Երեկ ԺԿ համագումարին ինքն իր մասին հայտարարեց Տիգրան Կարապետյանը
Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) 14-րդ համագումարը, որի ընթացքում միաձայն հաստատվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի առաջադրումը ՀՀ նախագահական ընտրություններին: Կարապետիչը անչափ հուզական ելույթ ունենալով ու իր անձը կարեւորելով՝ նշեց. «Այսօր շատ են միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, այս պայմաններում մենք պե՛տք է վճռական քայլ անենք ու այլընտրանքային թեկնածու առաջադրենք»:
ԺԿ նախագահն ասաց, որ լրագրողներն ու որոշ քաղաքական գործիչներ հաճախ են փաստում, թե ԺԿ-ն «թիմ» չունի, մինչդեռ դա իրենց առավելությունն է: «Ոմանք թիմակիցներին իրենց հետ են բերում՝ սկսած «ժեկի» պետից, վերջացրած սեփական ազգային անվտանգությամբ ու ոստիկանությամբ, ի սկզբանե բաշխված են լինում տեղերը հարկային ու մաքսային մարմիններում, այսինքն՝ այնտեղ, որտեղ գումարներ են բաժանվում: Բայց չէ՞ որ կադրային քաղաքականությունը պետք է իրականացվի ժողովրդի հետ»,- ասես «ԱԼՄ»-ի եթերից հայտարարեց Կարապետիչը: Նա իր ելույթի ժամանակ որոշ հարցեր բարձրացրեց, մասնավորապես, թե ինչու չեն գործում այն մարմինները, որոնք ժողովրդի կողմից են ընտրված, այլ ոչ թե էլիտար շրջանակներում՝ քավոր-սանիկության միջոցով: Ըստ նրա, արդեն 16 տարի շարունակվող անցումային փուլը չի վերջանա, մինչեւ մարդիկ չհասկանան, որ իշխանությունները սխալ են կառավարում. «Մենք առաջարկում ենք նախ մտահոգվել մարդկանց աշխատատեղերի մասին»: Նա նաեւ հավելեց, որ իրեն ամենեւին էլ դուր չի գալիս «ղարաբաղցի», «հայաստանցի» տարբերակումը. «Մեզ համար դա անընդունելի է՝ հայը վեհ գաղափար է: Ընդունելի չէ նաեւ այն, որ քննադատում են ոչ թե 4 տարվա ընթացքում, այլ ընտրության նախաշեմին, իսկ դա արհեստական սցենար է: Այն ընդդիմությունը, որը իբր առաջնորդվում է ժողովրդի շահերով, Ստրասբուրգում եւ վենետիկյան հանձնաժողովում չգիտես ինչեր էր անում, ձեւավորում անկատար ընտրական օրենսգիրք, ինչն էլ կեղծիքների տեղիք է տալիս: Ընդդիմադիր գործիչները նաեւ տարբեր ճակատների են բաժանվում…»:
ԺԿ նախագահը հայտարարեց, որ ինքը ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանավորներին չի վստահում. որովհետեւ «նախկինները այն մեխանիզմների գործիքներն են, որոնք հիմա գործում են»: Տ. Կարապետիչը համաձայն չէ նաեւ «մարդը սխալական է» արտահայտության հետ. «Թող շարունակեն իրենց տանը սխալներ գործել, հանրապետությունը փորձադաշտ չէ»:
Մարդիկ, ովքեր մասնակցում էին ԺԿ համագումարին, հիմնականում այն տարեցներն էին, որոնք ԺԿ նախագահից «Շոգեքարշ» հաղորդման ժամանակ ինչ-որ բան էին նվեր ստացել: Նրանցից մեկը, որը միանգամայն համոզված էր, թե 2008 թ. նախագահի աթոռին լինելու է հենց Տ. Կարապետիչը՝ չկարողացավ զսպել իր ուրախությունը. «Լեւոնը լույսը կտրեց, ղարաբաղցին՝ փողն արժեզրկեց, փառք մեր Տիգրան Կարապետիչին, որովհետեւ եթե ինքը չլիներ, չէինք իմանա, թե ինչ բան ա գունավոր տելեվիզրը»: Մի կին էլ միջամտելով ծերուկի ելույթին՝ ասաց. «Սաղ հեչ, բայց նվերները, որ էս բարի մարդը բաժանեց, շատ լավ բան արեց, թե չէ մեր տունը սաղ օրը տելեվիզրի կռիվ էր»:
Երեկ Տ. Կարապետիչը պատասխանելով լրագրողների հարցերին՝ կրկին շեշտեց. «Ես կհաղթեմ միայն այն դեպքում, եթե մյուսներն իրենց իրական դեմքը ցույց տան: Երբ իրենք պատերազմելով, հակադրվելով իրենց ներքին խոհանոցը վերեւ են բարձրացնում, որը իրենց պատիվ չի բերում, հենց այդտեղ մենք շահեկան վիճակում ենք հայտնվում, որովհետեւ իրենց նման չենք: Կա նաեւ մեկ այլ հանգամանք՝ ժողովրդի համակրանքը: Իսկ ժողովուրդը միայն մեզ է համակրում»: Այլեւս նախագահի թեկնածու Տ. Կարապետիչը նաեւ հայտարարեց, թե կյանքն արդեն ցույց տվել է, որ ինքը հիասթափվողներից կամ հուսահատվողներից չէ. «Ես կոտրվող չեմ… Նախագահական ընտրությունների ժամանակ ես ու ինձ պես մի ուժեղ թեկնածու հաստատ կհայտնվենք երկրորդ փուլում»: