Քաղաքապետարանը թույլատրել է կառուցապատողներին այգու տարածքում շենք կառուցել, բայց դա արել է «անգիտակցաբար»:
Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք բողոքում էին, որ քաղաքապետարանը հերթական այգին ոչնչացնելու եւ տեղը բնակելի շենք կառուցելու թույլտվություն է տվել: Խոսքը Շենգավիթ համայնքի Եղբայրության 14 եւ 16 շենքերի հարեւանությամբ գտնվող կանաչապատ տարածքի մասին է, որտեղ «Հասիս» ՍՊԸ-ն 10 հարկանի բարձրահարկ շենք է պատրաստվում կառուցել՝ շուրջ 625 քմ տարածքում: Բնակիչների խոսքերով՝ այդ այգին տարածքի միակ կանաչ գոտին է, բացի այդ, վերը նշված շենքերն ընդգրկված են Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցուցակում, ուստի շենքերի բակային տարածքն էլ վերափոխման ենթակա չէ: Շինարարության հետեւանքով կտրվելու է այգու մոտ 60 ծառ: Ըստ ցուցարարների, կառուցապատողները, քաղաքապետարանի շինթույլտվությունը ստանալիս տարածքը ներկայացրել են իբրեւ «անբարեկարգ, հարթ» տարածք: Հենց այդպես էլ ամրագրված է կառուցվելիք բնակելի շենքի ճարտարապետա-հատակագծային առաջադրանքում: Իսկ քաղաքապետարանի պաշտոնյաները հարկ չեն համարել նախապես ուսումնասիրել տարածքը, ապա նոր թույլտվություն տալ:
Բնակիչները դիմել են ՀՀ Ազգային ժողով, նախագահի աշխատակազմ, գլխավոր դատախազություն եւ Երեւանի քաղաքապետարան, որոնցից, սակայն, որեւէ արձագանք չեն ստացել: Այս առնչությամբ Շենգավիթի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին. «Թաղապետարանի ապօրինի շինություններով զբաղվող բաժինը կառուցապատողին հրավիրել է՝ հարցը քննարկելու: «Հասիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մեզ ներկայացրել է քաղաքապետարանի բոլոր փաստաթղթերը, այսինքն՝ շինարարությունը լրիվ օրինական էր: Ուստի մենք իրավունք չունեինք արգելել շինարարությունը կատարել: Մենք ընդամենն առաջարկել ենք նախագիծը փոխել եւ բնակիչների բողոքները հաշվի առնել՝ հանուն կանաչ տարածքները պահպանելու»:
Երեկվա ակցիայի ժամանակ բնակիչները հանդիպել են քաղաքապետարանի եւ նախագահի վերահսկողական ծառայության ներկայացուցիչների հետ: Վերջիններս տարածքն ուսումնասիրել են ու եկել այն եզրակացության, որ կառուցապատողը քաղաքապետարանին խաբել է եւ բոլորովին այլ կերպ է նկարագրել տարածքը, դրա համար էլ ստացել է շինթույլտվությունը: Պաշտոնյաները, տեսնելով, որ իսկապես այդ շենքերի բակում այգի է, ոչ թե անբարեկարգ տարածք, որոշել են ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը:
Բնակիչները վստահեցնում էին, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են եւ թույլ չեն տալու այդ տարածքում որեւէ շենք կառուցել: Նրանք մոտ օրերս պատրաստվում են հերթական ակցիան անցկացնել այգու տարածքում: