Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈԽՄԱԽԻ ՄՀԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ՊԱՐՏՔԵՐԸ»

Նոյեմբեր 27,2007 00:00

 \"\"Եվ զղջում է իր որոշ արարքների համար

Առաջին՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր կազմած «սեւ ցուցակում» գործող երկու «տխրահռչակ» թաղապետեր եւս հավակնում են հայտնվել: Գրեթե մի ամիս անց այդ հայտարարությանը որոշեց արձագանքել Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը: «Առավոտի» զարմանքին՝ ինչո՞ւ եք որոշել, որ խոսքը ձեր մասին է, թաղապետն այսպես արձագանքեց. «Ես հաստատ համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանն ինձ նկատի ունի, որովհետեւ մենք իրանց ներսում մարդիկ ունենք, գնում-գալիս են եւ մեզ ասում են: Մեկը ես եմ, մյուսը՝ Շահինյան Հովիկը (Արաբկիր համայնքի թաղապետ- Ն. Գ.): Բոլորի կարծիքն ա, որ մյուսը Կենտրոնի թաղապետ Բեգլարյան Գագիկն ա, բայց ինձ ասել են, որ մեկը ես եմ, մյուսը՝ Հովիկը: Նաեւ՝ իրենց թերթերից մեկն իր հոդվածով դա փաստում է»: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, Մհեր Սեդրակյանը հավելում է. «Չի եղել մի դեպք, որ ես վատ արտահայտվեմ որեւէ իսկական լրագրողի հասցեին կամ ինչ-որ բան խոսեմ ինձ մտերիմ շրջապատում, ու այդ զրույցն ինչ-որ տեղ շրջանառվի: Թաղի իմ բոլոր ընկերների անունից հայտարարում եմ, որ այն պնդումները, թե ես «քցել» եմ իմ ընկերներին եւ նրանք չեն աջակցում ինձ՝ որոշ մարդկանց երանելի երազներն են: Կապրենք՝ կտեսնենք: Նշեմ, որ իմ աջակիցների եւ մտերիմների թիվը տարեցտարի ավելանում է, որոնց մեջ կան տարբեր տարիքի, բնագավառի եւ սեռի նորմալ մարդիկ: Մենք միշտ ամուր կանգնել եւ կանգնելու ենք միմյանց կողքի՝ անկախ դժվարության աստիճանից, որը խոսում է փոխադարձ հարգանքի, սիրո եւ նվիրվածության մասին: Մենք միշտ եղել ենք անշահախնդիր, ուստի որեւէ մեկը չի կարող ինձ հիշեցնել մի դեպք, երբ ես «քցած կամ խաբած» լինեմ իմ մտերիմներին: Ուզում եմ բոլոր շփոթվածներին հիշեցնել, որ երբեւէ ոչ ոքից չեմ վախեցել»:

Խորհուրդ տալով ավելորդ տեղը չբորբոքել իր «վատ» հիշողությունները, պարոն Սեդրակյանը, այնուհանդերձ, ընկավ հիշողությունների գիրկը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ես ծանոթացել եմ 1989-90-ականներին՝ Էրեբունու թաղապետարանի դիմաց գտնվող նախկին տրամվայի կանգառում: Այն ժամանակ Լեւոնն իմ օգնության կարիքն ուներ եւ գալիս էր այդ կանգառի սրճարան կամ 17-րդ դպրոցի նկուղում գտնվող իմ կոշիկի արտադրամաս: Ես այն ժամանակ էլ ունեի մեծ հնարավորություններ եւ վայելում էի ժողովրդի հարգանքը: Ես համաձայնել էի օգնել իրեն, եւ ողջ իմ թիմակից ընկերներով աջակից էինք լինում նրան. այսպես ասած՝ տղայական հովանավորություն էինք ապահովում: Աջակցել ենք նաեւ 1991-ի նախագահական ընտրություններում, որի արդյունքում ձեւավորվեց «բեսպրեդել» ղեկավարություն»: Մ. Սեդրակյանն այնուհետեւ դեմքի տխուր արտահայտությամբ հիշում է՝ «թալանը, անարդարությունը, մութը, սովը, ծեծ ու ջարդերը, պետական ռեկետը եւ այլն», ապա պայծառանալով ասում, որ՝ «հազիվ այս տասը տարիների ընթացքում կարողացել ենք մասամբ ձերբազատվել այդ արատներից»: Էրեբունու թաղապետի հիշողություններից անմասն չմնաց նաեւ Վանո Սիրադեղյանը՝ «Երկրից վտարեցին շատ ու շատ ուժեղ եւ հասարակությանը պիտանի տղաների: Հետո դրսից բերվեցին նրանցից շատերի դիակները: Ում չհաջողվեց վտարել՝ բանտարկվեցին կամ անհասկանալի պատճառներով սպանվեցին իրենց հայրենիքում: Չկա իրեն հարգող մի երեւանցի, որ ցավով չհիշի Լեւոնի ու Վանոյի ժամանակները: Սա վախկոտ եւ թուլամորթ պետության քաղաքականություն էր, եւ սրանով էր պայմանավորված 1995-ին իմ ԱԺ պատգամավոր ընտրվելը, երբ չնայած մեծ ճնշումներին, ես հաղթեցի ՀՀՇ-ի թեկնածուին»: Մեր զրուցակիցը հիշում է նաեւ 1996-ի նախագահական «խայտառակ» ընտրությունները. «Ընտրական ցուցակները խառնվեցին այնպես, որ մինչ այժմ շտկվում են, եւ որի մեղքը փորձում են բարդել ներկա իշխանությունների վրա: Յուրաքանչյուր քաղաքացու անվան կամ հասցեի մեջ կար նախապես տպված մի սխալ, դա թույլ էր տալիս ընտրության բերել միայն Լեւոնի օգտին քվեարկողներին: Մի քանի հարյուր մարդ, որոնց անունները ավելացված էին բոլոր տեղամասերի ցուցակներում՝ շրջում եւ ընտրում էին Լեւոնի օգտին: Այս ամենի համար ներողություն եմ խնդրում Վազգեն Մանուկյանից, որովհետեւ ես էլ եմ դրան մասնակցել»: Այն ժամանակ, որ այդ ամենն անում էիք՝ ի՞նչ էիք մտածում՝ «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Այն ժամանակ ես քաղաքականությամբ չէի զբաղվում, այդքան էլ չէի պատկերացնում դրա հետեւանքները: Համ էլ՝ ես որ մեկին նվիրվում եմ, ինձ թվում ա՝ դրանից էն կողմ իմ համար մարդ չկա: Որպես թաղի տղա, ես ընդունել եմ նրան՝ դե, Լեւոնը մեր թաղի տղան էր, թաղի պատվի խնդիր կար: Ես բարեգործ մարդ եմ եղել, բայց չարություն եմ արել. հետո, որ տեսա իրենց քայլերը՝ զղջացի»: Հետոն՝ 1996թ. Էրեբունու թաղապետի հայտնի ընտրություններն էին, որ ուղեկցվեցին ծեծ ու ջարդերով: Այդ ընտրություններում հաղթեց այն ժամանակ ՀՀՇ-ն ներկայացնող Արարատ Խրիմյանը:

Այժմ իր եւ իր բոլոր մտերիմների անունից հայտարարելով, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Սեդրակյանը խոստանում է՝ «քաղաքական պայքարի միջոցով հետ կվերադարձնենք մեր պարտքերը՝ կուտակված տոկոսների հետ միասին»: Իսկ «պարտքերը» Սեդրակյանն այսպես է վերադարձնելու. «Էն մեթոդները, որ կիրառել են իրանք 96-ին իմ քույրերի, ընկերուհիների, մեր թաղի կանանց գլխին՝ ես նույն բաներն անելու եմ իրանց տղամարդկանց գլխին: Ես կին ծեծող չեմ: Իրանք իմ կողմից ներվել էին, բայց իմ արած բոլոր լավություններից հետո իրանց մեջ իմ նկատմամբ չարությունը պահպանվում է, դրա համար էլ պատասխանելու եմ»: Եվ չնայած ծեծի խոստումներին, պարոն Սեդրակյանը վստահ է, «որ նախագահի ընտրության օրը կիրթ, քաղաքական պայքար կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել