Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմունիստներն ընտրությունների չեն մասնակցի

Նոյեմբեր 30,2007 00:00

ՀԿԿ կենտկոմի բյուրոն որոշում է ընդունել առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրել եւ չպաշտպանել որեւէ մեկի թեկնածությունը:

Երեկ՝ Հայաստանի սովետականացման 87-րդ տարեդարձի օրը կայացած ՀԿԿ 37-րդ համագումարը հաստատեց բյուրոյի այս որոշումը: «Անցած 17 տարիները ցույց են տվել, որ Հայաստանում ոչ մի ընտրություն՝ սկսած գյուղապետից մինչեւ հանրապետության նախագահի, ոչ մի անգամ չի եղել ազատ, արդար, թափանցիկ: Ընդհակառակը, միշտ եղել են լցոնումներ, կաշառատվություն եւ այլ երեւույթներ, որոնք անհարիր են մեր գաղափարախոսությանը: Նրանք, ովքեր այսօր կան մեջտեղում, մի մասն արտահայտում է այսօրվա համակարգը, ոմանք առաջադրվում են հանուն առաջադրման, մյուսներն էլ պատվեր են կատարում: Գաղափարական ոչ մի պայքար չի եղել, ոչ էլ այս ընտրություններում է լինելու: Ժողովուրդը մեզ կհասկանա, թե ինչու այս թոհուբոհի մեջ չենք ուզում մասնակցել»,- բյուրոյի որոշումը մեկնաբանում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Բացի սա, կոմունիստներին ծանր կացության մեջ է դրել «ֆինանսական տեռորը». «Ո՞վ էր տեսել մի քանի օրում գրավը 5 միլիոնից հասցնեին 8 միլիոնի: Պատկերացրեք՝ նորմալ, լուրջ կուսակցությունը, եթե չունի, ինչպես ասում են՝ մութ գործեր, չունի ֆինանսավորողներ, իշխանության կողմից սնվողներ՝ որտեղի՞ց պիտի մուծի այդ գումարը»,- հարցնում է ընկեր Թովմասյանը: Լրագրողները փորձեցին զուգահեռներ անցկացնել Իսրայել Հակոբկոխյանի հետ, ով ընտրագրավ ձեռք բերելու համար բարի կամքի խաղերի հաղթողի իր մեդալն է հանել վաճառքի: ՀԿԿ-ն հեչ բան չունե՞ր վաճառելու: «Ինչ որ հանրապետությունում տեսնում եք՝ մեր ունեցածն է, բայց չեմ կարող ես վաճառքի հանել: Ո՞նց հանեմ, որ իշխանություններն իրենք են զբաղված երկիրը, երկրի ունեցվածքը վաճառելով: Ես ի՞նչ վաճառեմ, վաճառելու բան չունեմ»,- պատասխանում է ՀԿԿ առաջին դեմքը: Արդյոք այդպիսով չի՞ փոշիանում կոմունիստական ընտրազանգվածը: Ընկեր Թովմասյանը գտնում է, որ՝ ոչ, որովհետեւ եթե ընտրությունների մասնակցեն եւ 15 տոկոս էլ ձայն հավաքեն, միեւնույն է՝ իշխանությունը յուրացնելու է ՀԿԿ-ի ձայները: Թե ընտրազանգվածին ի՞նչ կոչերով եւ ո՞ւր են առաջնորդելու՝ «կսկսվի քարոզարշավը՝ կլսեք Թովմասյանի կոչերը», ասում է կոմկուսի առաջնորդը:

Ընդհանրապես, ընկեր Թովմասյանը անիմաստ է համարում այն մոտեցումը, որ Հայաստանում հնարավոր է սահմանադրական եղանակով իշխանափոխություն անել: Հնարավո՞ր է ինչ-որ փուլում ՀԿԿ-ն, այնուհանդերձ, կանգնի հարթակում՝ հեղափոխական թեւի կողքին: «ՀԿԿ-ի գաղափարախոսության լոզունգները՝ արդարություն, հավասարություն, եղբայրություն, խաղաղություն եւ այլն, ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի արտահայտում: Ես բազմիցս ասել եմ՝ երբեմն մենք ընդդիմությանն էլ ենք ընդդիմություն»,- ասում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը:

Քանի որ ՀԿԿ համագումարը հերթականն էր, ընդունվեցին նաեւ ԼՂՀ հիմնահարցի, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու, երիտասարդության մասին բանաձեւեր: Որոշում ընդունվեց նաեւ նոյեմբերի 29-ը որպես պետական տոն ընդունելու առաջարկ ներկայացնել իշխանություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել