Բայցեւ քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց ոչ թե իր, այլ գաղափարների շուրջ
Երեկ ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարի թվով 184 պատվիրակները միաձայն որոշեցին 2008թ.-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանելու մասին երեկ հայտարարեցին նաեւ նախկին ԱԺՄ-ականներ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը: «Առավոտի» տեղեկություններով, ԱԺՄ-ն իր համագումարին հրավիրել էր քաղաքական դաշտը ներկայացնող բոլոր ուժերին, բայց նրանցից միայն մի քանիսն էին՝ ՍԻՄ-ը, «Ազգային վերածնունդը», «Դաշինքը», ՄԱԿ-ը, «Ազգային պետությունը», որ ներկայացել էին կուսակցությունների առաջին դեմքերով, իսկ ՀՀՇ-ն ու հանրապետականները՝ որպես Վ. Մանուկյանի քննադատության թիրախ դարձած «նախկին» ու «ներկա» ռեժիմների ներկայացուցիչներ, ընդհանրապես չէին եկել:
Համագումարում առաջին ելույթը հե՛նց Վազգեն Մանուկյանինն էր: Դա, ըստ էության, ԱԺՄ նախագահի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի, ծրագրի եւ երկրի կառավարման մոտեցումների ամփոփ շարադրանքն էր, որտեղ կար չանձնավորված քննադատություն՝ ուղղված ե՛ւ «նախկինների», ե՛ւ գործող իշխանությունների հասցեին, ավելին՝ տեղ-տեղ նաեւ համերաշխություն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից գործող իշխանություններին տրված գնահատականի եւ ընտրություններից 2-3 տարի հետո նոր ընտրություններ անցկացնելու հարցում: Արձանագրելով, որ «Հայաստանն անցած տարիներին շեղվել է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհից, եւ որ ժողովրդավարության ամենահիմնական մեխանիզմը՝ ընտրությունները, այսօր բացարձակապես չի աշխատում», Վ. Մանուկյանը համոզմունք հայտնեց, թե՝ «իշխանությունը գտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ինչ ուզում՝ անում են: Դատական համակարգ չկա: Այն ուղղակի դարձել է իշխող խավի սպասարկուն: Կոռուպցիան թաթախել է ամբողջ պետական ապարատը՝ վերից մինչեւ ներքեւ, ամբողջ հասարակությանը, պետությունում չկա ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական մրցակցություն»: ԱԺՄ նախագահը ամենեւին էլ պատահական չհամարեց, որ նման պարագայում հասարակության համար հրամայական է դարձել՝ «ազատվել սրանցից, ազատվել ամեն գնով»:
Վ. Մանուկյանի ասելով, ստեղծված արատավոր համակարգը ձեւավորվել եւ գործում է երկար տարիներ՝ սկսած այն պահից, երբ 88-ի Շարժումից հետո «մարդկանց մի խումբ զգաց, որ ինքը վեր է կանգնած ժողովրդից, որ ինքը ճակատագրով է ընտրված, ինքը պետք է առաջնորդի ժողովրդին, իսկ ժողովրդի ձայնը լսելը նույնիսկ վտանգավոր է, որ ազգային մտածողությունը բարդ խոչընդոտներ է առաջացնում իրենց համար եւ կեղծ կատեգորիա է: Մտածեցին, որ եթե մեր պետությունում պետք է լինի տնտեսական եւ ֆինանսական էլիտա, որը հետագայում վճռական դեր է խաղալու իշխանություն փոխելու եւ իշխանություն պահելու հարցում, ապա ինչո՞ւ դա չլինեն մեր մարդիկ: Նստած թուղթ ու մատիտով կազմում էին՝ էլիտան սա է: Եվ ստեղծվեց մի համակարգ, երբ մի խումբ մարդիկ ղեկավարում են մյուսներին»:
Վ. Մանուկյանը համեմատելով նախկին եւ ներկա իշխանություններին՝ նկատեց, որ եթե 98-ից առաջ «նախորդներն ասում էին, որ ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում մարդու իրավունքներից, ազատություններից, սրանք ասացին, որ ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում Ղարաբաղից, եթե նախկինները կեղծում էին, բայց հիմնված էին ազատ պետության գաղափարների վրա, ապա գործող իշխանությունը նույնն անում է, բայց հիմնված է ազգային գաղափարի վրա»:
Ըստ նրա, կոռուպցիան նախորդ ժամանակաշրջանում միջանկյալ երեւույթ էր, այժմ՝ դա համակարգ է, ու եթե «կոռուպցիան հանես՝ պետական համակարգը կփլվի», ուստի՝ պետք է ազատվել ոչ միայն անձանցից, այլեւ՝ համակարգից: Ապա Վ. Մանուկյանը շարադրեց գործողությունների այն ծրագիրը, որն, իր պատկերացմամբ, կարող է երկրում համակարգային փոփոխությունների լավ հիմք դառնալ: Նախ՝ անպայման փոխել գործող Սահմանադրությունը, իսկ նորը խարսխել մեր ժողովրդի գիտակցության կամ ենթագիտակցության մեջ արմատավորված երկու գաղափարների՝ ազատության եւ ազգային ինքնագիտակցության վրա: Մինչ այս եղած երկու Սահմանադրությունն էլ, ըստ Վ. Մանուկյանի, «վատն են, կեղծված են եւ չեն ընդունվել ժողովրդի կողմից»: Նոր Սահմանադրությունը պետք է երաշխավորի գործադիր իշխանությունից անկախ դատարանների գոյությունը, պետք է լայն լիազորություններ ապահովի ՏԻՄ-ի ինքնուրույնության, սեփական բյուջեն ձեւավորելու եւ այլ իմաստներով, կախման մեջ չլինի կենտրոնից: Նոր Սահմանադրությամբ ժողովրդին պետք է վերապահվի հանրաքվե նախաձեռնելու իրավունք, այդ թվում՝ իշխանություններին անվստահություն հայտնելու համար, երկրի նախագահը պարտավոր է նաեւ նպաստավոր պայմաններ ստեղծել կուսակցությունների զարգացման համար՝ անկախ այն բանից, թե նրանք որ ճամբարում են գործում: «Այս ամենը պահանջելու է 2-3 տարի, որից հետո նոր Սահմանադրությամբ պարտադիր պետք է տեղի ունենա նոր ընտրություններ»,- ասաց ԱԺՄ նախագահը, ըստ որի, դրանից հետո եթե նոր իշխանությունն էլ խաբեց ժողովրդին, ապա «ցանկացած ցնցում ու հեղափոխություն օրինական կլինի»:
Անշուշտ, ԱԺՄ առաջնորդն անդրադարձավ նաեւ Ղարաբաղի հիմնախնդրին՝ հավասարապես մերժելի համարելով եւ այն տեսակետը, թե՛ «Ղարաբաղը տանք ու լավ ապրենք», թե՛ «ոչ մի թիզ՝ ոչ մեկին, սա մեր պապենական հողն է»: Վ. Մանուկյանը կրկնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն ապարդյուն լինել այնքան, քանի դեռ ՀՀ-ն չի կառուցել ազատ եւ ժողովրդավարական, նորմալ զարգացող տնտեսություն ունեցող երկիր: Նրա ելույթը եզրափակվեց գաղափարական ուժերի համախմբման կոչով. «Ես չեմ ասում՝ եկեք, համախմբվեք իմ շուրջ: Ես ասում եմ՝ եկեք համախմբվենք գաղափարների շուրջը: Ո՞վ կառաջնորդի՝ կգտնենք»:
ԱԺԿ նախագահ Շ. Քոչարյանն էլ հայտարարեց, թե իր գլխավորած կուսակցությունը պաշտպանելով Վ. Մանուկյանի թեկնածությունը, իր ներդրումն է ունենում այն բեւեռի ձեւավորմանը, որը երկրում համակարգային փոփոխությունների հիմք կարող է ստեղծել: Նա մասնավորապես կարեւորեց ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» հետ համագործակցությունը, քանի որ նրանք ընտրական հանձնաժողովներում անդամներ ունեն եւ կարող են նպաստել արդար ընտրությունների կայացմանը: Իսկ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչները խոստացան Շ. Քոչարյանի ակնկալած օժանդակությունը: