Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՄԵԾԱՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նոյեմբեր 27,2007 00:00

\"\"Քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր հայտարարել իր առաջադրման մասին

Վերջին շրջանում սաստկացած քաղաքական բանավեճը ստիպեց վերհիշել ընդամենը մի քանի ամիս առաջ տրվող այն գնահատականները, որոնք հնչում էին Հայաստանի առաջին նախագահի հասցեին: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կենսագրական տվյալներ բացահայտել խոստացող ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն էր անգամ հուլիսի 10-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել. «Չեմ ուզում ուրանալ, որ 1994-ին հաղթանակ ենք ունեցել, եւ դրա մեջ, որպես ՀՀ նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լուման է եղել»: Սակայն այդ ժամանակ նա վստահ էր, թե Տեր-Պետրոսյանի առաջադրումը 2008թ. նախագահական ընտրություններում չլինելու բան է:

Սակայն առավել հետաքրքիր է վերընթերցել հանրապետականների գնահատականները: Ասենք, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը, որը վերջերս «Հայացք» ակումբում անգամ բավական վիրավորական համեմատություններով խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ ասենք, հայտարարելով, թե նա փորձում է դառնալ «ընդդիմության Գյուլչիտայը», ու նաեւ պնդեց. «Այդ մարդը չի կարող աշխատել երկրի նախագահ, որովհետեւ առաջին՝ փորձում է խաբել հասարակությանը, 2-րդ՝ չի տիրապետում իրավիճակին եւ ինֆորմացիային, 3-րդ՝ չի կարող գործ ունենալ փաստերի հետ եւ վերլուծություններ անել»՝ հուլիսի 13-ին «Իսկական Իրավունք»-ում Տեր-Պետրոսյանի մասին ասում էր. «Կարծում եմ, իմ կողմից շատ հարգված քաղաքական գործիչը չի գնա այն քայլին, որը ջուր է լցնելու մի շարք չբավարարված քաղաքական նկրտումներով մարդկանց ջրաղացին` իր հեղինակության ու սկզբունքայնության հաշվին»: Արմեն Աշոտյանը նաեւ նշել էր. «Այդուհանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանը 20-րդ դարի վերջի հայ քաղաքական մտքի առաջատարն էր, Սերժ Սարգսյանը՝ 21-րդ դարի սկզբի»:

Օգոստոսի 15-ին «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր սովորական քաղաքական կուսակցության լիդեր չէ, նա մեր առաջին նախագահն է, դա պատմական երեւույթ է, եւ իրողությունների մեծ շնորհը պատկանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ այսօր քաղաքական թիմերը շահարկում են նրա անունը: Նա խոհեմ, կշռադատ քաղաքական գործիչ է»: 2 օր անց «Իսկական Իրավունք»-ում հրապարակված հարցազրույցում Գալուստ Սահակյանը վերստին էր պնդել. «Լեւոն Տեր-Պետրոսյանին պետք է առանձնացնել ցանկացած նեղ կուսակցական շահարկումներից: Բոլոր դեպքերում Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է եւ արդեն պատմական երեւույթ է: Այսպես պետք է դիտարկել. չի կարելի, մարդը, որ այդքան մեծ ծառայություններ ունի հայրենիքի եւ ժողովրդի առաջ, անընդհատ կուսակցական խողովակներով տանել»: Եվս մի մեջբերում Գալուստ Սահակյանից՝ ՀՀԿ-ի մարտավարության մասին. «Բնական է, եթե Տիգրան Կարապետիչը լինի նախագահի թեկնածու, ռազմավարական մոտեցումն այլ կլինի, կամ եթե մարքսիստ Հակոբյանը լինի՝ բոլորովին այլ: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, որը չեմ կարծում՝ կլինի, քանի որ տեսական բան եք ասում, ավելի պատշաճ եւ քաղաքակիրթ դրսեւորում կլինի»: Թե որքան պատշաճ էր «դրսեւորումը»՝ վկայում է ճիշտ մեկ ամիս անց (այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ ՀՀ առաջին նախագահն առաջադրելու է իր թեկնածությունը) Գալուստ Սահակյանի պատասխանը «Ուրբաթ» ակումբում տրված հարցին, թե՝ Տեր-Պետրոսյանին հզոր մրցակի՞ց եք համարում. «Իհարկե: Օրինակ՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանից շատ հզոր եմ համարում»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը օգոստոսի 24-ի «Իսկական Իրավունք»-ում ասում էր. «Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես ծանրակշիռ, լուրջ գործչի պարագայում, մինչեւ առաջադրման մասին հայտարարվելը, ցանկացած խոսակցություն ժամանակավրեպ է»: Իսկ օգոստոսի 31-ին «Հայոց Աշխարհ»-ում հրապարակված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ասում էր. «Մենք մեզ երբեք թույլ չենք տվել վարկաբեկել, զազրախոսել, նսեմացնել մեր քաղաքական ընդդիմախոսներին, չենք հայհոյել առաջին նախագահին։ Դա մեր ձեռագիրը չէ: Ի վերջո՝ Լ. Տեր-Պետրոսյանը մեր պետության առաջին նախագահն է։ Իսկ մեր նորանկախ երկրի առաջին նախագահն ամեն դեպքում արժանի է հարգանքի ե՛ւ անձնապես, ե՛ւ ի պաշտոնե»:

Նկատենք, որ միակ հանրապետականը, որը ակտիվ քաղաքականություն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձից հետո չփոխեց նրա հասցեին տված գնահատականները եւ չսկսեց վարկաբեկել ու զազրախոսել նրան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն է, որն ինչպես սեպտեմբերի 4-ին էր «Հայոց Աշխարհ»-ին ասել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է՝ գիտության մարդ է, հարգանքի արժանի մտավորական», այնպես էլ նրա սեպտեմբերի 21-ի ելույթից հետո, արձանագրելով իրենց տեսակետների տարբերությունը եւ անհամաձայնությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, այնուամենայնիվ սեպտեմբերի 29-ի «Հայոց Աշխարհում» ասել էր. «Ես խորապես հարգում եմ պետական բոլոր ատրիբուտները։ Այդ թվում՝ նաեւ առաջին նախագահի ստատուսը: Ընդհանրապես անհրաժեշտ եմ համարում բոլորի հարգալից վերաբերմունքը պետական սիմվոլների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել