ԵՄ-ն աջակցում է արդեն գործող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններին եւ դեմ է այնպիսի նոր՝ զուգահեռ ուղիների ստեղծմանը, ինչպիսին Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծն է:
Այդ մասին հայտարարել է ԵՄ Եվրահարեւանության քաղաքականության արտաքին կապերի եւ հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսի հարցմանը: Ինչպես «Պանարմենիան.նեթ»-ին հաղորդել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից, Բենիտա Ֆերերո-Վալդները, մասնավորապես, նշել է. «Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի խմբում ասվում է, որ TRACECA-ն գլխավոր ազգամիջյան ճանապարհն է Կովկասի համար, որը միավորում է բոլոր երկրները, ներառյալ Հայաստանը: Հանձնաժողովը չի փոխում իր որոշումը եւ կշարունակի երկխոսության միջոցով աջակցել տարածաշրջանային համագործակցությանը Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) շրջանակներում: Հանձնաժողովը նաեւ բանակցություններ է սկսել՝ հարեւան երկրների հետ գլխավոր ազգամիջյան տրանսպորտային միջանցքների իրագործման համար, որոնք նշված են բարձր մակարդակի խմբի զեկույցում: Կովկասի երկրներում բանակցությունները կենտրոնացած են TRACECA-ի գործարկման եւ նորմալ գործունեության վրա: ԵՄ ֆինանսական օգնությունը տրամադրվում է TRACECA-ի ծրագրի շրջանակներում եւ ուղղված չէ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու հետ կապված նախագծերի հետ: Հանձնաժողովը նմանատիպ գրություն է հղել նաեւ տարածաշրջանում գործող այնպիսի ֆինանսական կազմակերպությունների, ինչպիսիք են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը»:
Մեր կողմից ուշադրություն հրավիրենք մի տխուր օրինաչափության վրա: Երբ ծրագրվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը, մեկը մյուսից ուսյալ ու բանիմաց բազմաթիվ հայրենական քաղաքագետներ, միմյանց հերթ չտալով, խոսում էին այդ նախագծի քաղաքական ենթատեքստի ու տնտեսապես չհիմնավորված լինելու մասին: Իհարկե, անկախ այն հանգամանքից, թե ինչ շարժառիթներով էր հղացվել վերոհիշյալ նավթամուղի կառուցման գաղափարը, այն, ի հեճուկս Հայաստանում ահագնացող քաղաքական հեգնանքի, կյանքի կոչվեց, եւ այսօր Ադրբեջանին արդեն ռեալ եկամուտներ է բերում: Քիչ ավելի ուշ նույն կամ, թերեւս՝ ավելի ուժգին հեգնանքի արժանացավ նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագիծը: Ինչպես տեսնում ենք, սրա շինարարությունը եւս սկսվեց, ու ոչ մի կասկած չկա, որ առանց նկատելի խոչընդոտների ավարտին կհասցվի՝ աշխարհից կտրված Հայաստանին ավելի խորը մխրճելով տարածաշրջանային մեկուսացման ճահճում: Ապշեցնողը, սակայն, այն է, որ նույնիսկ հիմա, երբ թվում էր, թե մեր «ստրատեգները» պետք է պապանձվեին կամ գոնե տագնապի փողեր հնչեցնեին, ուրախանալու նոր առիթ են գտել: «Ահա, տեսեք, թե Եվրոպան ինչ վատ վերաբերմունք ունի այդ երկաթգծի նկատմամբ ու փող չի տալիս»,- ոգեւորված ասում են այդ ողբացյալները: