Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 29,2007 00:00

\"\"Արոնյանն ու Հակոբյանը շարունակում են պայքարը

Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկության մեկնարկային տուրից հետո պայքարն սկսած 128 գրոսմայստերներից ասպարեզում մնաց 64-ը: Որ գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն առաջին արգելքը հաղթահարել էր առանց դժվարության եւ սահմանված ամենակարճ ժամանակում, արդեն տեղեկացրել ենք: Մեկնարկը որոշակիորեն դժվար ստացվեց աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանի համար: Նա դասական շախմատի երկու պարտիաներում չկարողացավ առավելության հասնել Ուզբեկստանի ներկայացուցիչ Անտոն Ֆիլիպովի նկատմամբ (1:1) ու ստիպված եղավ նրա դիմադրությունը կոտրել երրորդ օրը նշանակված թայբրեքում: Ռապիդում (արագ շախմատ) տանելով մեկ հաղթանակ եւ մեկ պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի՝ Հակոբյանն անցավ երկրորդ շրջան:

Ցավոք, աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Զավեն Անդրիասյանն անհաջողության մատնվեց ամերիկացի Ալեքսանդր Օնիշչուկի հետ մրցապայքարում: Այստեղ նույնպես դասական շախմատում հավասար արդյունք գրանցվեց: Իսկ ռապիդում հաջողությունն ուղեկցեց Օնիշչուկին՝ 2,5:1,5, եւ Անդրիասյանը վերածվեց հանդիսականի:

Երեկ սկսվեց երկրորդ տուրը: Արոնյանը հանդիպելու էր Յան Գուստավսոնին (Գերմանիա), որը պայքարից դուրս էր թողել իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնին, իսկ Հակոբյանի մրցակիցը Գաեմ Մեգամին էր՝ Իրանից:

Տղաներն ավելի հաջողակ են

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի 8-18 տարեկանների առաջնությունը մոտենում է եզրագծին:

Երեկ՝ 10-րդ տուրում, մասնակիցները խաղատախտակների առջեւ նստեցին նախավերջին անգամ: Մեր հանրապետությունը աշխարհի առաջնությունում ունի իր մասնակիցները: Նրանցից ամենահաջողը հանդես են գալիս ավագ տարիքային խմբերի տղաները: Մասնավորապես, 9-րդ տուրից հետո մինչեւ 18 տարեկանների պայքարում Ավետիք Գրիգորյանը 7,0 միավորով ընթանում էր երկրորդ հորիզոնականում, առաջատարին՝ ռուսաստանցի Իվան Պոպովին զիջելով ընդամենը կես միավորով: Նույն տարիքային խմբում հաջող էին հանդես գալիս նաեւ Հրանտ Մելքումյանն ու Հովիկ Հայրապետյանը: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում էին 9-րդ եւ 14-րդ տեղերը:

16 տարեկանների մրցապայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով 7-րդն էր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 14 տարեկաններ)՝ 5-րդը: Հայաստանցի վերոնշյալ շախմատիստներից Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը վերջին երկու տուրերում չեմպիոնության համար պայքարելու իրական հնարավորություններ ունեին, իսկ մյուս երկուսը հաղթանակներ տանելու դեպքում կարող էին տեղ զբաղեցնել մրցանակային եռյակներում:

Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր աղջնակների մրցելույթների մասին, որոնք առաջնության ավարտին զբաղեցնում էին միջին եւ ցածր դիրքեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել