Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 ԱՌԱՋԱՐԿ՝ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

Նոյեմբեր 30,2007 00:00

Երեկ Մադրիդում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահները:

Ավելի ուշ նրանց են միացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղարի միջազգային հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմը «Թրենդին» հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ համանախագահները Օսկանյանին ու Մամեդյարովին են փոխանցել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գրավոր առաջարկներ: Ըստ Իբրահիմի, փաթեթը ներառում է 10 առաջարկ, որոնցից մեկը համաձայնեցված չէ: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը չհամաձայնեցված հարցը որակել է «սկզբունքային», սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Արմինֆոյի» հատուկ թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, նշել է, թե «այս հանդիպմանը հնարավորություն է ստեղծվել կողմերին ներկայացնելու հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների լավագույն նախագիծը»: Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում իրենց համաձայնությունը կհայտնեն առաջարկված նախագծին: «Գլխավորն այն է, որ դա արվի մինչեւ սպասվող ընտրությունների սկիզբը: Այժմ նախագահներից է կախված փաստաթղթի քննարկման եւ գործընթացի զարգացման հետագա ուղու ճակատագիրը: Մենք ակնկալում ենք ստանալ կողմերի թեկուզ բանավոր համաձայնությունը՝ մինչ ընտրությունների սկիզբը: Ես միանգամայն հնարավոր եմ համարում դա»,- հավելել է նա: Մեկնաբանելով նոր պատերազմ սկսելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Սաֆար Աբիեւի վերջին հայտարարությունը, Բրայզան ասել է. «Սա խաղաղ գործընթաց է, եւ պատերազմն այստեղ անընդունելի է»:

«Մեդիամաքսն», իր հերթին, փոխանցում է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի՝ ԼՂ հարցի առնչությամբ հնչեցրած գնահատականները: Հանդես գալով Մադրիդում ընթացող ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, նա նշել է, թե շարունակում է հավատալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ոսկե հնարավորության» առկայությանը: «Գրեթե 4 տարի ես ակտիվորեն աջակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտության կարգավորմանը: Ես ասել եմ, որ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար ոսկե հնարավորություն եմ տեսնում եւ շարունակում եմ այդպես մտածել: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, ներկայացրել է լավ շրջանակային համաձայնագիր: Այն պատրաստ է երկու երկրների ղեկավարների ստորագրման համար` քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Հակամարտող կողմերին կոչ է ուղղել նաեւ Պորտուգալիայի ԱԳ նախարար, ԵՄ Խորհրդի նախագահ Լուիշ Ամադուն՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին հորդորելով «լիարժեք ներգրավվել» բանակցությունների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել