Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալիքներ ընտրություններից

Նոյեմբեր 29,2007 00:00

Ինչո՞ւ էր առաջադրվում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը

Վերջերս «Հայոց Աշխարհ» օրաթերթը հիշեցրեց Հայաստանի անկախության ժամանակաշրջանում նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների մասին: Ի զարմանս ինձ, թեկնածուների շարքում հայտնաբերեցի ոչ միայն ընտրությունից ընտրություն ի հայտ եկող փոքրաթիվ կուսակցությունների «առաջնորդների», հանրապետությունում ճանաչված մտավորականների, այլ նաեւ մոռացված եւ անծանոթ անունների: Հետո մտորեցի, թե ինչու հասարակության կողմից ընդունված, հարգանք վայելող, անհամեմատ ավելի արժանիքներ ունեցող մարդկանց մտքով չի անցնում իրենց ծանր տեղը թեթեւացնելով մի երկու-երեք ամիս դառնալ լրատվամիջոցների եւ ժողովրդի ուշադրության կենտրոն, որպես նախագահի կամ ԱԺ պատգամավորության թեկնածու, հետո…նորից մատնվել մոռացության: Երբ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը որոշեց նորից առաջադրվել պատգամավորության թեկնածու իր ծննդավայրում, իր այդ մտադրությունը ոչ միայն հավանություն չգտավ իր շատ մտերիմների, հարազատների եւ գրչակիցների կողմից, այլ նաեւ զարմացրեց շրջապատին: Բոլորը հիշում էին նախորդ ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունը եւ թե ինչքան ծանր տարավ այն:

Բայց արի ու տես, որ մարդը չկարողացավ դիմակայել իր անձնական կրքերին ու ամբիցիաներին, երեւի թե աչքերին էր գալիս գրողների համագումարը, երբ ինքը լինելով ավելի շատ լրագրող, քան գրող, որպես հարմարվող, ավելորդ խնդիրներ չծնող եւ աննկատ, որոշ մարդկանց կողմից հեշտությամբ կառավարվող, հարմար թեկնածու, ստանալով «դաբրո» վերեւներից, շատերի համար անսպասելիորեն ընտրվեց միության նախագահ: Ընտրվեց՝ չպատկերացնելով, թե ինչ պետք է անի:

Բայց թե ինչ բարիքներ կային ՀԳՄ-ում, ինքը լավ գիտեր՝ հզոր նյութական արժեքներ, անշարժ գույք, վարձակալությամբ տրված տարածքներ, ով գիտի, թե իրականում ինչ գումարներ են վճարվում դրանց համար, արտասահմանից ստացվող հանգանակություններ:

Դրսից թվում է, թե Գրողների միությունը շարունակում է մնալ հայ մշակույթը պահպանող կենտրոն, հո չե՞ն պատկերացնում, թե գրողները ուր են հասել: Երբ դժվարությամբ հայթայթած գումարներով տպագրած գրքերը իրացնելու միակ ձեւը դարձել է նվիրատվությունը, դա չի հետաքրքրում միությանը, նրա ղեկավարությանը:Նրանց հետաքրքրողն այլ բան է՝ շենքի վերանորոգման գումարները, Ծաղկաձորի, Սեւանի հանգստյան տները, պոլիկլինիկան, պետական պատվերով հրատարակվող գրքերը, պետական մրցանակների բաշխումը…

Եվ այս ամենին պետք է տիրանալ մինչեւ վերջին շունչը, ուրեմն՝ առաջ դեպի ԱԺ ընտրություններ, չստացվեց, ուրեմն նորից կդժգոհենք տիրող իրավիճակից, իշխանությունների անարդարությունից եւ այլն: Նրան որպես գրող ո՞վ գիտի, ոչ ոք չգիտի, ուրեմն պիտի արագ ազատվել Գրողների միությունից՝ դեպի հայրենի ծննդավայր, դեպի ԱԺ ընտրություններ, առանց հաշվի առնելու տիրող իրավիճակը, սեփական հնարավորությունները, անտեսելով մրցակցի կողմից կատարվածը, խոսելով ոչ թե այն մասին, ինչ ինքն է անելու ընտրվելու դեպքում, այլ միայն փնովելով մրցակցի կողմից արդեն իսկ կատարածը, ստեղծված աշխատատեղերը, տարիների ընթացքում իրականացվող շարունակական սոցիալական ծրագրերը:

Փառք Աստծո, միության սենյակները վարձակալությամբ են տրված, արդեն հասցրել է միության ծառայողական շքեղ ավտոմեքենան սեփականաշնորհել, այնուհետեւ նորից վարձակալության տալ հարազատ միությանը որպես անձնական սպասարկող ծառայողական մեքենա, ինչպես ժողովուրդն է ասում, ոտքը գետնից կարելի է կտրել, կարելի է հանդիպումների ժամանակ մեքենայից էլ դուրս չգալ, երկրացիներին հրավիրել մեքենայի մոտ ու խոսել, թե ինչքան լավն է ինքը, ի, միաժամանակ բաժանելով անորակ բովանդակությամբ քարոզչական մի գրականություն, ուր թեկնածուի ծրագրի փոխարեն մատուցվում էր անվանի մարդկանց՝ իբր թե իր հասցեին արված գովեստի խոսքերը:Ի դեպ, հրապարակախոս Զորի Բալայանին շատ էին զարմացրել իրեն վերագրված նման մի քանի արտահայտություններ: Եվ չթաքցված ակնկալիքներ ունենալ յուղ ու բենզինի առեւտրով զբաղվող իր երկրացուց, որը եւս չկարողացավ բավարարել նրա հույսերը, իսկ հետագայում իր կողմից մեղադրվեց՝ թե «բուլդոզերով» փողեր բաժանեց, այժմ էլ գտնվում է քննության տակ՝ հարկերը խոշոր չափերով թաքցնելու համարլ:

Համ էլ լավ, մաքուր օդին չես տեսնի խեղճ ու կրակ, հուսահատ, հիվանդ, օգնության կարոտ եւ զրկված գրողներին, որոնց վերջին հույսը իրենց միությունն է, իր անսպառ, բայց այս ղեկավարության ձեռքերում հօդս ցնդած, չքացած հնարավորություններով: Չէ, հաստատ, ամեն ձեւով պետք է դառնալ պատգամավոր, թե չէ ո՞վ է «կրիշ» կանգնելու իր բիզնեսին, անձնական բարիքներին, իր կողմից օտարված գրախանութի օրինականությանը, Երեւանի մոտակայքում կառուցվող սեփական շքեղ առանձնատանը, միության շենքի վերանորոգմանը՝ պետության հատկացրած գումարների հսկողությանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել