Կոմպոզիտորի՝ 1961 թվականին գրված Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար, չի կորցրել իր թարմությունը:
Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) առաջին բեմելից հետո (2006թ. հունվարի 26) «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նոր կոլեկտիվի ստեղծումը համարեցին լուրջ հայտ: Ավելի ուշ (28.04.06)՝ զրույցում պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանն ու դիրիժոր, պրոֆեսոր Յու. Դավթյանը նշեցին, որ Երիտասարդական նվագախմբի համերգների հաջողության ամենագլխավոր գրավականը անսամբլային մեծ համաձայնեցվածությունն է, նկատելով նաեւ, որ նվագախմբի դիրիժորն իր երիտասարդ տարիքին հասել է նրան, որ համոզիչ կերպով ընդգծում է երաժշտության լարված դրամատիզմը եւ ռոմանտիկ հուզականությունը, պահպանելով ստեղծագործություններին բնորոշ հերոսականի եւ լիրիկականի հավասարակշռությունը:
Երիտասարդ նվագախումբը հասցրել է ներկայանալ ոչ միայն հայ ունկնդրին, այլեւ Մոսկվայի Չայկովսկու անվան եւ Փարիզի «Opera Garnier» հեղինակավոր սրահներում: Այս ամռանն էլ շուրջ 40 երկրների թվում՝ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Գերմանիայում կայացած սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնում: Իսկ վերջերս նվագախումբը վերադարձավ Բելառուսից, որտեղ անցկացվում էին հայկական մշակույթի օրեր:
Հանդիպեցինք Սերգեյ Սմբատյանին, խնդրեցինք համառոտ պատմել այդ օրերին Երիտասարդական նվագախմբի համերգների, մասնավորապես Էդվարդ Միրզոյանի՝ դեռեւս 1960-ականների սկզբին գրած, աշխարհին հայտնի սիմֆոնիայի կատարման մասին, որի դրական արձագանքները վերջին օրերին հայաստանցի արվեստագետների շրջանում խոսակցության նյութ են դարձել: Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ նվագախումբը համերգներ է ունեցել Բելառուսի ֆիլհարմոնիկ սրահում, ակադեմիայի դահլիճում, Մոլոդեչնո քաղաքի Օգինսկու անվան երաժշտական ուսումնարանում. «Բրեստի մարզի Օստրոմետչեւո գյուղում, որտեղ հայերը շատ վաղ շրջանից են ապրում, մեզ սպասվում էր աննկարագրելի ջերմ ընդունելություն տեղի հայ համայնքի ղեկավար Սեմյոն Բեգլարովիչի գլխավորությամբ»:
Անդրադառնալով Միրզոյանի սիմֆոնիային՝ գրված լարային նվագախմբի եւ լիտավրների համար, Ս. Սմբատյանն ասաց. «Այս սիմֆոնիայի երաժշտությունն ու թեման այնքան ժողովրդական ու արդիական են, այնքան նոր ու թարմ են հնչում, որ առաջին տակտերից մինչեւ վերջին ակորդը ունկնդրին պահում են լարված վիճակում, ինչը եւ կատարվեց բելառուսյան համերգների ընթացքում: Ինչպես թատրոն հաճախած հանդիսատեսն է ուզում իրեն տեսնել բեմում, այնպես էլ երաժշտարվեստում է՝ Միրզոյանի հեղինակած սիմֆոնիայի առանցքում մարդն է, նրա մտքերը, զգացմունքները եւ երազները: Լինելով խորապես գաղափարական ստեղծագործություն, սիմֆոնիան մի տեսակ հաստատակամություն, հավատ է ներշնչում՝ կյանքի փոթորիկների եւ պայքարի միջով դեպի ճշմարտության հաղթանակը: Նման երաժշտություն ոչ միայն ունկնդիրն է հաճույքով լսում, այլեւ նվագախմբի արտիստներն են սիրով կատարում: Երիտասարդական նվագախմբի երկացանկում համաշխարհային դասականների կողքին մշտապես իրենց տեղն են ունեցել հայ դասականները՝ Կոմիտասից մինչեւ Ալեքսանդր Սպենդիարյան, Ալեքսանդր Հարությունյան: Այսօր պրոֆեսորիս՝ Յուրի Դավթյանի հետ մտածում ենք մեր ծրագրերում «ներգրավել» նաեւ հայ երիտասարդ կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունները նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն 2008թ. ընթացքում»: