Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄ ԴՈՒ ՊԻՏԻ ՄՌՈՒԹ ՋԱՐԴԵՍ, ԿԱՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ»

Նոյեմբեր 28,2007 00:00

\"\"«Կամար Արտ» փառատոնի հիմնադիր Լեւոն Իվանյանը մշակույթի դաշտում գործելը համեմատում է ռինգի հետ:

Նորաստեղծ «Կամար Արտ» հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը երեւանյան մշակութային օջախներում («Ա. Խաչատրյան» համերգասրահ, Կամերային երաժշտության տուն, «Ակադեմիա» պատկերասրահ, «Նարեկացի» արվեստի միություն) առաջին անգամ անցկացնում է «Կամար Արտ» խորագրով փառատոն:

Հիմնադրամի տնօրենն ու փառատոնի կազմկոմիտեի նախագահն է հայաստանյան մշակութային դաշտում հայտնի անուն՝ Լեւոն Իվանյանը: Նա 1970-ականներին Երեւանում հիմնված մնջախաղի թատրոնի առաջին արտիստներից է, լայնածավալ ռեժիսորական ու մասնագիտական-մանկավարժական աշխատանք է ծավալել, ղեկավարել է հայորդաց տներ ու «Նարեկացի» արվեստի միությունը, կազմակերպել մեծամասշտաբ հանդիսություններ, այդ թվում՝ «Եղեգան փող», «Սարդարապատ», Մոսկվայի Կրեմլի պալատում՝ «Կարոտ» միջոցառումը եւ այլն: Թվարկած աշխատանքներին զուգահեռ, որպես բեմադրիչ, Լ. Իվանյանը տասը տարի համագործակցում է հաշմանդամների «Հույսի կամուրջ» հ/կ-ի թատերախմբի հետ:

Արդեն մեկնարկած «Կամար Արտ» փառատոնի հայտագիրը առաջին հայացքից գրավում է բազմաժանրությամբ եւ մասնակիցների թվով: Այս առիթով Լ. Իվանյանը «Առավոտին» ասաց. «Փառատոնային միջոցառումներին մասնակցում է շուրջ 200 երիտասարդ արվեստագետ: Նրանց մեծ մասը անհատ կատարող է՝ ժողովրդական գործիքներից ու երգեցողությունից մինչեւ դասական վոկալ, տրիոներ, կվարտետներ, նկարիչներ, ռեժիսորներ, որոնք հանդես կգան իրենց նկարահանած ֆիլմերով: Համերգների ծրագրերը նույնպես բազմաժանր են՝ Կոմիտասից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, համաշխարհային դասականների երկերի մեկնաբանումներ»: «Առավոտի» դիտարկմանը՝ նման ճոխ փառատոնի անցկացումը ակնկալում է գոնե ամիսների աշխատանք, ինչը ձեր դեպքում չենք ասի, որովհետեւ նույն ամսին ստեղծվել է եւ հիմնադրամը, եւ մեկնարկել փառատոնը, մյուս կողմից էլ, նման մասշտաբային միջոցառումն առանց հզոր հովանավորի՝ հազիվ թե պատշաճ մակարդակով անցկացվի, Լ. Իվանյանը պատասխանեց. «Համաձայն եմ: Բարեկամներս էլ խորհուրդ չէին տալիս ձեռնամուխ լինել այս գործին, բայց մյուս կողմից՝ հայաստանյան մշակութային զարկերակն իր ռիթմն ունի: Եթե փառատոնը հիմա չանցկացվեր, ապա այն տարբեր պատճառներով կհետաձգվեր մինչեւ հաջորդ աշուն: Տեսեք ի՞նչ է կատարվում մեր մշակութային դաշտում: Ձմռանը մշակութային կյանքը քուն է մտնում, գարնանը սկսում է նիրհից դուրս գալ, եւ դրանց կազմակերպումը արդեն այլ մոտեցում է թելադրում: Ամռանը մեր արվեստագետները բռնում են եվրոպաների ու ամերիկաների ճամփաները: Դրա փոխարեն, մեզ մոտ հանդես են գալիս օտարները, իսկ մշակութային բուն կենտրոնացումը իրականացվում է աշնանը՝ սեպտեմբերի կեսերից նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, որից հետո մի պահ դադար է, հետո սկսվում են ամանորի միջոցառումները»:

Ինչ վերաբերում է «Կամար Արտ» փառատոնի ֆինանսավորմանը, մեր զրուցակիցը դրա բացակայության հիմնական մեղավորը իրեն համարեց: Ըստ Լ. Իվանյանի, նա փառատոնի մեկնարկից ընդամենը 10 օր առաջ է դիմել ՀՀ կառավարությանը, ի դեմս վարչապետի, որտեղից տեղեկացրել են, որ նամակը հղված է մշակույթի նախարարություն. «Փառատոնը սկսված է, բայց առայսօր ես պատասխան չունեմ: Փառատոնի աջակիցը միայն «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանն է: Նշեմ նաեւ, որ փառատոնի մասնակիցները չեն վարձատրվում: Նման փորձ ես ունեցել եմ եւ ցավով պետք է ասեմ, որ մեզանում բոլոր ասպարեզները գործնականում նմանվում են իրար, իսկը ռինգ է. կամ դու պիտի դիմացինի մռութը ջարդես, կամ՝ հակառակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել