Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ 75-ԱՄՅԱԿԻՆ

Նոյեմբեր 29,2007 00:00

Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հոբելյանական միջոցառումները կձգվեն մինչեւ 2008-ի գարուն:

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը հինգերորդ տարին է, ինչ անցկացնում է գարնանային եւ աշնանային համերգաշարեր: Վերջինս, որ սկսվել է հոկտեմբեր ամսից, նվիրված է միության ստեղծման 75-ամյակին: Կայացել են 6-7 կամերային եւ երգչախմբային երեկոներ: «Առավոտին» հետաքրքրեց «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 4-ին կայանալիք՝ միության հոբելյանին նվիրված սիմֆոնիկ երաժշտության համերգի ազդագիրը, որտեղ ներկայացված 9 դասական կոմպոզիտորների թվում մեր ժամանակակիցները երեքն են՝ Ալեքսանդր Հարությունյան, Մարտուն Իսրայելյան, Երվանդ Երկանյան:

Հանդիպեցինք ՀՀ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանին:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ միության նախագահը՝ Ռ. Ամիրխանյանը, որոշել է հոբելյանական միջոցառումները երկարաձգել մինչեւ 2008թ. մայիս, դրանով իսկ հնարավորինս շատ հնչեցնելով մերօրյա կոմպոզիտորների սիմֆոնիկ, մեծակտավ ստեղծագործությունները: Հարցին, թե այսօր միությունը պետական աջակցություն ստանո՞ւմ է, պարոն Առաքելյանն ասաց. «Տարբեր առիթներով դիմում ենք նախարարություն, եթե ֆինանսական աջակցությունը բավարարում է՝ լավ, եթե ոչ, օրինակ, անձամբ միության նախագահի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան գրասենյակի օգնությամբ, սկսած 1999թ., երկու տարին մեկ անցկացրել ենք մեծ միջոցառումներ, օրինակ՝ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջազգային 3-րդ գիտաժողովը, փառատոնը եւ այլն: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվեց ֆինանս տրամադրել: Ի վերջո, այս կազմակերպությունն աջակցում էր գիտաժողովի, այլ ոչ թե փառատոնի անցկացման համար: Բայց պարզից էլ պարզ է, որ գիտաժողով՝ առանց երաժշտական փառատոնի, լիարժեք չի լինի»: «Առավոտի» դիտարկմանը, թե արվեստագետների շրջանում տարածված է այնպիսի կարծիք, որ եթե կոմպոզիտորի կինը երաժշտագետ է (օրինակ՝ Ղ. Սարյանի կինը Արաքսի Սարյանն է, Ա. Տերտերյանինը՝ Իրինա Տիգրանովան եւ այլն), ապա ինչ գնով ուզում է լինի, ժամանակ առ ժամանակ լույս են տեսնում գոնե բրոշյուրներ տվյալ կոմպոզիտորին նվիրված, պարոն Առաքելյանը հայտնեց հետեւյալը. «Միությունն ունի 130 անդամ: Բնականաբար, անգամ բրոշյուրների տեսքով մենք բոլորին չենք կարող անդրադառնալ: Իսկ հոբելյանական տարեթվերը, օրինակ՝ Ավետ Տերտերյանի, Ղազարոս Սարյանի եւ մյուսների, այս կամ այն կերպ նշվում են: Այո, ունենք կյանքից հեռացած մեծանուն կոմպոզիտորներ, որոնց կանայք ոչ պակաս մեծանուն երաժշտագետներ են եւ նորմալ է, երբ կինը անդրադառնում է իր ամուսնու ստեղծագործական դիմանկարին: Արդեն նախարարություն ենք ներկայացրել ցանկ, խնդրելով 2008թ. նախատեսել միջոցառումներ՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի, երաժշտագետ Գեորգի Տիգրանովի եւ այլոց հոբելյաններին»:

Կոմպոզիտորների ամենացավոտ հարցի, այն է՝ ստեղծագործությունները գնելու մասին էլ Դ. Առաքելյանն ասաց. «Երկրորդ տարին է՝ նախարարությունը այդ նպատակով տրամադրում է 3 մլն դրամ: Մենք ուղարկում ենք ստեղծագործության ձայնագրությունը, պարտիտուրը կամ նոտաները եւ ազդագիրը: Գնվում է գոնե մեկ անգամ կատարված ստեղծագործությունը: Օրինակ, Գագիկ Հովունցը իր ջութակի սոնատի համար ստացավ 350 հազար դրամ, նույն չափի գումար ստացավ Աշոտ Զոհրաբյանը լարային կվարտետի համար եւ այլն»: Կոմպոզիտորների միության փոխնախագահը մեր հարցին ի պատասխան՝ առաջարկեց, որ գոնե ԶԼՄ-ները «կլոր սեղան» հրավիրեն, որպեսզի երաժշտագետներին հանեն «պարապուրդի» վիճակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել