Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնա՞ն Բազեյանի հետեւից

Նոյեմբեր 27,2007 00:00

«Ազգային վերածնունդի» որոշ անդամներ դեմ են Ալբերտ Բազեյանի՝ կուսակցությունը լուծարելու ու ՀՌԱԿ-ի հետ միավորվելու ծրագրին: «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Մուրադյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է իրենց կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ՀՌԱԿ-ի պոչը բռնել:

«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Մուրադյանն ասաց. «Մենք կուսակցություն չենք ստեղծել, որ լուծարենք, այդ մասին ոչ մտածել ենք ուզում, ոչ էլ խոսել: Բազեյանը որոշում կայացրել է առանց մեզ հետ հաշվի նստելու, մենք մամուլից ենք տեղեկացել, որ նա գաղտնի բանակցություններ է սկսել այլ կուսակցությունների հետ միավորվելու թեմայով: Պատկերացրեք, լինելով կուսակցության պատասխանատու, թերթերից ենք իմանում, որ Բազեյանը ուզում է հրաժարական տալ ու հայտարարում է՝ քանի որ որեւիցե մեկը հանձն չառավ ղեկավարել կուսակցությունը, ես ստիպված եմ մնալ կուսակցության ղեկավար: Ինձ այդպես էլ անհայտ մնաց, թե ո՞վ պետք է հանձն առնի ղեկավարել գործը, երբ միայն կուսակցության քաղաքական խորհուրդն է լիազորված նախագահ ընտրելու: Նրա հետ, սկսած հունիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, որեւիցե առնչություն չի եղել, որովհետեւ կուսակցության կենտրոնական խորհրդի գրասենյակը չի գործել»:

Ըստ Հ. Մուրադյանի, իր պես է մտածում Գյումրիի հարյուր քսան հոգուց բաղկացած «ակտիվի մեծ մասը»: Նրա խոսքերով՝ «Մենք միավորման եզրեր չունենք ՀՌԱԿ-ի հետ, այն սփյուռքահայ կուսակցություն է, իսկ մերը՝ տեղական: Սփյուռքում խնդիրներն ուրիշ են, Հայաստանում՝ ուրիշ: Համատեղ աշխատել երկու տարբեր խնդիրների շուրջ՝ հնարավոր չէ: Նրանք հայրենիքի իրավիճակին տեղյակ չեն, մենք էլ՝ սփյուռքի, հետեւաբար քաղաքական համատեղ լուծումներ առաջարկել, որոնք աշխատելու են, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, հնարավոր չէ»:

Կիսու՞մ են արդյոք Հովհաննես Մուրադյանի դիրքորոշումը նրա կուսակիցները: Այս հարցի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ կուսակցական մեկ այլ ակտիվիստից՝ Միքայել Մնացականյանից, որը, ի զարմանս մեզ, ներկայացավ որպես Գյումրիի տարածքային կառույցի նոր ղեկավար: Վերջինս տեղեկացրեց, որ Հովհաննես Մուրադյանը կուսակցությունից հեռացված է՝ առանց տարածքային խորհրդի նիստ հրավիրելու միանձնյա որոշումներ կայացնելու ու անհիմն հայտարարություն տարածելու համար:

«Եթե նա այլ կուսակցության անունից կարող է հայտարարություն անել, թող անի, դա իր անձնական գործն է, բայց իմանա, որ ինքն այլեւս «Ազգային վերածննդի» հետ ոչ մի կապ չունի: Ես վստահորեն ասում եմ, որ մարզի կուսակցականների 99,9 տոկոսը գնալու է Բազեյանի հետեւից, իսկ մենք, անկախ որեւէ մեկի ցանկությունից, միանալու ենք «Դաշինքին» ու ՀՌԱԿ-ին: Կարծում եմ, կուսակցությունը խոշորացնելը ճիշտ քայլ է, այլապես յոթանասուն եւ ավելի կուսակցությունները շատ են մեր երկրին»,- համոզմունք հայտնեց տարածքային կառույցի նորընտիր ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել