարած «գործի» տրամաբանությամբ է, ապա նա առնվազն մի քիչ սխալվում է: Հակառակ դեպքում, «ով է այն տղամարդը», որ առյուծի գործերը կքննի, նրան կքննադատի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել