Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Նոյեմբեր 30,2007 00:00

Հույս ունենալով, թե այս համագործակցությունն այլընտրանք կլինի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունը ներկայացնող թեկնածուներին:

Նախանձելի գաղտնապահություն դրսեւորեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, երբ երեկ հետաքրքրվեցինք, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է «Ժամանակ-Երեւանի» հրապարակած լուրը, որ նոյեմբերի 25-ին Սիլիկյան թաղամասի «Թերջան» հյուրանոցային համալիրում կայացել է ընդդիմադիրների մասնակցությամբ ՀՅԴ նախաձեռնած նախընտրական բլոկի կամ, ինչպես դրա մասնակիցներն են ձեւակերպում՝ 3-րդ բեւեռի առաջին հանդիպումը: «Ես կոնկրետ օրվա, ժամի, տեղի համար ոչ մի բան չեմ կարող ասել,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը:- Բայց կարող եմ ասել, որ իրոք ընթանում են բավական ինտենսիվ բանակցություններ՝ կապված ընտրությունների հետ, այդ թվում նաեւ այդ մարդկանց հետ»: Խնդրեցինք գոնե որոշակիացնել, թե կարելի՞ է ասել, որ այդ հանդիպման ընթացքում իրոք փորձ է արվել ձեւավորել 3-րդ բեւեռ. «Նախ՝ ես ընդհանրապես չեմ հասկանում «3-րդ» բառը: Մենք գտնում ենք, որ երկրում պետք է ձեւավորել այս իշխանություններին իրական եւ գաղափարական այլընտրանք ներկայացնող բեւեռ: Եվ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: Որպես բացատրություն «3-րդ բեւեռ» արտահայտության՝ ԱԺԿ նախագահին հիշեցրինք, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասելով, թե «արհեստականորեն ստեղծվում է երկբեւեռ դրություն», նաեւ նկատել էր, թե չգիտի՝ իրենց խորհրդակցությունների շնորհիվ «ընդդիմության 2-րդ բեւեռ կլինի՞, թե՞ ընդհանրապես 3-րդ կողմ կլինի, իրական ալտերնատիվ կլինի անցյալի՞ իշխանությանը, թե՞ ներկա իշխանությանը: Ես կարծում եմ, ալտերնատիվ կլինի այդ երկուսին»:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը հաստատեց «Թերջան» հյուրանոցում հանդիպման փաստը: Եվ մասնակիցների հրապարակված ցանկին՝ Վազգեն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Շավարշ Քոչարյան, Սամվել Բաբայան՝ հավելեց. «Մասնակցել են նաեւ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը»: Հետաքրքրվեցինք՝ հանդիպման ընթացքում խոսքը նախընտրական դաշինքի՞ մասին էր, եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը պարզաբանեց. «Դեռ հեռու ենք այդ մտքից, բայց… Համագործակցության մասին է խոսքը: Մենք դեռ խոսում ենք: Այսօր ուղղակի համագործակցության մասին խորհրդակցություն է: Եվ այդքանն ենք կարող ասել: Ուրիշ որեւէ արդյունք չկա, որ կարողանանք ուրիշ բան ասել»:

Մինչդեռ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ «ԱրմԻնֆո»-ին հայտնել է. «ՀՅԴ բյուրոն բանակցություններ է վարում քաղաքական մի քանի ուժերի հետ՝ առաջիկա նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի թեկնածուին աջակցելու շուրջ»:

Սակայն այդ թեկնածուներից մեկը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, մեր զրույցի ընթացքում իրենց աջակցելն ուղղակիորեն չնշեց իբրեւ այս խորհրդակցությունների նպատակ. «Մենք ի սկզբանե հայտարարել էինք, թե այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանի առջեւ կանգնած են՝ մեկ քաղաքական ուժ չի կարող վերցնել ու տանել, քանի որ դրանց ծավալն ու խորությունն իսկապես ենթադրում են ջանքերի համատեղում: Այդ առումով մենք, բնական է, փնտրում ենք քաղաքական դաշտում այնպիսի ուժեր, որոնց մոտեցումները կարող են հնարավորինս մոտ լինել սկզբնական, ելակետային մակարդակով, որի հիման վրա կարելի է աշխատել եւ հասնել ավելի լուրջ համաձայնությունների»: Հետաքրքրվեցինք՝ ավելի որոշակի ի՞նչ համաձայնությունների է հաջողվել հասնել. «Խնդիրը հիմնականում այն է, որ բոլորի համար պարզ է, թե պետք է միավորում տեղի ունենա որոշակի գաղափարների շուրջ, այլ ոչ թե՝ մեկը գա, ասի՝ ես ամենալավ թեկնածուն եմ, եկեք ինձ պաշտպանեք: Հիմա գաղափարների հստակեցման խնդիրը կա: Եվ այդ տրամաբանությամբ՝ բնականաբար, պահպանելով մեր մոտեցումները, սկզբունքային մասը՝ փորձելու ենք գտնել ընդհանուր դաշտ: Ընդհանրությունները կարելի է արդեն ստանալ քննարկումների վերջում: Եթե համաձայնելու ենք՝ կլինի մտադրությունների պակտ»: Արմեն Ռուստամյանը հարցին, թե նման ընդհանրություններ արձանագրելու դեպքում հնարավո՞ր է, թե ձեւավորվի նախընտրական դաշինք, պատասխանեց. «Նայած ինչպիսի արդյունք կլինի: Պայմանավորված է բովանդակությամբ՝ եթե այն եղավ գոհացուցիչ, ձեւերը միշտ կարելի է գտնել»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեր հարցին, թե «բարի նպատակներ» արձանագրելուց բացի՝ նոյեմբերի 25-ի հանդիպումը գործնական իմաստով ի՞նչ է տվել, պատասխանեց. «Չէ, բարի նպատակներից բացի՝ որեւիցե որոշակի պայմանավորվածություն չկա: Խոսակցությունը նախ եւ առաջ ծրագրային էր, թե ինչ կուզենայինք, որ երկրի համար լիներ: Եվ երկրորդը, թե իրար հետ բոլոր դեպքերում կարո՞ղ ենք համագործակցել ընտրությունների ժամանակ՝ ապահովելու, որ նորմալ անցնեն. դա այն հարցն է, որ բոլորը բոլորի հետ են խոսում: Եվ երրորդ հարցը, որ քննարկել ենք իրար հետ, այն է, որ եթե բոլորն առանձին-առանձին գնան՝ ոչ մի արդյունքի չեն հասնի. հնարավորություններ կա՞ն իրար հետ միավորվելու որեւիցե թեկնածուի շուրջ: Այս առումով քննարկվել են շատ տարբեր տարբերակներ, եւ ոչ մի տարբերակի վրա կանգ չենք առել: Բայց այդպիսի խոսակցությունները դեռ շարունակվելու են»: Վազգեն Մանուկյանը նաեւ նշեց, թե այս 3 հարցերից «բավական հեշտ է պայմանավորվել ծրագրային հարցերի շուրջ: Ընտրությունների վերահսկողության շուրջ՝ բավական բարդ է, եւ ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի ուզում, այլ մեխանիզմներն են բավական դժվար: Այսօր միայն ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» ունեն ընտրական հանձնաժողովների անդամներ, ԱԺՄ-ն՝ ոչ, ուստի վերահսկողության առումով պրոբլեմներ կան: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին՝ այս թեմայով խոսակցությունները շատ վաղուց են սկսվել եւ ոչ միայն այս ձեւաչափով: Որոշակի լուծում չկա: Բայց այն թեկնածուները, որոնք գնում են հաղթելու եւ ոչ թե ուղղակի մասնակցելու, կարծում եմ, ինչ-որ տեղից հետո կկարողանան իրար հետ ընդհանուր հայտարարի գալ, եթե առաջին երկու հարցում համաձայն են»:

 Հ. Գ. Ի դեպ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նաեւ ասել է. «Չնայած թերություններին` Ռոբերտ Քոչարյանը լավ նախագահ է»: Եվ այն հարցին, թե արդյոք նրան կարելի՞ է տեսնել որեւէ պաշտոնում, եթե 2008-ին նախագահ ընտրվի ՀՅԴ թեկնածուն՝ պատասխանել է. «Անշուշտ, եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա, ՀՅԴ-ն դեմ չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել