Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջմայրցամաքային հրթիռը» կառաջադրվի

Նոյեմբեր 28,2007 00:00

Արտաշես Գեղամյանը տեղի տվեց իր կուսակիցների համառ պահանջներին եւ որոշեց մասնակցել նախագահական մրցավազքին:

Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ընդլայնված կազմով նախագահության նիստը միաձայն որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Նիստի ընթացքում, Գեղամյանի խնդրանքով, իր կուսակիցները գրավոր հիմնավորումներով ներկայացրել են, թե ինչու են համառորեն ցանկանում, որ Գեղամյանն առաջադրվի: Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ այդ հիմնավորումների մի մասն ընթերցվեց լրագրողների համար: Ելույթները ձոն էին կուսակցական առաջնորդին, լուտանքներ նախկինների մասին եւ մեղմ արձանագրումներ, որ ներկաներն էլ ընդունելի չեն: Լուտանքների մասով հատկապես աչքի ընկավ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը. «Եթե խոսում ենք Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի մասին, ապա նկատի ունենք՝ ընդհատակյա-գանձագող բիզնեսմեններին եւ պոպուլիստ ռեւանշիստներին: Լեւոնապաշտների գաղափարախոսությունը եւ շահերը ժողովրդի իղձերի հետ ընդհանուր ոչինչ չունեն: Նրանց փափագած նպատակը՝ երկիրը ցնցումների եւ շանտաժի ենթարկելով՝ իրենց կուռքին նորից պետության գլուխ կանգնած տեսնելն է: Տեր Պետրոսյանի վրա են ծանրացած քաղաքական աղետների պատասխանատվությունը, ՀՀ քաղաքացիների նկատմամբ կազմակերպված բռնությունների եւ սպանությունների, ցուրտ եւ մութ տարիների, ժողովրդի տոտալ աղքատացման եւ ալան-թալանի դրսեւորումները»:

Իշխանամետ քարոզչության տեսակետից հետ չմնաց նաեւ Սարգիս Մուրադխանյանը, որը հոտնկայս հայտարարեց. «Տեր-Պետրոսյանը ոչ միայն ական է Հայաստանի ընդդիմադիր դաշտում, այլեւ ական է՝ դրված Հայաստանի պետականության հիմքերում: Բան ու գործները թողած՝ ընկել են ԱՄ-ի ետեւից, կուսակցության սոցիալապես անապահովներին կաշառելով փորձում են տանել իրենց կողմը»: «Դարդ մի արա, մի հուզվի»,- կուսակցին մխիթարեց Արտաշես Մամիկոնիչը: Շիրակցի կուսակցական Լեւոն Գալստյանն էլ զարմացավ. «Երբ ասում են՝ Գեղամյանն ական է, ես զարմանում եմ, ինչո՞ւ են փոքրացնում: Գեղամյանը միջմայրցամաքային հրթիռ է, որի ձայնը հանուն հայոց պետականության լսել են հյուսիսում, հարավում, արեւելքում եւ արեւմուտքում»: Նման համոզիչ հիմնավորումներից հետո կուսակցության առաջնորդը, որպես ժողովրդավար գործիչ, բնականաբար, չէր կարող չենթարկվել կուսակցական մեծամասնության կարծիքին եւ հերթական անգամ չլծվել ազգապաշտպան գործի:

Ասուլիսում պարոն Գեղամյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մերժում է եւ նախկիններին, եւ ներկաներին. «Այն, որ մենք մերժում ենք գործող իշխանություններին, դա գործողների համար ամենեւին գաղտնիք չէ, այն պարզ պատճառով, որ անգամ իսկ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին մենք հրատարակել էինք 30 հազար տպաքանակով Հայաստանի Հանրապետության խորը ճգնաժամը հաղթահարելու հակաճգնաժամային ծրագիր, ուր սեւը սպիտակի վրա տրված են մեր գնահատականները, իշխանությունների կողմից տարվող թե տնտեսական, թե դրամավարկային, թե ընդհանուր առմամբ ներքին քաղաքականությունը: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագովները, չգիտես ինչու, կարծեցին, թե մերժելով գործող իշխանություններին, մենք հանկարծ կարող է կուսակցությամբ համատեղ ամնեզիա՝ հիշողության կորուստ ապրենք»: Իրեն «իրական այլընտրանք» հռչակելով՝ Գեղամյանն էլ համոզված է, որ դուրս է գալու երկրորդ փուլ՝ երկրորդ փուլում բացառելով Տեր-Պետրոսյան-Սարգսյան զույգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել