Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս խոսքերով «փշի-փշի» արեց
ցուցարարներին ու ուղարկեց տուն:
Երեկ «ԱրմենՏելից» դժգոհ բաժանորդները, հ/կ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել: Նրանք բողոքում էին, որ Հայաստանում ֆիքսված կապի միակ օպերատորը չի կարողանում իր բաժանորդների համար որակյալ կապ ապահովել, մշտապես խնդիրներ է առաջացնում եւ շարունակում է բաժանորդների հաշվին չկատարած զանգերի համար անհիմն պարտքեր գրանցել: Նկատենք, որ ակամայից դեպի Արեւելյան Թիմոր, Նոր Գվինեա, Ավստրիա, Բուրկինաֆասո եւ այլ կղզիանման երկրներ կատարած զանգերը գրանցվում են որպես միջազգային զանգեր, բայց «ԱրմենՏելն» այդ պարտքերի պատճառով ընդհանրապես անջատում է հեռախոսը՝ թույլ չտալով անգամ տեղական զանգեր կատարել կամ գոնե միակողմանի զանգեր ընդունել: Ցույցի դուրս եկած բաժանորդներից մեկի՝ Ռայա Անդրեասյանի ներկայացմամբ, երբ իրենք 10 դրամի պարտք են ունենում, «ԱրմենՏելը» պարտաճանաչորեն անջատում է իրենց հեռախոսները, սակայն իր պարտավորությունները մոռանում է կատարել. «Որքան էլ պարտք ունենա՝ բնակիչը պետք է կարողանա օգտվել շտապօգնության, հրշեջ ծառայություններից, պետք է կարողանա զանգել 02, մինչդեռ «ԱրմենՏելը» զրկում է մեզ այդ հնարավորությունից: Այս մասին ամրագրված է հեռախոսային կապի օգտագործման կանոնակարգում, սակայն այն երբեւիցե չի պահպանվել»:
«Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպությունը նախորդ ամիս դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու ներկայացրել «ԱրմենՏելի» ծառայությունների որակից դժգոհ 10 հազար բաժանորդների ստորագրություններ՝ խնդրելով բոլոր հարցերը պարզաբանել: Սակայն հանձնաժողովը հ/կ-ի դիմումին այդպես էլ որեւէ պատասխան չի տվել: Հ/կ ներկայացուցիչ Գայանե Ասատրյանի խոսքերով՝ «ԱրմենՏելը» հեռախոսն անջատած ամիսների համար անգամ բաժանորդային վարձը գանձում է, սակայն չի ուզում բաժանորդին գոնե միակողմանի կապ տրամադրել: Ստացվում է, որ բաժանորդը գումար է վճարում, բայց ոչ մի ծառայություն դրա դիմաց չի ստանում»:
Ցուցարարներին ընդունեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա ակտիվիստների գլխի տակ փափուկ բարձ դրեց ու փորձեց համոզել, որ տուն գնան. «Մեր կառույցը բաց է ձեզ համար: Մենք ձերն ենք, դուք էլ՝ մերը: Մեզ ձեզանից մի անջատեք: Ընդամենը 7-8 օր հետո մեր կայքում կտեղադրվի հեռախոսային ծառայություններից օգտվելու կանոնների նոր նախագիծը: Նախագիծը մանրամասն կարդալուց հետո բոլոր շահագրգիռ անձինք կարող են իրենց դիտողություններն ու առաջարկները մեզ ներկայացնել: Ցանկացած մարդու կարծիք էլ պատրաստ ենք հաշվի առնել»: Երբ բողոքավորները խնդրեցին իրենց ավելի կոնկրետ պատասխան տալ ու առաջարկեցին հստակ ժամկետներ նշել՝ հանձնաժողովի նախագահը չդիմացավ «փափուկ» տոնին ու սկսեց ցուցարարներին շշպռել. «Եթե ուզում եք մեզ հետ համագործակցել՝ խնդրեմ, բայց ես որեւէ մեկին թույլ չեմ տա մեզ ժամկետ կամ աշխատաոճ թելադրել»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն էլ փորձում էր ցուցարարներին ապակողմնորոշել՝ ասելով, որ եթե նրանք «ԱրմենՏելին» զզվացնեն իրենց նոր առաջարկներով՝ ընկերությունը կպահանջի բաժանորդային վարձերը բարձրացնել:
Ցուցարարները շատ դժգոհ հեռացան Ռ. Նազարյանից: Ըստ նրանց. «Հանձնաժողովի նախագահը հարցը սվաղեց ու մեզ ճամփու դրեց»: Իսկ հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանի մեկնաբանմամբ էլ՝ «Նազարյանը չարաշահեց պաշտոնեական դիրքը, միայն իրենք խոսեցին, իսկ մեզ թույլ չտվեցին, որ բերաններս բացենք: Խնդիրն այդպես էլ չքննարկվեց ու մեզ պատասխան չտրվեց»: