Շոկ տեսած Հայաստանի թերապիան ուշանում է
Լեհաստանը Եվրամիության անդամ է դարձել 2004թ. մայիսի 1-ին: Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման հարցերով վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ «Լեհաստանի եվրաինտեգրացման փորձը եւ դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով:
«Վերջերս նշեցինք Հռոմի համաձայնագրի ընդունման 50-ամյակը, որը սկիզբ դրեց Եվրոպական միությանը: Եվրամիությունը այդ ժամանակվանից ի վեր զարգացման տարբեր փուլեր է անցել: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո տիրապետում էր երկու գաղափար՝ մեկը եվրաինտեգրումն էր, մյուսը՝ համատեղ գոյություն ունենալու եւ բոլոր երեւույթների վրա ազդելու ցանկությունը: Վերջինը անհնար դարձրեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ինտեգրումը Եվրամիությանը, որը ծանր հետեւանքներ ունեցավ: Այժմ այդպիսի շատ հասարակություններ տառապում են այն բանից, որ անմասն են մնացել այդ զարգացումներից»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեն:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Կանթորն էլ նշեց. «Եվրաինտեգրացիան եւ դրանից բխող մարտահրավերները ազդեցություն են ունենալու յուրաքանչյուր հայի վրա: Կարծում եմ, այս ճանապարհին առաջացած խնդիրների լուծումը միայն պաշտոնյաների գործը չէ, պետք է մասնակցեն նաեւ մյուս քաղաքացիները»:
Լեհաստանի նախագահին կից միջազգային հարցերով պատասխանատուի տեղակալ Ուրշուլա Դորոշեւսկան էլ իր զեկույցում անդրադարձավ այն գործընթացներին, որոնք իր երկրում ուղեկցել են եվրաինտեգրացմանը. «Եվրոպական միությանը ինտեգրվելուն մեր հասարակությունը 100 տոկոսով կողմ չէր: Կային կուսակցություններ, որոնք կտրականապես դեմ էին: Վախենում էին, թե չենք կարող դուրս գալ միջազգային շուկա, չենք դիմանա մրցակցությանը: Հատկապես գյուղացիներն էին կասկածանքով մոտենում ԵՄ մուտք գործելուն: Այսօր արդեն մեր հասարակության շուրջ 87 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը»: Ու. Դորոշեւսկան նաեւ հավելեց, թե եվրաինտեգրումից հետո ինչից են գոհ եւ դժգոհ Լեհաստանի քաղաքացիները: Գոհ են, օրինակ, երկրի սահմանների բաց լինելուց, գյուղատնտեսական զարգացումից, նրանից, որ կարող են աշխատել արտերկրում: Դժգոհ են՝ երկրից ուղեղների արտահոսքից: Լեհաստանի եվրաինտեգրումը հատկապես նպաստավոր է եղել երիտասարդների, ֆերմերների, գործարարների համար. «ԽՍՀՄ-ի կազմում մենք շրջափակման մեջ էինք գտնվում, Եվրոպայից մեկուսացած էինք: Այժմ, երբ առանց ուղեգրի երկրեերկիր կարող ենք գնալ, մի տեսակ բարձրացել է մեր ազգային ինքնավստահությունը: Մեր մսամթերքն ու կաթնամթերքն էլ պահանջարկ ունեն եվրոպական երկրներում: Իսկ արտերկրում աշխատելն այսօր չի նույնացվում արտագաղթի հետ, ինչպես նախկինում էր: Ավիատոմսերն այնքան էժան են, որ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում աշխատող շուրջ 900.000 քաղաքացի կարող է ոչ աշխատանքային օրերին գալ Լեհաստան եւ վերադառնալ»: Տնտեսական աճից էլ են գոհ լեհերը: Ըստ տիկ. Դորոշեւսկայի՝ «Տարեկան միջին տնտեսական աճը 5 տոկոս է: Իհարկե, Լիտվայից եւ Բալթյան երկրներից հետ ենք, բայց երկու անգամ առաջ ենք եվրոպական հարուստ երկրներից»:
Գիտաժողովի մասնակիցները երեկ հետաքրքրվեցին, թե տնտեսության զարգացման շոկաթերապիա կոչվող մոդելը ինչ է իրենից ներկայացնում, եւ ինչպես անել, որ շոկ ապրած Հայաստանում թերապիան էլ շուտ գա: «Մեզ մոտ շոկն ու թերապիան միասին են եղել, քանի որ հասարակությունը վստահում էր այդ ժամանակվա իշխանություններին»,- կարճ պատասխանեց Ու. Դորոշեւսկան: ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի զեկույցը, ի տարբերություն լեհ գործընկերոջ, ավելի քաղաքականացված էր. «Ինչ է Եվրոպական միությունը մեզ համար. այն արժե՞ք է, թե՞ հետաքրքրություն: Արդյո՞ք եվրոպական արժեքները պարզապես ուղեգիր են ավելի քաղաքակիրթ կյանքի համար»: Հռետորական հարցերից հետո Աշոտյանն անցավ Հայաստանին եվրաինտեգրում մղող գործոններին՝ շեշտելով քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ պատճառներ: