Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ՊԱՏՈՒՄ

Նոյեմբեր 27,2007 00:00

Եթե հարկայինը ստուգումներ անելու փոխարեն միայն իր հրապարակած ցանկն ուսումնասիրի՝ կհայտնաբերի, թե, բացի Սուքիասյաններից, մյուս պատգամավորներն ինչպես են հարկային պարտավորությունները կատարում:

Հարկային պետական ծառայությունը վերջերս հայտարարել էր, որ իրենք այս ընթացքում ստուգումներ են իրականացնում նաեւ հանրապետական պատգամավորներին պատկանող ընկերություններում՝ օրինակ, Սամվել Ալեքսանյանի «Սալեքսում», Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան» տոնավաճառում, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությունում: Ինչպես հարկայինից «Առավոտին» պարզաբանեցին, դեռ ստուգումների արդյունքներն ամփոփված չեն ու չեն կարող ասել, թե որ պատգամավորը որքան խախտում է արել: Հիշեցնենք, որ հարկայինը հանրապետականների ընկերություններում ստուգումներ սկսեց անցկացնել՝ ապացուցելու, որ միայն «Սիլ գրուպում» չեն ստուգումներ անում եւ Սուքիասյանների ընկերությունում արձանագրած խախտումները քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն: Մինչդեռ նկատենք, որ եթե նույնիսկ հարկայինը «Սալեքսում» ստուգումներ անի եւ ձեւականորեն 1-2 խախտում էլ գտնի, հաստատ օրերով «Լուսաստղը» կամ «Երեւան Սիթի» խանութների ցանցը չի փակի՝ հաշվելու համար խանութի պահեստում գտնվող բոլոր շշերը, կշռելու խանութի բոլոր ապրանքներն ու համեմատելու հարկայինի տվյալները այդ առեւտրի կետերի հաշվապահի ներկայացրած տվյալների հետ, ինչպես որ դա եղավ «Բջնի» եւ «Նոյ» արտադրամասերում կամ «Պիցցա դի Ռոմայում»:

Ամեն դեպքում, նկատենք, որ հարկայինի հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում էլ շատ պարզ երեւում է, թե հանրապետական պատգամավորներից ովքեր են բարեխիղճ հարկատու, ովքեր՝ ոչ: Հենց նույն «Արփա Սեւան» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում չկա: Հակոբ Հակոբյանն այդ ընկերության աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ մի բան էլ կրճատել է՝ 374-ից հասցնելով 309-ի՝ եւ 9 ամսվա ընթացքում վճարել է մոտ 43 մլն դրամ սոցվճար: Շաքարավազի շուկայում գերիշխող դիրք գրավող, կարագի, մսամթերքի շուկայում բիզնես ծավալող «Սալեքս գրուպը» խոշոր ապահովադիրների ցանկում ցույց է տվել, թե ունի 636 աշխատակից: Իսկ Սամվել Ալեքսանյանի «Լուսաստղ» ռեստորանային համալիրն ու սպասարկման օբյեկտները, «Նատալի Ֆարմ» ընկերությունը, որը դեղերի եւ թունաքիմիկատների ներկրմամբ ու վաճառքով է զբաղվում եւ միայն մայրաքաղաքում տասնյակ դեղատնային ցանց ունի, «Երեւան Սիթի» խանութների ցանցը ու էլի տասնյակ այլ սպասարկման օբյեկտներ ու առեւտրի կետեր, պարզվում է՝ կամ ընդհանրապես աշխատող չունեն, կամ նրանց պարոն Ալեքսանյանն աշխատավարձ չի տալիս: Այդ բոլոր ընկերությունները ապահովադիրների ցանկում չկան, հանրապետական պատգամավորը նույնիսկ 100 աշխատող ցույց չի տվել: Ինչ վերաբերում է «Հրազդան» տոնավաճառին, հայտնի է, որ մեր երկրում բոլոր տոնավաճառները, անկախ իրենց եկամուտներից ու շրջանառության ահռելի չափերից, վճարում են հաստատագրված չնչին վճարներ, եւ «Հրազդան» տոնավաճառն այդ առումով բացառություն չէ. այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 361 մլն 382 հազար դրամ հարկ:

Ընդհանրապես, հարկայինի հրապարակած այս տարվա 300 խոշոր ապահովադիրների եւ 100 եւ ավելի աշխատողներ գրանցած առեւտրային կազմակերպությունների ցանկից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում շատ հանրահայտ ու անգամ մենաշնորհային դիրք ունեցող բազմաթիվ ընկերություններ աշխատում են կամ վնասով, կամ էլ չնչին եկամտաբերությամբ: Նրանք երբեմն այնքան են մտնում ստվեր, որ 9 ամսվա ընթացքում նույնիսկ մի քանի միլիոն դրամի սոցվճար չեն կատարում, որովհետեւ ցույց են տալիս ծիծաղելի թվով աշխատողներ եւ նրանց աշխատավարձն էլ ներկայացնում նվազագույնի չափով: Ըստ վերոնշյալ ցուցակի, գազի, բենզինի կամ, ասենք, ալկոհոլային խմիչքների ու կաթնամթերքի շուկաներում գործող շատ հանրահայտ ու առաջատար ընկերություններ անգամ 100 աշխատող չունեն, հետեւապես գործատուների կողմից սոցիալական ապահովության հիմնադրամին մուծվող գումարներն էլ խիստ սահմանափակ են: Ուշագրավ է նաեւ, որ մայրաքաղաքում ընթացող բուռն շինարարության պայմաններում ստվերում են մնացել այս ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ։ Նմանատիպ ընկերությունները ցանկում ընդամենը մի քանիսն են։ Սա այն դեպքում, երբ շինարարական կազմակերպությունները միլիոնավոր դոլարների հասնող շրջանառություն եւ հարյուրավոր աշխատակիցներ ունեն։

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող գրեթե բոլոր ընկերություններն էլ դուրս են մնացել ե՛ւ խոշոր սոցվճար մուծողների եւ 100-ից ավելի աշխատակից ունեցողների ցուցակից: Ըստ ցուցակի, հանրապետության գրեթե բոլոր մարզերում գազի լցակայաններ ունեցող «Մուլտի գազի» կետերում 100-ից էլ պակաս մարդ է աշխատում: Նույն պատկերն է նաեւ «Մուլտի ագրո», եւ «Մուլտի լեոն» ընկերություններում:

Հայտնի է, որ Միխայիլ Բաղդասարովը շատ սերտ հարաբերություններ ունի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ նա հանրապետական չի դառնում միայն այն բանի համար, որ ՌԴ քաղաքացի է եւ իրավունք չունի: Ս. Սարգսյանի հետ լավ հարաբերությունները թույլ են տալիս Մ. Բաղդասարովին հարկատուների ցանկից հանել իր ընկերություններն ու աստիճանաբար ընդհանրապես հարկ չմուծել: Օրինակ, «Միկացեմենտն» այս տարի ցանկում ընդհանրապես չկա, իսկ անցյալ տարի գոնե 270 մլն դրամի հարկ էր տվել՝ զբաղեցնելով 117-րդ տեղը: Կարելի է կարծել, թե «Միկացեմենտի» գործերը շատ անհաջող են սկսել ընթանալ, մինչդեռ ընդամենը օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միկացեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ասել էր, որ իրենց ընկերության արտադրության ծավալներն անցյալ տարվա համեմատ 20-25 տոկոսով աճել են եւ կազմել 220-230 հազար տոննա: Ընդ որում, այդքանով հանդերձ, տիկին Մարտիրոսյանը «տեղ էր արել» հաջորդ տարվա գնաճի համար՝ զգուշացնելով, որ 2008-ին ցեմենտը 40 տոկոսով թանկացնելու են: Ինչ վերաբերում է Մ. Բաղդասարովի «Արմավիա» ընկերությանը, որը Հայաստանի ազգային ավիափոխադրողն է, խոշոր հարկատուների ցանկ հազիվ է մտել եւ 9 ամսվա ընթացքում իր 488 աշխատողների համար սոցիալական ապահովության հիմնադրամին 3 մլն-ից էլ պակաս գումար է մուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել