Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Նոյեմբեր 28,2007 00:00

Աբովյանի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները 2008-ի պետբյուջեում ներառվել են, իսկ Գյումրիի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկները՝ մերժվել:

ԱԺ արտահերթ նիստում երեկ շարունակվեց «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ըստ հիմնական զեկուցող՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կառավարությունը ստացել է 331 առաջարկություն, այդ թվում 225-ը՝ ԱԺ խմբակցություններից, 13-ը՝ մշտական հանձնաժողովներից եւ 93-ը՝ անհատ պատգամավորներից: Կառավարությունն ընդունելի է համարել 144 առաջարկություն: 48-ին տրվել է պարզաբանում, մերժվել է 139 առաջարկություն:

Կառավարությունը մասնավորապես մերժել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկը՝ 200 մլն դրամ տրամադրել Գիտությունների ազգային ակադեմիային՝ հետեւյալ խնդիրը լուծելու համար. «ԳԱԱ 14 գիտահետազոտական ինստիտուտներ չունեն ջեռուցում եւ մոտ 5 ամիս անգործության են մատնված»: Կառավարության այս մոտեցումը հասկանալի է դարձնում, թե ինչու են ակադեմիկոսները ներբողներ ձոնում մեծահարուստներին՝ նրանցից գումարներ կորզելու համար:

2008-ի պետբյուջեի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր առաջարկներն առնչվում են միայն Կոտայքի մարզին՝ Գագիկ Ծառուկյանի ընտրատարածքին: Ասենք, առաջարկվել է 15 մլն դրամ նախատեսել Աբովյան քաղաքի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 1 դպրոցում լոկալ ջեռուցման համակարգ տեղադրելու համար: Եվ կառավարությունն ընդունել է ինչպես այս, այնպես էլ ԲՀԿ-ի ներկայացրած անխտիր բոլոր առաջարկները:

Մինչդեռ մերժվել են ՕԵԿ ներկայացրած առաջարկները՝ գումարներ հատկացնել Գյումրիի վթարային շենքերն ամրացնելու, Գյումրիի անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարությունն ավարտելու, Գյումրիի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգելու եւ այլնի վերաբերյալ: Կառավարությունն այս ամենին տվել է նույն պատասխանը. «Առաջարկությունը չի ընդունվել՝ ելնելով ՀՀ 2008 թ. պետբյուջեի կանխատեսվող բյուջետային մուտքերի մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»: Եվ սա էր պատճառը, որ երեկ քննարկման ընթացքում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը զարմացավ՝ մի՞թե Կոտայքն առավել առաջնահերթ է, քան աղետի գոտին:

Սակայն կառավարությունը ճիշտ նույն հիմնավորմամբ մերժել է անգամ վարչապետի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի ներկայացրած միակ առաջարկը՝ «պետբյուջեում ընդգրկել Սիսիանի փախստականների համար նախատեսված շենքի շինարարության ավարտման աշխատանքները»: Մինչդեռ խորհրդարանական ընտրություններից առաջ Սյունիքում քարոզելով իր եղբոր օգտին՝ վարչապետ Սերժ Սարգսյանն ակնարկում էր, թե նա ավելի մեծ հնարավորություն ունի տեղ հասցնելու սյունեցիների խնդիրները:

Գերազանցապես մերժել են նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ներկայացրած 26 առաջարկները, որոնք վերաբերում են դպրոցների հիմնանորոգմանը: Չեն ընդունել նաեւ հանուն ՀՀԿ-ի հետ համագործակցության՝ ՕԵԿ-ից հապշտապ հրաժարված Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) 29 առաջարկներից եւ ոչ մեկը՝ իր 41-րդ ընտրատարածքում շինարարական եւ այլ ծրագրեր ֆինանսավորելու վերաբերյալ:

Փոխարենը Հայաստանի կառավարությունը շռայլ է գտնվել այնպիսի խնդիրներ լուծելու հարցում, որոնք թերեւս պիտի լուծեր Վրաստանի կառավարությունը: Օրինակ, մասնակիորեն ընդունելով Վարդան Այվազյանի առաջարկը՝ 100 մլն դրամ է նախատեսվել Ջավախքի դպրոցների վերանորոգման նպատակով: Թբիլիսիի Հայ գրողների պանթեոնի պահպանման եւ բարեկարգման համար էլ Հայաստանի կառավարությունը նախատեսել է 4 մլն դրամ՝ կրկնակի ավելին, քան առաջարկել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Բավական ուշագրավ են այն պատասխանները, որոնք տրվել են մեկ այլ Հակոբ Հակոբյանի առաջարկներին: Առաջարկից կհասկանաք, թե խոսքը որ Հակոբյանի մասին է: «2 մլրդ դրամ նախատեսել «Արփա-Սեւան» թունելի վթարային հատվածների անհետաձգելի վերանորոգման համար»,- առաջարկին ի պատասխան կառավարությունը նշել է. «Նշված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել նոր վարկային ծրագիր սկսելու համար»: Հակոբ Հակոբյանն առաջարկել է «Սեւան-Դիլիջան» թունելը շրջանցող մայրուղու վերանորոգման համար գումար նախատեսել, իսկ մեր կառավարությունը դարձյալ ապավինել է այլոց. «Աշխատանքներն ընդգրկված են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերում»:

Այսօր ԱԺ-ն կքվեարկի բյուջեի նախագիծը: Պարզ է, որ այն ընդունվելու է. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն քվեարկելու են «կողմ», ՕԵԿ-ը՝ ձեռնպահ, կարեւորելով թոշակների բարձրացումը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարեց, թե չեն կարող կողմ քվեարկել այս բյուջեի նախագծին, որը ռիսկային է կատարման տեսակետից եւ պարզապես ժամանակավոր լուծումներ է տալիս սոցիալական որոշ խնդիրների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել