Ըստ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Հյուսիսային պողոտայի մասին բացասաբար արտահայտվողները գործում են երկակի չափանիշներով:
Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքների ազգային շքանշանի ասպետ Նարեկ Սարգսյանը կարծում է, որ պողոտայի կառուցմամբ Հայաստանը լուրջ հայտ է ներկայացնում՝ տարածաշրջանում քաղաքաշինական եւ մշակութային կենտրոն դառնալու:
«Պողոտայի բացումից հետո ես հազարավոր զանգեր եւ շնորհավորանքներ եմ ստացել: Ի դեպ, ամենասկզբում՝ 2000թ., միայն երկու մարդ՝ ես ու ՀՀ նախագահն էինք հավատում ծրագրի հաջողությանը: Հետագայում հավատացողների թիվն ավելացավ, բայց, միեւնույն է, սկեպտիցիզմն ու կասկածը անընդհատ եղել են ողջ պրոցեսում: Անգամ հնչեցին կարծիքներ, թե այդ լակոնիկ ճարտարապետությունը Երեւանի համար ընդունելի չէ, նոր «Չերյոմուշկա» կամ նոր Փարաքար է դառնալու»,- նշեց Ն. Սարգսյանը, որը շինարարության հաջորդ փուլի «կնքահայրն» էլ է: «Հյուսիսային պողոտայի ծրագիրը անպիսին էր, որի մեջ բոլոր մասնակիցները անվերապահորեն իրենց ուժերը ներդրեցին՝ ինվեստորները, քաղաքապետը, շինարարները, բանվորները… Անիի կործանումից հետո՝ 7-8 դար Հայաստանում ներդրումներ չեն արվել: Ռուսական տիրապետության ժամանակ բոլոր ներդրումներն ուղղվել են Թիֆլիս: Եզակի այս դեպքով փաստվում է, որ հայերն էլ կարող են օգտագործել իրենց ռեսուրսները եւ իրենց երկրում նման ձեռնարկներ իրականացնել: Օտարերկրյա ճարտարապետները ցնցված են, որ փոքրիկ Հայաստանը նման հզոր ծրագիր է իրականացրել՝ ընտրելով ոճական բազմազանություն եւ քաղաքաշինական միասնություն ուղղությունը՝ շեշտադրումը դնելով տեղական քարի եւ ազգային տրադիցիաների վրա»,- ասաց պրն Սարգսյանը:
Անդրադարձ եղավ նաեւ Հյուսիսային պողոտայի վերաբերյալ ՀՀ ճարտարապետների միության նախկին եւ ներկա նախագահների կարծիքներին: «Հյուսիսային պողոտան Ճարտարապետների միության եւ նախորդ, եւ ներկա նախագահների կողմից անընդհատ ոչ բարյացակամ գնահատականների է արժանանում: Դա ընդամենը երկու առանձին ճարտարապետների կարծիքն է եւ ոչ թե միության: Վերջինս չի կարող ունենալ հավաքական կարծիք՝ ստեղծագործական որեւէ գործի վերաբերյալ, դա խիստ սովետական մտածելակերպ է: Նշեմ, որ երկուսն էլ մասնակից չեն եղել Հյուսիսային պողոտայի նախագծային աշխատանքներին, բայց, ինչպես շատ ճարտարապետներ, այս կամ այն չափով պողոտայի տարբեր շենքերի նախագծերին մասնակցել են: Նրանց պարագայում գործ ունենք կրկնակի չափանիշների հետ: Օրինակ, Զաքիյան փողոցում գոյություն ունի 50-ական թվականներից եկող տրադիցիոն կառուցապատում՝ 4-5 հարկանի շենքեր են: Առաջին 5 հարկանի շենքը իմ նախագծով է կառուցվել: Չորրորդ շենքը, որը Ճարտարապետների միության այսօրվա նախագահ Մկրտիչ Մինասյանն է նախագծում, 9 հարկանի է: Եթե նա կարողանա ազդել իր ներդրողի վրա եւ կառուցել 5 հարկ, ես կընդունեմ իր բոլոր ասածները: Կամ նախորդ նախագահը՝ Ալբերտ Զուրաբյանը փորձում է Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի միջանկյալ մասում տեղադրել 21 հարկանի ապակեպատ հյուրանոց: Ընդ որում, նա ամենաբարձրաձայն ու ամենաշատ խոսողն է այդ տարածքի խտություններից ու բարձրություններից: Այ, եթե նա եւս հրաժարվի այդ մտքից, այդ դեպքում կհասկանամ նրա սրտացավությունը: Շեշտում եմ՝ խնդիրը անձնավորված է: Կարճ ասած՝ հսկայական ծրագիր է իրականացվել, որին որոշ մարդիկ մասնակցություն չեն ունեցել, դրա համար էլ այդպես խոսում են»,- «փակագծերը» բացեց մեր զրուցակիցը: Ն. Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ իր կոլեգաներից շատերի գնահատականները իրեն բնավ չեն հետաքրքրում, որովհետեւ. «Երբ քննադատություն է լինում Հյուսիսային պողոտայի վերաբերյալ, անգամ պողոտային մասնակցած ճարտարապետները «փախչում» են, չեն պատասխանում դրանց, բայց երբ դափնիների հարց լինի՝ բոլորն առաջ են ընկնում»: Պրն Սարգսյանը հիշեցրեց, որ օպերային թատրոնի շինարարության հարցն էլ է ժամանակին չարչրկվել ու շահարկվել. «Երեք անգամ շինարարությունը դադարեցվել է, որովհետեւ ճարտարապետները աղմուկ էին անում, թե իբր այն կղերական է, հետամնաց: Ի վերջո, գնդակահարեցին Արամայիս Երզնկյանին, որը ատամներով պաշտպանում էր Թամանյանին»: Ն. Սարգսյանն ասաց, որ ինքն այն մարդկանցից չէ, ովքեր տարբեր առիթներով դիֆերամբներ են ձոնում, բայց տվյալ դեպքում ինքը չի կարող չշեշտել, որ ծրագրի հաջողության թիվ մեկ «մեղավորը» ՀՀ նախագահն է. «Նա, գիտակցելով հանդերձ, որ ցավագին պրոցեսի մեջ է մտնում (իրացումը նկատի ունի- Գ. Հ.), այնուամենայնիվ, դիմեց քաղաքական ռիսկի, որի շնորհիվ կարողացանք ծրագիրն իրականացնել հինգ տարում: Հեղինակներիս կողմից էլ դա մեծագույն ստեղծագործական ռիսկ էր, որովհետեւ նույնիսկ համապատասխան արվեստանոցներ չունեինք: Հյուսիսային պողոտան հզոր երկրաշարժ է, որի հետեւանքները միայն դրական են լինելու»: