Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ԴՈԼԱՐ ՄԻ ՄԱՆՐԵՔ

Նոյեմբեր 28,2007 00:00

\"\"Ըստ Կենտրոնական բանկի՝ հանգստյան օրերին փոխանակման կետերն ինչ խաղեր ասես, որ չեն անում

Վերջին շաբաթ-կիրակի օրերին դոլարի կուրսի կտրուկ իջեցումը հասարակության շրջանում շոկ է առաջացրել: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին 1 դոլարը փոխանակման կետերում արժեր մինչեւ 280 դրամ: Չնայած երեկ արդեն կուրսը նորից բարձրացել էր, ու դոլարը վաճառվում էր 295-300 դրամով, բայց մարդիկ շարունակում էին խուճապահար իրենց դոլարները մանրել՝ մտածելով, որ դոլարը շարունակելու է իջնել: Ամեն տարի Ամանորի նախաշեմին, տոնական գնումներով պայմանավորված՝ դոլարի կուրսն իջնում է: Ուստի հենց միայն այդ հանգամանքից ելնելով, մարդիկ վախենում են դոլարները պահելով՝ Նոր տարվա սեղանին անգամ խոզի «բուդը» չկարողանան գնել: Դոլարի կուրսի վերջին կտրուկ արժեզրկման հետ կապված մի շարք վարկածներ կան:

Նախ, լուրեր շրջանառվեցին, որ ինչ-որ մեկը կամ մի խումբ մարդիկ դոլարի զանգվածի վրա ուզում են բիզնես անել, որ Ամանորից հետո թանկ դոլարը վաճառելով՝ միլիարդներ աշխատեն: Սա արտարժույթի շուկայում շատ հայտնի սպեկուլյացիայի մեթոդներից է, որը տվյալ դեպքում հնարավոր է:

Մյուս վարկածի համաձայն, այդ ամբողջ աժիոտաժը ստեղծել են փոխանակման կետերը. հաշվի առնելով, որ շաբաթ եւ կիրակի օրերին բանկերը չեն աշխատում, փոխանակման կետերը, միմյանց հետ հակամրցակցային համաձայնության գալով, այդ երկու օրերի ընթացքում բնակչության գրպանի հաշվին գերշահույթներ ստացան: Սակայն նկատենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործում է մոտ 270 փոխանակման կետ: Քիչ հավանական է, որ այդ 270 չենջերի ներկայացուցիչները միմյանց հետ կարողացել են նման պայմանավորվածություն ձեռք բերել ու շուկայում այդքան մեծ ալիք բարձրացնել:

Իսկ մյուս, ամենահայտնի ու ամենաշատ շրջանառվող վարկածի համաձայն, շուկայում այդ խաղերի հեղինակը Կենտրոնական բանկն է՝ իշխանությունների հետ համատեղ. առջեւում թանկ ընտրություններ են, ու ոմանց կլորիկ գումարներ են պետք՝ դրա տակից դուրս գալու համար: Այդ երկու օրում «վերեւները» հսկայական գումարներ կարողացան հետ գցել՝ ընտրություններին ծախսելու համար: Բացի այդ, իշխանական թեւին շատ ներկրողներ են աջակցում, եւ դոլարի կուրսի անկումից ամենից շատ, բնականաբար, նրանք են օգտվում:

Կենտրոնական բանկը, իհարկե, երդվում է, որ «նման բան չկա», որ հանգստյան օրերին դոլարի կուրսն այդ սրիկա չենջերն են իջեցրել ու գումարներ աշխատել: Երեկ այդ առնչությամբ մի քանի լրատվամիջոցների պարզաբանումներ տալիս ԿԲ-ի ֆինանսական համակարգի քաղաքականության վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ փոխանակման կետերի նկատմամբ խիստ վերահսկողություն չեք սահմանել, չէ՞ որ այդ առաքելությունը դուք եք իրականացնում՝ նա պատասխանեց. «Մենք վերահսկում ենք, ինչի արդյունքում արդեն որոշ փոխանակման կետերում խախտումներ ենք հայտնաբերել ու մի քանի չենջեր փակելու ենք»: Ինչպես պարզեցինք, այն փոխանակման կետերը, որոնք ԿԲ-ն ուզում է փակել, շաբաթ եւ կիրակի օրերին միակողմանի գործարք են արել, որոնց դիմաց կտրոն չեն տվել: Այդ կետերը կամ միայն դոլար են գնել, կամ միայն վաճառել, չնայած երկու գործարքի հնարավորությունն էլ ունեցել են: Այսինքն, չենջերը մտածված «մախինացիաներ» են արել շուկայում, որի համար ԿԲ-ն նրանց պատժում է: «Մենք մարդկանց զգուշացրել ենք՝ շաբաթ-կիրակի դոլար մի մանրեք, որովհետեւ բանկերն ու մասնաճյուղերը փակ են, իսկ փոխանակման կետերն ինչ ասես՝ անում են»,- պարզաբանեց ԿԲ ներկայացուցիչը: Բացի այդ, փոխանակման կետերը շաբաթական ընդամենը 8 մլն դրամի շրջանառություն են ունենում, իսկ բանկերը՝ շուրջ 170 մլն դոլարի: Չենջերը կարող են քաղաքացիներին իրենց քեֆով սպասարկել միայն այն օրերին, երբ բանկերը չեն աշխատում:

Չնայած դրան, երեկ Դավիթ Սարգսյանը միանշանակ չէր պնդում, որ դոլարի կուրսի անկման միակ մեղավորը փոխանակման կետերն են: Բանկն առաջ է քաշում մեկ այլ վարկած. «Շաբաթ-կիրակի դոլարի արժեզրկումը հայկական ֆենոմեն չէ: Դա աշխարհի շատ երկրներին է բնորոշ: ԱՄՆ-ն ունի բյուջեի դեֆիցիտ, որը կապված է նաեւ այն երկու պատերազմների հետ, ինչը պետք է ֆինանսավորվի: ԱՄՆ-ն սկսեց նոր դոլար տպել, որպեսզի շրջանառության մեջ դնի: Այդ դեպքում աշխարհի մակարդակով դոլարի ծավալն ավելանում է, իսկ եթե դոլարը շատ է եւ կա պահանջարկ, կա առաջարկ, ուրեմն կուրսը կիջնի»:

Թե ինչ է անում Կենտրոնական բանկը՝ դոլարի կուրսի անկումը զսպելու եւ արտահանողներին փրկելու համար, Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ «Մենք իրականացնում ենք ստերիլիզացիոն քաղաքականություն, շուկայում ձեռք ենք բերում արտարժույթ, որպեսզի թույլ չտանք փոխարժեքի կտրուկ անկում, միաժամանակ մենք թողարկում ենք պարտատոմսեր, եւ այն դրամը, որ տվել ենք տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին՝ արտարժույթի դիմաց, հավաքագրում ենք պարտատոմսերի միջոցով, առաջարկում ենք որոշակի տոկոս, որպեսզի իրենք այդ դրամը բերեն-տան ԿԲ-ին, տեղը թուղթ վերցնեն, ինչի արդյունքում թույլ չենք տալիս, որ այդ դրամը մտնի տնտեսություն: Դրա հետեւանքով գնաճը, որ կա երկրում, ավելի չի մեծանում, սա է մեր քաղաքականությունը»: Նկատենք, որ մեր երկրում գնաճն առանց այդ էլ չափազանց մեծացել է, ու եթե նույնիսկ ԿԲ-ն որեւէ քաղաքականություն չիրականացնի ու կուրսին «չմիջամտի», միեւնույն է, մենք հացը, կարագը, ձեթը, հագուստը, մեքենան ու անշարժ գույքը ձեռք ենք բերում սարսափելի բարձր գներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել