Գուրգեն Արսենյանը ողջունում է առաջին նախագահի վերադարձը
«Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով արժանապատվորեն տանելով Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պարտությունը՝ անգամ ԱԺ ամբիոնից շնորհավորեց նորընտիր խորհրդարանականներին, այս ողջ ընթացքում մի տեսակ ընդհատակում էր գտնվում: ԱԺ ընտրություններից հետո ե՛ւ պարոն Արսենյանը, ե՛ւ նրա կուսակիցները մասնակցություն չունեցան ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր դաշտի ձեռնարկներին: Երեկ, սակայն, պարոն Արսենյանն իր ներկայությամբ պատվել էր «Ազգային ժողովրդավարների միության» համագումարը: Լրագրողներին տված իր մեկնաբանություններում, սակայն, Գուրգեն Արսենյանը սեղմ ու զգուշավոր էր: Ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու ՄԱԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում, կուսակցությունը դեռ կհստակեցնի ակտիվի հավաքում: Թե դա երբ տեղի կունենա՝ «թողեք կուսակցության ներքին խոհանոցին»,- ասում է Արսենյանը: Գուրգեն Արսենյանը չի խոսում նույնիսկ իր անձնական համակրանքների կամ հակակրանքների մասին: Ասում է, որ ենթարկվելու է ակտիվի ցանկացած որոշմանը: Նա «նորմալ» է վերաբերվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ իր շուրջ համախմբվելու հայտարարությանը, եւ Վազգեն Մանուկյանի՝ գաղափարների շուրջ համախմբվելու երեկ արված կոչին. «Առաջին նախագահն իր շարժառիթներն ունի այդ տիպի հայտարարություն անելու, առաջին վարչապետը՝ ունի իր շարժառիթները»: Գուրգեն Արսենյանը «ողջունում» է եւ «միայն ուրախ է», որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն. «Առաջին նախագահի վերադարձը հայաստանյան քաղաքական դաշտում աննկատ չանցավ: Շատ կարեւոր է, որ մեր քաղաքական դաշտում գործում են այնպիսի ծանր քաշային քաղաքական գործիչներ, ինչպիսին է Տեր-Պետրոսյանը»:
Իսկ ի՞նչ գաղափարի շուրջ կհամախմբվի ՄԱԿ-ը: Արսենյանը պնդում է, որ իրենք չեն հրաժարվել այն թեզերից, որոնք ԱԺ ընտրությունների քարոզչության շրջանակներում առաջ էին տանում: «Առաջին կարեւորագույն խնդիրը ժողովրդագրական ճգնաժամն է: Ինչքան ուզում ես կառուցիր ազատ պետություն, ազատ տնտեսություն՝ ազգային մտածելակերպով. էդ ազգի քանակական ներկայությունը պարտադիր է: Մենք այդ քանակական ներկայության լրջագույն խնդիր ունենք, եւ ոչ ոք չի խոսում դրա մասին: Ոչ ոք չի խոսում, որ տասը տարի հետո մենք վերանալու վտանգի առաջ ենք կանգնած: 10-15 տարվա կտրվածքով լրջագույն այս պրոբլեմի մասին ոչ ոք չի ուզում խոսել, որովհետեւ դա 10-15 տարվա լրջագույն եւ հետեւողական աշխատանք է: Մենք չենք ասել՝ սա գողացավ, նա չարաշահեց, մյուսը մեզանից իշխանություն գողացավ… Մենք խոսել եւ խոսում ենք պրոբլեմներից, որովհետեւ իշխանության խնդիր չենք փորձում լուծել: Մենք ասում ենք՝ եթե դու գտնում ես, որ դու այս ժողովրդի շղթային օղակ ես՝ ապա ապահովիր հաջորդ օղակի գոյությունը»,- ասում է Գուրգեն Արսենյանը:
Քանի դեռ առաջադրվող թեկնածուների քաղաքական ծրագրերը չեն հրապարակվել, փորձեր չեն եղել դրանց տակ կոնկրետ գործողությունների ծրագրեր դնելու՝ ՄԱԿ-ը կշարունակի սպասել: Ըստ պարոն Արսենյանի, իրենց դիրքորոշումը ավելի հստակ կլինի թերեւս քարոզչության երկրորդ-երրորդ շաբաթների ընթացքում, եւ իրենք կհայտարարեն այն անձի եւ ծրագրերի մասին, որոնց պատրաստվում են սատարել: Դա կլինի իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր դաշտի թեկնածու հարցին հետեւյալ պատասխանը հնչեց. «ՄԱԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածուի որոշումը ընդունվելու է փակ, գաղտնի, ռեյտինգային քվեարկությամբ»: