ԱԺՄ համագումարին երեկ ներկա էր նաեւ 1999-ին կուսակցությունը լքած եւ Ռ. Քոչարյանի իշխանության օրոք պաշտոններ զբաղեցրած Դավիթ Վարդանյանը: «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ժամանակին բավականին ակտիվ քաղաքական այս գործչից: «Մի հատ լսենք, տեսնենք ինչ են ասում, կողմնորոշվենք՝ նոր»,- ասաց պարոն Վարդանյանը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից հետո պարոն Վարդանյանը աննկատ լքեց նիստերի դահլիճը: Ավելի ուշ հեռախոսով պարոն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ «կողմնորոշվեցիք ու հեռացա՞ք»: «Ես հիմա քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում զբաղվել, իմ ասածները հետաքրքիր չեն լինի: Հիմա տղաներով նստած գարեջուր ենք խմում եւ ոչ քաղաքական հարցեր քննարկում»: Ձեզ չոգեւորե՞ց Շավարշ Քոչարյանի եւ Արշակ Սադոյանի՝ նորից Վազգեն Մանուկյանի կողքին կանգնելը մեր հարցին պարոն Վարդանյանը հակադարձեց. «Արդեն հարցեր եք տալիս:
Կներեք: Հաջողություն»: