Հայտարարում է Սամվել Բաբայանը եւ մտնում է նախընտրական պայքարի մեջ որպես իշխանության համախոհ:
«Իրականության հետ չի համապատասխանում այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը՝ ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ 1993 թվականին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ լուրջ հակասությունների արդյունքում, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը «աքսորվել» էր Ղարաբաղից: Չնայած պարոն Բաբայանը խոստացավ մոտ ժամանակներս ավելի կոնկրետ եւ փաստերով խոսել այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, այնուհանդերձ, որոշ ակնարկներ արեց. «Սերժ Սարգսյանի գործուղումը հենց կապ ուներ նրա հետ, որ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական գործիչները եւ քաղաքական ղեկավարությունը կատարում էին հանցագործություն՝ ԼՂՀ-ում թույլ չտալով ազատագրել տարածքները: Ես կնշեմ մարդկանց՝ անուն-ազգանուններով, ում՝ ինչ հրահանգներ են տրվել, ինչ են արել եւ ինչ բանագնացներ են ուղարկել Ղարաբաղ, Զանգեզուր՝ չմասնակցելու համար: Ես փաստերով կասեմ Սերժ Սարգսյանի դերակատարությունը դրսից՝ ինչ ապրանքներ է ուղարկել, ինչով էր զբաղված, ինչ զինամթերք ենք ստացել, ովքեր են այդ զինամթերքը կանգնացրել, որ ճանապարհում եւ ինչ են արել: Ինչ վերաբերում է մեկ տարվա բացակայությանը՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից բացակայել է ուղիղ երեք ամիս՝ մայիսի վերջից մինչեւ օգոստոս: Երկրորդը՝ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրած Լաչին-քելբաջարյան օպերացիայի քարտեզի վերեւում՝ որպես նախարար, տակը ստորագրել եմ ես՝ որպես իրականացնող: Կան փաստաթղթային փաստեր, դա հայտարարություններով չի: Չի կարելի Սամվել Բաբայանին ներկայացնել «բոբոյի» դերում, ու իրենք իրար մեջ կռվեն: Կռիվներ ունեն իրար հետ՝ խնդրեմ, թող ներկայացնեն գաղափարական, տնտեսական, ապագա պետություն ոնց են կառուցելու, ինչ են անելու: Բայց երբ իմ անունն են օգտագործում ու ներկայացնում «բոբոյի» դերում՝ խորհուրդ կտամ իրենք իրենց կատարածն ու չկատարածը ներկայացնեն: Եվ ժամանակին, եթե մոռացել եք՝ հիշեցնեմ. նույնը Արկադի Տեր-Թադեւոսյանի օրոք էլի ասում էին՝ Բաբայանն ա քշել: Նույն անձը ինձ հետ հանդիպում ա խնդրում, ասում՝ «դուք ինձ փրկել եք, պարոն Բաբայան. փրկել եք այն խուճապային վիճակում»: Բայց ամբողջ հայ ժողովուրդը, նույն ուժերը տարածել են, որ Սամվել Բաբայանը արտաքսել ա: Չի կարելի: Պատմությունը, իրականությունը իրականում շատ դառն են, ես ուղղակի չեմ ցանկանում այն ներկայացնել մեր հասարակությանը: Հիասթափվելու են: Այսքան ժամանակ իմ լռելը հենց դրա հետ կապ ունի»: Ի դեպ, հիշեցնենք, որ երբ Սամվել Բաբայանը ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարն էր, նրա «բոբո» լինելու մասին բազմաթիվ լուրեր էին շրջում, որոնք մինչ օրս չեն հերքվել:
Ինչ վերաբերում է առաջին նախագահի հետ հնարավոր համագործակցությանը, Սամվել Բաբայանն ասում է. «1997-ին մենք եղել ենք տարբեր բեւեռներում եւ Ղարաբաղի հարցում մենք համաձայնության չենք եկել: Եթե ես վաղը կանգնեմ Տեր-Պետրոսյանի կողքին՝ ինքը հայտարարում է, որ չի փոխել իր հայացքները, դուք որպես ազգային եք համարում, հերոս եք համարում, ինչ եք համարում՝ չգիտեմ, ո՞նց եք նայելու ինձ: Ինչո՞վ եմ ես մեկնաբանելու: Դա կլինի գաղափարի դավաճանություն. կառչել իշխանության՝ ամեն գնով. ես դա չեմ անի: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր հայացքների փոփոխության մասին՝ կոնկրետ ազգային հարցում, կմտածենք»: Իսկ Սերժ Սարգսյանի կողքին կկանգնի՞ Սամվել Բաբայանը: «Ով համահունչ կլինի մեր ծրագրերին եւ համագումարը կլիազորի, նրա կողքին էլ կկանգնենք: Դա կորոշի համագումարը՝ հունվարին: Սամվել Բաբայանը դիկտատոր չի, որ մենակ ինքը որոշի: Պիտի կարողանանք հիմնավորել՝ ինչի՞, ի՞նչ հիմքով ենք կողքը կանգնում»,- ասում է այլեւս ռամկավար Սամվել Բաբայանը: Ասենք, ազգային, կոնկրետ՝ ԼՂՀ հարցում համահո՞ւնչ է ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը պարոն Բաբայանի եւ նրա համախոհների մոտեցումներին. «Այս իշխանությունները որեւէ բանակցային լուրջ առաջարկ դեռ չեն ներկայացրել: Ես չեմ կարող ասել՝ իրենք ինչ են բանակցում, ընդհանրապես ի՞նչ հարցի մասին են խոսում: Նրանք Ադրբեջանի հետ դեռ որեւէ համաձայնության չեն եկել: Փաստաթուղթ չկա»: