Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴԵՑԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Նոյեմբեր 28,2007 00:00

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ երաշխավորություն էր նախապատրաստել՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին եւ «ՍԻԼ գրուպին» պատկանող տպարանի ղեկավար Մարտին Սուքիասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ»-ին պատմեց, որ երաշխավորությանը միանալու համար «մոտեցա Խաչիկ Մանուկյանին եւ մի քանի այլ պատգամավորների՝ ոչ ոք չստորագրեց: Խմբակցություններին էլ գրավոր ուղարկեցի՝ սպասելով, թե ով կմիանա»: Ոչ ոք չմիացավ, եւ ի վերջո՝ այդ երաշխավորությունը երեկ վերաքննիչ դատարան ուղարկվեց միայն «Ժառանգության» պատգամավորների անունից:

Նշենք, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում է հոկտեմբերի 22-ից ազատազրկված Գեւորգ Սաֆարյանին գրավով կալանքից ազատ արձակելու գործը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Խ. Բաղդասարյանը նոյեմբերի 19-ին մերժել էր «Պիցցա դի Ռոմա» ընկերության տնօրենին 2 մլն դրամի դիմաց ազատելու միջնորդությունը: Նկատենք, որ առաջարկված գրավն ավելին է, քան այս ստուգումների ավարտից հետո կազմված ակտի համաձայն՝ խախտումների ընդհանուր ծավալի հետեւանքով հասցված վնասը, այն է՝ 1,9 միլիոն դրամ: Սակայն դատավորն իր որոշման մեջ դարձյալ մեջբերել է մինչեւ ստուգումների ավարտը հարկային ծառայության հայտարարած թիվը, ըստ որի՝ Խորենացու փողոցում գտնվող «Պիցցա դի Ռոմա» սրճարանը 2005-ի մայիսից մինչեւ 2007-ի հոկտեմբերի 1-ը «չարամտորեն» խուսափել է բյուջե վճարել 15 մլն 219 հազար դրամ՝ «իրացման ծավալները պակաս հաշվարկելով» եւ հարկման հայտարարագրերում «ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով»: Գեւորգ Սաֆարյանի պաշտպանները միջնորդության մեջ նշել էին, թե տնտեսական բնույթի գործերում առաջնային են հաշվապահական փաստաթղթերը, «որոնք քննչական մարմիններն արդեն առգրավել են, եւ ոչ թե վկաների ցուցմունքները»: Այնուամենայնիվ դատարանը որոշել էր, թե ազատության մեջ լինելով՝ Սաֆարյանը կարող է ազդել վկաների վրա եւ թաքցնել գործի համար նշանակություն ունեցող նյութերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել