Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ԻՆ ՈՒ ՀՅԴ-ԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 30,2007 00:00

Շիրակի մարզում հիմա էլ սկսել են ՀՀՇ-ականներին հալածել

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ վերջերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հավաքել է իր հավատարիմ ենթականերին ու խիստ նախազգուշացրել, որ ուշի-ուշով հետեւեն իրենց համակարգում աշխատող ՀՀՇ-ամետ աշխատակիցներին եւ թույլ չտան, որ վերջիններս կարողանան իրենց թիկունքում ՀՀՇ-ի օգտին քարոզարշավ իրականացնել:

ՀՀՇ-ականների նկատմամբ սկսել են խիստ վերահսկողություն սահմանել եւ նույնիսկ հալածել Շիրակի մարզում: Մարզային իշխանությունները դպրոցների ու հիվանդանոցների դաշնակցական տնօրենների հետ հաշվեհարդար տեսնելուց հետո անցել են ՀՀՇ-ական պաշտոնյաներին: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրմանն աջակցող նախաձեռնող խմբի անդամ Մուրադ Գրիգորյանը: Նրա ներկայացմամբ՝ հարկայինը սկսել է քրքրել անգամ ՀՀՇ-ին համակրող գյուղապետերի գործերը: Ավելին, այդ գյուղերում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների օրերին Շիրակի մարզպետարանից պատվիրակներ են ներկա լինում, որպեսզի որեւէ գյուղապետ չհամարձակվի մեկնել մայրաքաղաք ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին ներկա լինել: Ըստ Մուրադ Գրիգորյանի, հալածանքները միայն սրանով չեն սահմանափակվում, ճնշում են նաեւ Շիրակի մարզպետարանի ՀՀՇ-ական պաշտոնյաներին, որոնց թեեւ աշխատանքից ազատել չեն կարող, որովհետեւ քաղծառայողներ են, սակայն արհեստականորեն նրանց այնպիսի ծանր հանձնարարություններ են տալիս, որոնց տակից չկարողանան դուրս գալ ու ինքնակամ դիմում գրեն, աշխատանքից ազատվեն: Մեր տեղեկություններով՝ վերջերս Շիրակի մարզպետը նրանց իր մոտ է հրավիրել ու զգուշացրել մարզում ՀՀՇ-ականների օգտին քարոզներ չծավալել:

Նկատենք, որ սա Շիրակի մարզում արդեն երկրորդ կուսակցությունն է, որը Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված մարզպետի հետ լուրջ խնդիրներ ունի: Մինչ այդ, մարզպետը բախումներ էր ունեցել նաեւ մարզի դաշնակցականների հետ, որի արդյունքում ՀՅԴ-ական մի շարք պաշտոնյաներ գործազուրկ դարձան: Հանրապետական վերադասի կողմից «հրահանգված» վերաբերմունքն այնքան է նյարդայնացրել ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, որ նրանք սկսել են տեղի հեռուստատեսություններով քաղաքական հայտարարություն տարածել, որտեղ ասվում է. «ՀՅԴ Գյումրիի Արտավազդ Ալիխանյան կոմիտեն քննության առնելով Հայաստանի Հանրապետությունում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումները եւ մասնավորապես՝ Շիրակի մարզում նոր մարզպետ նշանակելուց հետո ընթացող գործընթացները, արձանագրում է, որ Շիրակի մարզում իշխանությունների կողմից իրականացվում են քաղաքական հաշվեհարդարներ՝ դաշնակցական պաշտոնյաների նկատմամբ, խախտվում են ազատ խոսքի եւ մարդու իրավունքների սահմանադրական նորմերը»:

Մենք ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեից հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, Շիրակի մարզում դաշնակցականները հաղթելու շանսեր ունե՞ն: ՀՅԴ մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Շիրակի մարզն ավանդաբար բոլոր նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին միշտ իշխանական կուսակցության կամ թեկնածուի համար միջին հանրապետականից բարձր քվե է տվել: Մեր մարզը միշտ ապացուցել է, որ իշխանությունների համար պատրաստ է ամեն ինչ անելու: Մարդիկ, որոնք ծառայում են տիրող կարգերին, իշխանությանը, հանրապետականին կամ վարչապետին, ոչ վաղ անցյալում նույն «հավատարմությամբ» Լեւոն Տեր-Պետրոսյանի ծառաներն ու կամակատարներն էին: Եթե Երեւանում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը եղել է 54:46, մեզ մոտ եղել է 77: 23, 69:-31, այսինքն՝ իշխանական թեկնածուի ձայները միշտ անհամեմատ ավելի շատ են եղել: Չեմ կարծում, որ այսօր էլ որեւէ բան փոխվել է, էն մարդիկ, ովքեր ծառայել են Լեւոնին ու ՀՀՇ-ին, էսօր էլ կծառայեն ՀՀԿ-ին ու Սերժին: Ենթադրում եմ, որ դժվար կլինի ոչ միայն մեր, այլեւ մյուս թեկնածուների գործերն այս մարզում: Իշխանական թեկնածուն այստեղից կտանի բավականին լուրջ քվե: Ոչ թե իմ մոտ պարտվողական տրամադրություն է, այլ ուղղակի մարզի զարգացումները ցույց են տալիս, որ այդպես պետք է լինի: Շատ կուզենայի, որ մեր թեկնածուն դառնար նախագահ, բայց իրատես գտնվելով՝ վստահ կարող եմ ասել, որ 50 տոկոս գումարած մեկ մարդ՝ դժվար կարողանանք ապահովել, հատկապես առաջին փուլում բացառում եմ, այլ հարց է երկրորդ փուլը, որտեղ անկանխատեսելի իրադարձություններ կարող են տեղի ունենալ»:

Երեկ Շիրակի մարզի ՀՅԴ կոմիտեում ամփոփվեցին նախագահի երկու թեկնածուների օգտին քվեարկության արդյունքները: Պարզվեց, որ գյումրեցիները համակրում են ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, իսկ Շիրակի մարզի գյուղերում՝ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: ՀՅԴ մարզային կոմիտեից մեզ հայտնեցին, որ նրանք համարյա հավասարաչափ ձայներ են հավաքել, այնպես որ, դաշնակցականների համար նախագահի թեկնածու ընտրելն այնքան էլ հեշտ չի լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել