Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ

Նոյեմբեր 29,2007 00:00

\"\"Նրա ասելով, 1993-ին Սերժ Սարգսյանը համաձայնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել, որ Ղարաբաղին «թիկունքից չխփեն»:

Երեկ ԱԺՄ արտահերթ համագումարին հյուրի կարգավիճակով ներկա էր նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ի պատասխան լրագրողների հարցերին, նա անդրադարձավ իր իսկ արած հայտարարությանը, թե 1993թ.-ին Սերժ Սարգսյանի՝ մի կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը լքելու փաստը կապված էր Հայաստանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործության՝ ԼՂ տարածքները ազատագրելը թույլ չտալու հետ: Նա նաեւ հայտարարել էր, թե առաջիկայում կհրապարակի այն մարդկանց անունները, ովքեր դա արել են, խոչընդոտել են նաեւ, որ ռազմամթերք հասնի Ղարաբաղ եւ այլն:

Երեկ պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ե՞րբ է պատրաստվում հրապարակել իր մատնանշած փաստերը, «Դաշինքի» ղեկավարն ասաց. «Դա կհայտարարենք, երբ ժամանակ գտնենք՝ ճիշտ եւ հարմար»: Իսկ չի՞ կարծում, որ դրանք կարող են պետական գաղտնիք պարունակել, որից կարող է օգտվել Ադրբեջանը: «Panorama. am»-ի թղթակցի այս դիտարկման հետ Ս. Բաբայանը, թերեւս, մասամբ համաձայնեց. «Այո: Եթե այդքանը ճիշտ էր հասկանում պետության առաջին դեմքը (նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին), չէր փորձի հերյուրանքներ տարածել»: Ըստ նրա, 17 տարի իր մասին ինչ ասես՝ գրվել է, բայց ինքը չի խոսել այդ գաղտնիքների մասին: Բայց երբ այսօր, Ս. Բաբայանի ձեւակերպմամբ, «շանտաժով փորձում են մարդկանց վախեցնել» եւ երկընտրանքի առաջ կանգնեցնել՝ «կա՛մ էստեղ պետք է լինես, կա՛մ էնտեղ, կամ, որ՝ Բաբայանը սրան քշեց, նրան կոտորեց կամ ձերբակալեց, ես արդեն պարտավոր էի խոսել: Եթե իմ անունը չտային, ես ինչի՞ պետք է խոսեի»: Ս. Բաբայանը դժգոհեց նաեւ, որ փորձ է արվում իր արած հայտարարությունը ներկայացնել որպես ինչ-որ մեկին պաշտպանելու դրսեւորում, կամ խնդիրը ներկայացնել հայաստանցի-ղարաբաղցի բանավեճի հարթությունում, կամ իրեն վերագրում են մի բան, որն ինքը չի ասել. «Ասում են, որ մթամ Բաբայանը ներկայացրել ա, որ հայաստանցիք չեն կռվել… Ստեղ հայաստանցու, ղարաբաղցու հարց չկա: Հայաստանցիները ղարաբաղցիներից էլ լավ կռվել են: Բոլորն էլ գիտեն: Հայ ժողովուրդն ա կռվել: Բայց կան հարցեր, որոնց մասին հետո կխոսենք, մի վռազեք»:

Ս. Բաբայանի հայտարարությանը օրերս արձագանքել էր նաեւ այդ տարիներին Զանգեզուրի պարետ Պարույր Հայրիկյանը: Նրա ասելով, այն ժամանակ Արցախի դատարկման վտանգը կանխելու համար իրենք Զանգեզուրում փակում էին Արցախից հեռացող տղամարդկանց ճանապարհը, «եւ բաց էինք թողնում միայն այն դեպքերում, երբ լինում էին Արցախից եկած ստորագրություններ: Երկու ստորագրություն կար, պայմանավորվածության համաձայն՝ մեկը Ռոբերտ Քոչարյանինն էր, մյուսը՝ Սերժ Սարգսյանինը, եւ միայն այդ ստորագրությամբ տղամարդկանց ենք բաց թողել Հայաստան: Այդ ամբողջ շրջանում, որ ես եղել եմ պարետ, Մարտակերտի ու Շահումյանի այդ շրջանում հիմնականում Սերժի ստորագրություններն էին, մի քանի հարյուր այդպիսի փաստաթղթեր մինչեւ հիմա մեր գրապահոցում պահվում են»:

Ի պատասխան այս բացահայտման՝ Ս. Բաբայանն ասաց. «Ես չգիտեմ, թե Պ. Հայրիկյանն ինչից է խոսում, գուցե՝ քաղաքական պրոցեսների մասին է խոսքը: Ես խոսում եմ զուտ ռազմական պրոցեսների մասին, որին տեղյակ եմ: Քաղաքական ի՞նչ պրոցեսներ են եղել, ի՞նչ փաստաթղթեր եւ ովքե՞ր են ստորագրել, որտե՞ղ՝ խնդրեմ, թող հրապարակեն»:

«Ազատություն» ռ/կ-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր Ս. Սարգսյանը համաձայնել 1993-97 թվականներին աշխատել այն ժամանակվա «հանցագործ իշխանությունների» հետ, «Դաշինքի» ղեկավարն ասաց, թե Ս. Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելուց քիչ առաջ՝ 1993-ի մայիսին, Վազգեն Մանուկյանին ազատել էին պաշտպանության նախարարի պաշտոնից: «Հայաստանում պետք է նշանակեին մի անձ, որը ընդդիմության համար անխոցելի լիներ: Ղարաբաղի հաջողության ֆոնի վրա էլ նշանակեցին Սերժ Սարգսյանին: Ինքը եկավ, քանի որ դա Ղարաբաղում որոշված էր, եւ մենք էինք խնդրել նրան, որ համաձայնություն տա, կոնկրետ՝ որ կարողանա թիկունքը ապահովել, որ մեզ թիկունքից չխփեն: Դա է եղել իրական փաստը»,- եզրափակեց Ս. Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել