Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»

Նոյեմբեր 28,2007 00:00

\"\"Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան պատերազմում դերակատարությունը, հայտարարում է Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Նոյեմբերի 24-ին «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերթական անգամ հերքելով Սերժ Սարգսյանի՝ 1993թ.-ին Ղարաբաղից իր կողմից վտարված լինելու փաստը, նաեւ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կոնկրետ փաստերով կներկայացնի, թե իրականում որն է եղել Ս. Սարգսյանի գործուղման պատճառը: Ս. Բաբայանի մատուցմամբ, դա կապ ուներ ՀՀ այն ժամանակվա քաղաքական ղեկավարության «հանցագործության»՝ ԼՂ-ում տարածքները ազատագրել թույլ չտալու հետ:

Ս. Բաբայանի այդ հայտարարությունը, ըստ «Lragir.am»-ի, «խորը վրդովմունք եւ դժգոհություն է առաջացրել պատերազմի բազմաթիվ վետերանների շրջանում», որոնք երկուշաբթի օրը հավաքվել եւ քննարկել են Բաբայանի ասածները, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց կոչ է արել հանգստություն պահպանել եւ խոհեմություն դրսեւորել՝ խոստանալով առաջիկա հանրահավաքին անդրադառնալ այդ տարիների որոշ փաստերի: Ասել է թե՝ Ս. Բաբայանի հայտարարությունից հետո առաջիկայում կարող է ծայր առնել մի վտանգավոր երեւույթ, երբ «նախկինների» եւ «ներկաների» քաղաքական «փոխհրաձգությունները» իրենց մեջ կներառեն ոչ միայն մեր հասարակությանը, այլեւ Արցախի ազատագրության համար իրենց կյանքը չխնայած ազատամարտիկներին:

Այս վտանգավոր հեռանկարն ու բանավեճի խորացումը քիչ հավանական համարեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա, նման բանավեճի ծավալումը վտանգավոր համարելով հանդերձ, նաեւ հակադարձեց, թերեւս, Ս. Բաբայանին. «Պետք է մի՛ քիչ նորմալ տրամաբանենք ու մտածենք. իրենց ասելով, դուրս է գալիս, որ ամբողջ Ղարաբաղն ազատագրել, հողերը վերցրել են, էդքան բան են արել Լեւոնի դեմ լինելո՞վ: Դա աբսուրդ է: Ինչ որ կա, ինչ ունենք՝ անգամ մեկ քառակուսի մետր տարածք վերցնելուց էլ ինքը (Լ. Տեր-Պետրոսյանը- Ն. Մ.) տեղյակ է եղել: Ուղղակի մարդ պետք է իմանա, թե իր հնարավորությունները որքան վերցնելու համար են հերիքում»: Հ. Հակոբյանի խոսքերով, Լ. Տեր-Պետրոսյանն է եղել պատերազմի ընդհանուր հրամանատարը, ու հե՛նց նա էլ պետք է իմանար՝ կոնկրետ պահին որքա՞ն տարածք է հնարավոր ազատագրել, կամ երկիրը ի վիճակի՞ է նոր ճակատ բացել, երկու կամ երեք անգամ ավելի տարածք գրավել, որպեսզի հետո դրա համար պատասխան տա. «Զինվորը շա՞տ էր իմանում դա: Ցանկացած զինվոր էլ ուզում էր ավելին վերցնել: Ճիշտ է, նման բան՝ երբ հրամայվել է ավելի առաջ չգնալ, եղել է, մենք նեղացել ենք, բայց դրա պատասխանատուն, ի վերջո, էդ մարդն (Տեր-Պետրոսյանը – Ն. Մ.) է եղել: Կարեւորը, որ հետագայում մենք զգացինք՝ ճիշտը դա էր: Կարող է մենք ուզենայինք մի քիչ շատ առաջ շարժվել ու լրիվ եղածը կորցնեինք»:

Ինչ վերաբերում է այս բանավեճի համատեքստում կռվող տղաների միջեւ հնարավոր հակասությունների սրմանը, «Մալաթիա» ջոկատի հրամանատարը հիշեցրեց, որ ազատամարտիկների մեջ 90-ականներին էլ կային կռվող տղաներ, ովքեր տարբեր քաղաքական համակրանքներ ունեին, օրինակ՝ «Մանուկյան Վազգենին էին պաշտպանում՝ անգամ 1996-ի ընտրությունների ժամանակ: Դե, տղաներ են, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել: Եթե հայաստանցի-ղարաբաղցի բանավեճը խորանա, ինչը չեմ կարծում, թե լինի, ուրեմն՝ աշխարհի վերջն է: Մենք դեռ չգիտենք՝ վաղն ինչ է լինելու: Եթե նման բան լինի՝ երկիրը կկորցնենք»:

Մեր հարցին ի պատասխան՝ անդրադառնալով, ըստ էության, Տեր-Պետրոսյանին ուղղված Ս. Բաբայանի մեղադրանքներին՝ Հ. Հակոբյանն ասաց. «Հորադիզի ազատագրման ժամանակ էլ մենք ուզում էինք ավելի առաջանալ, ասում էինք՝ քանի դրա հնարավորությունը կա, ասում էին՝ հանգիստ, մի շտապեք: Ես էլ եմ հրամանատար եղել, ու երբ մեր տղերքը շատ են ուզել էլի մի գյուղ էլ մտնել, ինքս եմ ասել՝ սպասեք, որովհետեւ ես գիտեի, թե ինչ է կատարվում թիկունքում, զինվորը ի՞նչ գիտեր: Կարեւորն արդյունքն է: Մարդն, իրոք, սուրբ գործ է արել՝ ինքն է եղել հրամանատարը, կարողացել է ամեն ինչ ճիշտ անել, որովհետեւ շարժումը որ սկսվեց, մենք չէինք պատկերացնում, որ կարող է Ղարաբաղն ազատագրենք, մի 20 տոկոս էլ վերցնենք, ոնց որ ասում են ադրբեջանցիք: Էս մեր բոլոր ասածները սուտ են: Մանվելի չափ ու նրանից լավ ոչ ոք չգիտի էս պատմությունները: Ու նրանք էլ (նկատի ուներ նաեւ Ս. Բաբայանին- Ն. Մ.) մենակ Մանվելի առաջ են ծնկի գալիս, որովհետեւ էն, ինչ արել է Մանվելը պատերազմում՝ դրա 10 տոկոսի չափ դրանցից ոչ մեկը չի արել, ու թող ոչ մեկը հիմա ստից բաներ չխոսի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել