Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում
Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ կարեւոր չէ, թե որերորդն է»,- ժպիտով ասաց սիրված դերասանուհին: Կինոյում՝ տասնյակ, իսկ թատրոնում ավելի շատ դերեր խաղացած արվեստագետը պնդում է, որ դժվար է լավ դերասան լինելը. «Մարդ պիտի նախ ներքուստ անկեղծ լինի, թե չէ ժողովուրդը կեղծ դերն ու կեղծ պահվածքը չի ընդունում… Այսօր ով պատահի՝ իրեն դերասան է համարում, սաղ աստղ են, մարդու լաց է գալիս: Մյուս կողմից էլ, իրենք այդքան մեղավոր չեն, այնքան հաղորդաշարեր կան՝ «Երկու աստղ», տասը աստղ, չգիտեմ ինչ… Եթե մեկը երգում կամ պարում է մեկի հետ, որը քիչ թե շատ ճանաչում ունի, դա չի նշանակում, թե երկրորդն էլ է աստղ: Ի՞նչ կարող ես անել, շոուներ են, զոռով ուտացնում են ժողովրդին»:
Մեր դիտարկմանը, թե իր մասնակցությամբ «Շանթ» TV-ով ցուցադրվող «Վերվարածները» հեռուստանախագիծն էլ ունի ե՛ւ «կողմնակիցներ», ե՛ւ այն քննադատողներ, վերջիններս հատկապես դժգոհում են «Վերվարածների» «լեզվից», տիկ Կիրակոսյանն ասաց. ««Վերվարածների» նման նախագծերը ժողովրդին պետք են: Մեր սցենարիստը, պրոդյուսերը եւ դերասաններն այնպես են աշխատում, որ հանկարծ ավելորդ խոսքեր չհնչեն եթերում, որովհետեւ այն երեխաներն էլ են դիտում: Ինչ վերաբերում է խոսակցականին, օրինակ՝ ես մեծ մասամբ խոսում եմ գյումրվա բարբառով, որի մեջ վատ բան չկա: «Վերվարածները» երեւանյան մի ընտանիքի պատմություն է, իսկ Երեւանում չկա որեւէ ընտանիք, որտեղ մաքուր գրական հայերեն խոսեն»:
Նա տեղեկացրեց, որ իրեն «Արմենիա» TV-ից էլ էին հրավիրել նկարահանվելու նմանօրինակ մեկ այլ նախագծում, սակայն երրորդ սերիայից հետո համագործակցությունն ընդհատվել է՝ իր հիվանդության պատճառով. «Ափսոս, շատ լավ նախագիծ էր, էլի գյումրեցու պիտի խաղայի»:
Պարզեցինք, որ Լ. Կիրակոսյանը շատ է սիրում կենդանիներ, ապրում է երեք շների եւ մեկ կատվի հետ: «Դրսում էլ եմ կենդանիների մասին հոգ տանում: Ամեն օր «Երիցյաններից» միս եմ առնում, ճաշ եփում, որ 30-35 շուն ու կատվին կերակրեմ: Դա յուրօրինակ առաքելության նման է, անգամ հիվանդ էլ լինեմ, ջերմությունս էլ՝ 45 աստիճան լինի, գիշերը չեմ քնի, մինչեւ նրանց ճաշը չեփեմ: Երբ դուրս եմ գալիս բակ, էդ 30-35 շունն ու կատուն հետեւիցս ընկած ման են գալիս, ասես Սասունցի Դավիթը լինեմ: Եթե իմ տանը անգամ գայլ ու գառ էլ լինեին, էլի խաղաղ կապրեին իրար հետ: Մեկ-մեկ մտածում եմ, եթե մի օրով պրն Քոչարյանը թագավորությունն ինձ տար, էնպիսի՜ բաներ կանեի, ամեն ինչ տեղը կգցեի»,- կես կատակ-կես լուրջ պատմում է դերասանուհին: Նա նեղսրտում է, որ չնայած Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանն իրենից գոհ է, բայց ինքն ընդամենը մեկ՝ Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդ» ներկայացման մեջ է զբաղված. «Մի ամիս սպասում ենք՝ մինչեւ հերթներս հասնի, որ բեմ դուրս գանք: Լինում է նաեւ այնպիսի ամիս, որ ընդհանրապես չենք խաղում: Ինձ այդ պատճառով լքված եմ զգում, զարմանում եմ՝ եթե մարդը շնորհք ունի, ինչո՞ւ պիտի չխաղա: Պարոն Խանդիկյանն ասում է՝ համբերի, ինչքա՞ն: Ախր սերն ու մահը տարիք չեն հարցնում: Կամ հո 100 տարեկանում չեմ խաղալու… Վահե Շահվերդյանն էլ է խոստացել ինձ համար մի բան գտնել, առայժմ լուր չունեմ: Դրամատուրգ Աննա Պետրոսյանն էլ առաջարկում է մոնոներկայացումներ խաղալ, ասում է՝ կստացվի: Ի դեպ, ես ստեղծագործում եմ՝ ե՛ւ չափածո, ե՛ւ արձակ: Մի առիթով Սերժ Սարգսյանն ու իր կինն ինձ օգնել էին, իրենց անուններով աքրոստիկոսներ գրեցի, էնպե՜ս էին հավանել…»:
Չնայած դժվարություններին, Գյումրու կոլորիտով այս արտիստուհին միշտ աշխույժ է, ծիծաղկոտ, դիմացինին դրական էներգիա հաղորդող, ամեն պատմության մեջ էլ հումոր է դնում. «Գիտե՞ք, երեք երթուղայինով եկա ձեզ մոտ, երեքում էլ ինձ զգում էի, ինչպես հանդիսատեսի հետ հանդիպման վայրում: Երկխոսության մեջ մտանք, ուղեւորներն այնքան ջերմ խոսքեր ասացին իմ հասցեին, որ ստիպված ներողություն խնդրեցի մեջքով նստած լինելուս համար»: