Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցի մահը բացահայտող փաստաթղթեր կան

Նոյեմբեր 28,2007 00:00

Երեկ Եղիշե Չարեցի հուշարձանի մոտ նշեցին նրա ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակները

Չարենցը մահացել է 1937-ի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.30, Երեւանի բանտում: Երեկ Երեւանում գտնվող նրա հուշարձանի մոտ մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ եւ քաղաքացիներ պոետի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակների կապակցությամբ հիշեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրան: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը փաստեց. «Պահպանվել է նրա մահվան տեղեկանքը, նրան դիահերձել են, որի արձանագրությունը եւս կա: Իսկ թե հետո ինչ է կատարվել, այդ մասին առայժմ փաստաթղթերը լռում են, քանի որ դրանք ժամանակին տարվել են Հայաստանից»: Չարենցագետը նաեւ նկատեց. «1937-ը 1915-ի նման մի տարեթիվ է. այդ տարի զոհվեցին նաեւ Ակսել Բակունցը, Ներսես Ստեփանյանը, Զապել Եսայանը եւ այլք: Ապրիլի 24-ի հետ էլ նույնանում է 1936-ի օգոստոսի 9-ը, երբ նշված գործիչները ձերբակալվեցին: Դրսում էր միայն Չարենցը, որը սեպտեմբերի 24-ից տնային կալանքի դատապարտվեց, իսկ նոյեմբերի 15-ին նրան ենթարկեցին հարցաքննության: 1937-ի հուլիսի 27-ին նրան ձերբակալեցին: Չարենցը դատապարտվեց այնպիսի հոդվածներով, որ եթե ապրեր, Բակունցի պես կգնդակահարեին: Իսկ բանտում նա դժգոհում էր, թե ինչու իրեն չեն հարցաքննում»: Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ հիշեց նրա դստեր` Անահիտի խոսքերը, թե Չարենցի ճակատին դեռ ծնված օրվանից կարծես դաջված էին «տառապանք» եւ «Երկիր Նաիրի» բառերը: «Նա ապրեց զրկանքներով լի մի կյանք՝ 40 տարի, բայց կարողացավ իրեն հավերժություն ապահովել: Այսօր նշում ենք ոչ թե նրա հիշատակի, այլ անմահության օրը»,- ասաց Լ. Հակոբյանը:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ առաջարկեց, որ հենց տվյալ պահից մեկնարկի չարենցագիտության եւ չարենցասիրության մի նոր փուլ: «Այսօր, երբ համաշխարհայնությունը քառասմբակ արշավում է մեր ինքնության, կերպի դեմ, պարտավոր ենք տոչորվել ոչ թե գալիք ընտրությունների համար, այլ մտածել գալիք սերունդների մասին»,- ասաց նա: Հետո էլ անդրադառնալով Չարենցի ապրած կյանքին՝ նշեց. «Չարենցի ստեղծագործությունը կրկնում է նրա ողջ ճակատագիրը, իսկ այդ ճակատագիրը դրվագներով նույնանում է հայ ժողովրդի՝ 20-րդ դարի դժվարահաճ ճակատագրին»: ՀԳՄ նախագահը հայտնեց, որ Չարենցին նվիրված տոնակատարությունները միայն այս տարով չեն սահմանափակվի: Մյուս տարի բանաստեղծի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ՝ կկազմակերպվի Չարենցի պոեզիայի միջազգային փառատոն:

Միջոցառմանը ներկա աշակերտներից եւ ուսանողներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գիտեն Չարենցի մասին: Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտուհի Կարինե Ասոյանն ասաց. «Նրա «Ես իմ անուշ Հայաստանին» կարծես աղոթք լինի: Չարենցը դարձավ իր ժամանակի, բարքերի զոհը»: ԵՊՀ ուսանողուհի Հայարփի Մախսուդյանն էլ կարծում է. «Չարենցն ինքն իր զոհն էր, քանի որ հանճարներին բնորոշ է վայրիվերումներով վարքագիծն ու կյանքը: Չեմ կիսում այն կարծիքը, որ նա համակարգի զոհն էր, քանի որ, եթե Չարենցն ուզենար, կկարողանար ճկուն կերպով խուսափել այդ համակարգից՝ չպարելով վերջինիս դուդուկի տակ»: Դերասան Ազատ Գասպարյանն էլ նման կարծիք հայտնեց. «Չարենցը դարձավ հայ ժողովրդի անտարբերության, ժամանակի, բռնատիրության զոհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել