Բազմամյա փորձ ունեցող բուժքրոջը աշխատանքից ազատեցին «շեֆին» ընդդիմանալու համար, եւ դա օրինականացրեց դատարանը:
Ֆլորա Բաղդասարյանը 1978 թվականից աշխատել է նույն հիմնարկում, այժմ՝ «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ-ում՝ որպես ավագ բուժքույր: Ունի շուրջ 39 տարվա աշխատանքային փորձ, բազմիցս պարգեւատրվել է եւ խրախուսվել: Աշխատանքային գործունեության ընթացքում որեւէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, չունի տույժեր, չի ստացել եւ ոչ մի նկատողություն: Այս տարվա մարտի 30-ին նրան է ներկայացվել 23.03.07թ. թիվ 21 հրամանի քաղվածքը, որով նա ազատվել է աշխատանքից: Այդ քաղվածքի համաձայն՝ «վիրահատարանի ավագ բուժքույր Ֆլորա Բաղդասարյանին ազատել աշխատանքից 23.03.07 թ., համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 7 կետի: Հիմք՝ վիրաբուժության ամբիոնի վարիչ Ս. Գրիգորյանի զեկուցագիրը»: Նշենք, որ հրամանում հիշատակված զեկուցագրի բովանդակությունը բուժքրոջը հայտնի չի եղել եւ նրա բազմաթիվ պահանջները՝ զեկուցագրի պատճենը իրեն տրամադրելու մասին, ապարդյուն են եղել: Զեկուցագրում Սասուն Գրիգորյանը նշել է, որ 2007թ. մարտի 15-ի վիրահատության ժամանակ դրված կարերը կտրվել են, դրա պատճառը հասկանալու նպատակով ստուգվել են թելերի փաթեթները եւ պարզվել է, որ դրանց օգտագործման ժամկետը սպառվել է 1997 թ.: Այս հարցում մեղավոր տեսնելով Ֆ. Բաղդասարյանին, պահանջել է բուժքրոջ ազատումը զբաղեցրած պաշտոնից: Հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին հայցով տիկին Բաղդասարյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Գ. Հակոբյան), որտեղ հունիսի 15-ի վճռով հայցը մերժվել էր: Սեպտեմբերի 17-ին հայցը մերժեց նաեւ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան): Պատասխանողի ներկայացուցիչը դատարանում արդարացավ, թե զեկուցագրում շարադրված են առավել քան հիմնավոր պատճառներ, որոնցից յուրաքանչյուրն արդեն իսկ բավարար կլիներ բուժքրոջը զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:
Սակայն Ֆ. Բաղդասարյանը իրեն աշխատանքից ազատելը կապեց երկու մարդու ծրագրերի իրագործման հետ. «Առաջինը պրոֆեսոր Սասուն Գրիգորյանն է, նա ինչ ցանկանում է, այն էլ անում է, իսկ բժշկական ինստիտուտի իրավաբան-կոնսուլտատն ասում է, թե ո՞վ է բուժքույրը, որ իրավունք ունենա բողոքել պրոֆեսորի դեմ: Ստացվում է, որ եթե ես բուժքույր եմ, ուրեմն Հայաստանի քաղաքացի չե՞մ, իրավասու չե՞մ ճշմարտությունն ասելու, իմ իրավունքները պաշտպանելու»: Ապա ավելացրեց. «Զեկուցագիրը չի համապատասխանում իրականությանը, գրված է ոչ ճիշտ եւ անգրագետ: Անհրաժեշտ էր պատճառ, որ գլխավոր բժիշկը հիմք ունենա ինձ հանելու աշխատանքից: Հնարավոր էր, որ նրանք նախօրոք պայմանավորվածություն ունեին ինձ հանելու մասին: Գրված էր 3-րդ համարի կապրոնե թելի մասին, որ այն եղել է գործարանային պատրաստի պակետների մեջ եւ ժամկետն անց էր, որը չի համապատասխանում իրականությանը: Թելը պատրաստում եմ ես եւ երբեւիցե չենք ստացել պակետներով»: Ֆ. Բաղդասարյանի խոսքերով, ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ինքը «համարձակություն» ունեցավ պրոֆեսորին նկատողություն անել. «Վիրաբուժության ամբիոնի վարիչը պետք է իր վարքով ու գիտելիքներով կարողանա պատրաստել իրեն արժանի փոխարինողներ: Պետք է կարողանա իր փորձը եւ գիտելիքները փոխանցել եւ ամբիոնի, եւ հիվանդանոցի սկսնակ վիրաբույժներին, նրանց ընդգրկելով վիրահատական պրոցեսի մեջ՝ որպես ասիստենտ: Փոխարենը վիրահատության էր կանգնում միայն իր տղայի եւ քրոջ տղայի հետ, իսկ դա օրենքի խախտում է: Քանի որ դրա մասին լռում էին բոլոր իրավասուները, ես որոշեցի զգուշացնել, չպատկերացնելով, որ նա այդ շարժառիթը իմ դեմ կօգտագործի: Երբ մարդն իրեն զգում է անպատժելի, անցնում է բացարձակ անօրինության»: Նախկին բուժքրոջ խոսքերով, Ս. Գրիգորյանին թեւ ու թիկունք է դարձել գլխավոր բժիշկ Սամվել Հարությունյանը: Վերջինս քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանի եղբայրն է: