Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 24,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

ՍԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ

Եվ ահա՝ Գեներալ Լոտիեի արձանի դեմդիմաց նստած՝ ճգնում էի նշմարել իր ծննդյան ու մահվան թվականները, եւ չնայած արդեն տասը տարվա հեռատես եմ, բայց էդ թվականները ոչ մի կերպ չէի կարողանում նշմարել, որովհետեւ պատվանդանը սեւ գրանիտից էր, եւ փորագրված թվականներն էլ էին սեւ, այսինքն, պիտի շատ մոտենայի, որ որեւէ թիվ նշմարեի, եւ երիտասարդ զույգն էլ էդ տեւական համբույրը չէր սպառում ու ավարտում, ու ես տեղիցս վեր չէի կենում, որպեսզի ոտնաձայներովս ջահելների կայֆը չկոտրեմ, եւ Արշակին հիշելով՝ Գեներալի ծննդյան ու մահվան թվականները փորձում էի ինքնուրույն գուշակել, եւ Արշակին հիշելով՝ մտածում էի, որ ինքը շատ փիս կնեղանա, եթե իմանա՝ Փարիզ եմ եղել ու իրեն չեմ զանգել, եւ քանի որ հաջորդ առավոտ արդեն Երեւան էինք թռչելու, եւ արդեն Արշակին հանդիպելու ժամանակ ու հնարավորություն էլ չունեի, էդ պահին շատ փոշմանեցի ու առ էսօր էլ փոշմանած եմ, որ Արշակին չզանգեցի ու իր հետ Լուվրը չչափչփեցի, մանավանդ որ՝ Լուվրի մուտքն իր համար անվճար էր, որովհետեւ Արշակն իր հետբեյրության երեսունհինգ տարիներին՝ ընդհուպ թոշակի անցնելը Լուվրում էր աշխատել եւ վերջնական աբստրակցիոնիստ ու վերջնական թոշակառու դառնալուց առաջ, փաստորեն, երեսունհինգ տարի շարունակ ուսումնասիրել ու յուրացրել էր համաշխարհային ողջ մշակույթը՝ քարե, բրոնզե եւ այլ դարերից մինչեւ մեր օրերը, եւ համաշխարհային մշակույթը ծայրեծայր ուսումնասիրելով եւ հատկապես քսաներորդ դարասկզբի գեղանկարչության մեջ խորանալով՝ Արշակը վերջնականապես եկել էր էն համոզման, որ հատկապես գեղանկարչությունն ու առանձնապես քսաներորդ դարի գեղանկարչությունն արժեւորելիս՝ անպայման պիտի թվականների մեջ ընկղմվես ու կարծիքդ էդ հեղինակների ծննդյան ու մահվան թվականներից պիտի բխեցնես, իսկ կոնկրետ հեղինակի կոնկրետ ստեղծագործությունն արժեւորելիս՝ պիտի հատկապես կոնկրետ է՛դ գործի արարման թվականը հաշվի առնես, թե չէ՝ Մալեւիչից հետո ցանկացած մալյար կարող է սեւ քառակուսի նկարել, եւ ահա՝ Գեներալ Լոտիեի արձանի դիմաց նստած՝ Գեներալի մասին կարգին պատկերացում չէի կարողանում կազմել, որովհետեւ նստածս տեղից իր ծննդյան ու մահվան թվականները ոչ մի կերպ չէին նշմարվում, եւ երբ արդեն վերջնականապես մտադրվեցի տեղիցս վերստին վեր կենալ ու վերջապես էդ թվականները պարզել, հենց էդ պահին երկու ջահելները հանկարծակի ավարտելով իրենց էդ տեւական համբույրը եւ գետնից արագ-արագ հավաքելով իրենց էդ թափթփված տետրակները՝ տեղներից կտրուկ վեր կացան ու աճապարանքով քայլեցին դեպի խաչմերուկ, եւ երբ իրենց պրոֆիլները տեսա, ուղղակի ապշահար եղա, որովհետեւ ընդամենը մի ակնթարթում հասկացա, ավելի ճիշտ՝ տեսա, որ երկուսն էլ իգական սեռի էին, եւ էդ բանն ինձ համար ակնթարթորեն պարզ դարձավ ոչ միայն էն պատճառով, որ բացառիկ գեղեցկուհիներ էին, այլեւ՝ երեւելի կրծքերի տեր էին, եւ երբ անակնկալի եկած իրենց նայեցի, առաջինն իրենց էդ ցից կրծքերն աչքովս ընկան, եւ չնայած ընդամենը մի քանի րոպե առաջ Գեներալի պողոտայով քայլելիս Փարիզի աղջկերքին նայում ու մտածում էի՝ որ գեղեցկությամբ էականորեն են մեր հայ աղջկերքին զիջում, բայց էս երկուսին տեսնելով՝ արդեն էդ բանը չէի մտածում ո՛չ միայն էն պատճառով, որ էս երկուսն իսկապես բացառիկ գեղեցկուհիներ էին, այլեւ էն պատճառով, որ էդ պահին ընդհանրապես ի վիճակի չէի որեւէ բան մտածել, եւ չնայած մեր ազատ ու պատասխանատու եթերներից հեռարձակվող ֆիլմերում զանազան լեսբուհիներ շատ էի տեսել, եւ չնայած էդ տեսածներս հիմնականում մորեմերկ էին եղել, բայց էս իրականներն անհամեմատ գայթակղիչ էին, ու գայթակղիչ էին նաեւ Փարիզի առաջին օրը հյուրանոցի իմ համարի հեռուստացույցով տեսածներիս համեմատ, որովհետեւ, ինչ մեղքս թաքցնեմ, երբ հենց առաջին գիշերը համարիս հեռուստացույցը միացրի՝ էլի սրանք էին, ու գրեթե մինչեւ լույս շարունակվեցին, եւ ես մեջընդմեջ քնում ու զարթնում էի եւ հեռուստացույցն էլ չէի անջատում ոչ միայն էն պատճառով, որ պուլտն ահագին հեռու էր, այլեւ էն պատճառով, որ իգական սեռի էդ միասեռականները ոչ քնածս ժամանակ էին ինձ խանգարում, ոչ էլ մանավանդ զարթնածս պահերին, ու էն աստիճանի չէին խանգարում, որ հաջորդ գիշեր նույնպես էդ նույն ալիքը միացրի, բայց երկրորդ գիշերն էդ ալիքով որեւէ բան չկար, եւ առավոտյան մեր թարգմանչուհու միջոցով հյուրանոցի ադմինիստրատորից պարզեցի ու իմացա, որ էդ ալիքը վճարովի ալիք է, ու առաջին գիշերն էդ ալիքով էդ մղձավանջների ականատեսն եմ եղել ինձնից առաջ էդ համարում բնակված ու էդ ալիքի համար վճարած մի արաբի շնորհիվ, եւ հյուրանոցի ադմինիստրացիան երկրորդ օրն էր հիշել ու էդ ալիքն անջատել, եւ երկրորդ գիշերն իմ հեռուստացույցն ընդամենը շոուներ էր ցույց տալիս ու մեջընդմեջ նաեւ լուրեր էր հաղորդում ինձ անհասկանալի ֆրանսերենով, եւ նույնիսկ սերիալներ չկային, ու չնայած էդ երեքշաբթին չեմպիոնների լիգայի խաղերի օրն էր, հյուրանոցի իմ էդ հեռուստացույցն էդ երկրորդ իրիկուն ֆուտբոլային որեւէ խաղ էլ չցուցադրեց, որովհետեւ, ինչպես հետո իմացա, իրենց մոտ սերիալները, ֆուտբոլներն ու հետաքրքիր բաները միայն հատուկ ու վճարովի ալիքներով են ցուցադրում, ու հիմա էդ հանգամանքը հիշելով՝ մտածում եմ, որ մենք, ի տարբերություն այլ երկրների ժողովուրդների, միանգամայն անվճար ոչ միայն զանազան սերիալներ ու ֆուտբոլներ ենք նայում, այլեւ՝ զանազան կիսապոռնոֆիլմեր, որոնց մեջ պատահում են նաեւ լեսբուհիների խորհրդավոր ու ոչ ստանդարտ հարաբերությունների մանրակրկիտ անդրադարձներ, բայց էսքանից հետո էլ մենք հիմնականում ստանդարտ ու ավանդապաշտ ենք մնում, եւ երբ էդ երկուսն իրենց թափթփված տետրակները հավաքելով՝ կտրուկ վեր կացան ու արդեն խաչմերուկին էին հասել, մարմնովս մեկ բռնկված դողս ոչ մի կերպ չէր անցնում, եւ աչքերիս դեմն էլ լրիվ սեւացած էր՝ էն աստիճանի, որ մի մետրից անգամ չէի նշմարում Գեներալի ծննդյան ու մահվան թվականները, բայց, այդուհանդերձ, էդ երկուսին խաչմերուկի եզրին հստակ էի տեսնում, եւ առանց Գեներալի թվականները պարզելու՝ անկախ ինձանից վազեցի դեպի խաչմերուկ եւ երբ արդեն համարյա իրենց էի հասել, կանաչը վառվեց, եւ համարյա իրենց հետ փողոցն անցա ու իրենց հետեւից գնացի, բայց ոտս մի քիչ կախ էի գցում, որ շատ չմոտենամ, ու գոյությանս մասին չիմանան, ու էդպես՝ մոտ քսան-քսանհինգ մետր հեռավորությունը պահպանելով՝ իրենց հետեւից էի գնում եւ իրենց հետքերով խորացա Լոտիեի պողոտայից սկիզբ առնող նեղլիկ վտակներից մեկի մեջ, եւ երբ իրենք մտան էդ վտակի խանութներից մեկը, ոտքերս ինձ մեքենայորեն մտցրին էդ խանութը, որ նպարեղենի ու քաղցրավենիքի խանութ էր, եւ երբ իրենք երկու կտոր խմորեղեն առան, ես էլ իրենցից անմիջապես հետո երկու կտոր առա, որովհետեւ հանկարծակի շատ ուժեղ քաղցածություն զգացի, եւ իրենց հետեւից դուրս եկա էդ քաղցրավենիքների խանութից, եւ իրենք թեւանցուկ ու սիրահար՝ իրենց խմորեղեններն ըմբոշխնելով գնում էին, ու ես էլ իմոնք էի ուտում, եւ չնայած խմորեղենի սիրահար եմ, էդ երկու կտորը մեքենայորեն ներմղեցի ու կերածիցս բան չհասկացա, որովհետեւ ուշքս ու միտքս առջեւիցս ընթացող էդ գեղեցկուհիներն էին, որոնք արդեն ուտելու գործընթացն ավարտել ու վերստին ներհյուսվել էին իրար, եւ երբ Գեներալի պողոտայից սկիզբ առած էդ նեղլիկ վտակն ավարտվեց, իրենք աջ թեքվեցին ու ահագին առաջանալով՝ մի ուրիշ խանութ մտան, ու էդ ամբողջ ընթացքում իրենցից քսան կամ ամենաշատը երեսուն մետրի վրա էի, եւ իրենց հետեւից ընթացքս շարունակելով՝ մտա էդ խանութը, որ մի պստլիկ գրախանութ էր, ուր գրքերից բացի՝ զանազան գույնզգույն ամսագրեր էին շարված, եւ էդ ամսագրերը թերթելիս էլ էդ երկուսը թեւանցուկ էին, եւ գրախանութում արդեն իրենց շատ մոտիկ էի կանգնած եւ այլ կերպ չէի էլ կարող, որովհետեւ չափազանց պստլիկ ու նեղլիկ տարածք էր, եւ երբ իրենք դախլի վրայից վերցրել ու թերթում էին էդ գունավոր ժուռնալներից մեկը, ես իրենց հետեւից նայում էի իրենցից բարձրահասակի ձեռքով թերթվող էդ ժուռնալը, որի շապիկին երկու գեղեցկուհիներ սիրով էին զբաղված, եւ ամսագիրը հապշտապ թերթելով՝ զույգի բարձրահասակը, որն ամսագիրը թերթելիս էլ ընկերուհուն թեւանցուկ էր, աջ ձեռքը շատ մեղմ դուրս հանեց ընկերուհու թեւից, պայուսակից եվրոներ հանեց, տվեց վաճառողին, մանրը հետ ստացավ եւ ամսագիրը վերցնելով ու ընկերուհուն վերստին թեւանցուկ անելով՝ խանութից դուրս եկան եւ մի քիչ գնալով՝ անկյունից աջ թեքվեցին, ու էդ ընթացքում մի քիչ ոտս կախ գցեցի՝ որ ինձ չնկատեն, եւ երբ աջ թեքվեցին, ես ոտս կախ գցելով եւ վերստին իրենց ու իմ միջեւ հեռավորությունը վերականգնելով՝ շարունակեցի իրենց հետեւից դանդաղ առաջանալ, բայց արդեն ստիպված էի րոպեն մեկ կանգ առնել, որովհետեւ իրենց առած էդ ամսագիրը թերթելով՝ րոպեն մեկ կանգ էին առնում, ամսագրի լուսանկարներն էին իրար ցույց տալիս ու հետո էլի շատ դանդաղ առաջ էին գնում եւ արդեն ոչ թե թեւանցուկ էին, այլ՝ բոյովը միջահասակի բարալիկ մեջքն ամուր գրկած էր գնում, եւ ամսագիրն էլ միջահասակի ձեռքին էր, եւ էդ ամբողջ ընթացքում իրենց հետեւից սինքրոն շարունակում էի առաջանալ, եւ չնայած էդ մայթով գնացողներն ու եկողներն ահագին էին, այդուհանդերձ, բարձրահասակն ու միջահասակն իրենց շատ ազատ էին զգում, եւ, ի տարբերություն ինձ, ոչ ոք էդ երկուսի վրա առանձնակի ուշադրություն չէր դարձնում, չնայած, էլի եմ ասում, երկուսն էլ բացառիկ գեղեցկության տեր էին, եւ էդ պահին իմ մասին մտածեցի, որ չտեսի մեկն եմ, եւ իմ մասին էդպես մտածելով՝ շարունակում էի դանդաղ ու ընդմիջումներով հետեւել իրենց եւ միանգամայն հանգիստ էի, որովհետեւ էդ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չէին շրջվել ու ինձ չէին տեսել եւ նպարեղենի խանութում ու գրախանութում էլ գոյությունս չէին նկատել, եւ չնայած իրենց գոյությունն ինձ համար էնքան էական ու կարեւոր էր՝ որ կրնկակոխ ու ինքնամոռաց հետեւներից էի գնում, այդուհանդերձ, դեռեւս իրենց հարաբերությունը խորապես չէի ընկալում, եւ չնայած բազմիցս լսել էի ու գիտեի, որ լեսբուհիներից մեկնումեկն անպայման տղամարդու կարգավիճակ ու դերակատարություն ունի, բայց էդ երկուսն էնքան հավասարապես էին գեղեցիկ ու նուրբ, որ երկար ժամանակ մտածում ու գլխի չէի ընկնում՝ իրենցից որ մեկն է որձը, եւ միայն գրախանութից դուրս գալուց հետո՝ երբ բարձրահասակը գրկեց միջահասակի բարալիկ մեջքը, ես սկսեցի կռահել, որ, այնուամենայնիվ, միջահասակն էգն է, եւ դրա ապացույցն էր նաեւ այն՝ որ իրենց հետագա քայլքի ընթացքում բարձրահասակը ոչ միայն միջահասակի մեջքն էր պինդ գրկել, այլեւ ժամանակ առ ժամանակ կռանում ու համբուրում էր միջահասակին, եւ իրենց սեռական պատկանելությունը վերջնականապես ճշտվեց՝ երբ էդ վտակներից մեկում ծաղկավաճառի կրպակի մոտ կանգ առան, եւ բարձրահասակը մի հսկայական վարդ առավ ու տվեց միջահասակին, եւ այս անգամ արդեն միջահասակը ձգվեց ու բարձրահասակին համբուրեց, եւ միջահասակի թշերը սիրուց ու հուզմունքից կասկարմիր էին, եւ դա միայն ես էի տեսնում, եւ միջահասակի ձգվելն ու համբուրելն է՛լ միայն ես տեսա, որովհետեւ ծաղկավաճառն իր էդ հսկայական վարդը դրանց վրա նաղդելով՝ այլեւս դրանց կողմ չէր էլ նայում, եւ բազմաթիվ անցորդներն էլ էին շարունակում չնկատել դրանց, եւ ընդամենը չտեսս էր դրանց գոյությամբ ապշած եւ դրանց գեղեցկությամբ զմայլված, որովհետեւ մեկը մյուսից գեղեցիկ ու մեկը մյուսից կանացի էին, եւ երկուսն էլ երկարոտն էին ու բարակիրան, եւ բարձրահասակը ջինսե քիփ շալվարով էր, իսկ միջահասակը՝ թրթռան ու կարճփեշ շրջազգեստով, եւ երբ բարձրահասակն աջով գրկում էր միջահասակի մեջքը, թրթռան շրջազգեստի փեշը գրեթե կրկնակի կարճանում էր, եւ միջահասակի անթերի ազդրերն առավել բացվում ու ինձ խելքահան էին անում, եւ ցանկացածին խելքահան կանեին, բայց էդ պահին միայն ես էի դրանք տեսնում, որովհետեւ միայն ես էի դրանց նայում, եւ երկու գեղեցկուհիները ծաղկավաճառի կրպակից ահագին անցնելով՝ անկյունից էլի աջ թեքվեցին ու շարունակեցին իրենց հմայիչ ընթացքը, բայց շուտով շենքերից մեկի մուտքի մոտ հանկարծակի կանգ առան, եւ բարձրահասակը մուտքի դռան կոճակները սեղմեց, եւ դուռը բացվեց, ու գիրկընդխառն ներս մտան, եւ էդպես ու էդքանով իրենց էդ զգլխիչ ընթացքն ավարտվեց, եւ ես բավական երկար կանգնած մնացի իրենց էդ մուտքի մոտ, ու հիմա չեմ հիշում՝ էդ մուտքի մոտ կանգնած ինչ էի մտածում, եւ միակ բանը՝ որի մասին հաստատ չէի մտածում, կորելուս տարբերակն էր, եւ երբ սթափվեցի ու հասկացա, որ աղջկական էդ զույգը վերջնականապես հասավ իր մուրազին, շրջվեցի ու վերադարձա եկածս ճանապարհով, ավելի ճիշտ՝ ինձ թվում էր, թե՝ եկածս ճանապարհով եմ վերադառնում, բայց շուտով հասկացա, որ հեչ պարզ չէ՝ որ ուղղությամբ պիտի գնամ, որովհետեւ աղջկական էդ աննախադեպ զույգին հետապնդելիս էնքան էի անջատված ու կլանված, որ շենքերին ու փողոցներին ուշադրություն չէի դարձրել եւ կողմնորոշումս լրիվ կորցրել էի, չնայած, եթե փողոցներին ու շենքերին շատ ուշադիր նայած էլ լինեի, երեւի էլի չէի կողմնորոշվի, որովհետեւ Փարիզի էդ նեղլիկ վտակներն ու մանավանդ շենքերն իրար էնքան են նման, որ իրարից որեւէ կերպ չեն տարբերվում ու չեն առանձնանում, եւ երբ վերջնականապես սթափվեցի ու հասկացա, որ առանց անցորդների օգնության ու միջամտության հետդարձիս ճանապարհը չեմ գտնելու, դեռեւս հանգիստ ու խաղաղ էի, քան՝ նախքան էդ պահը, որովհետեւ նախքան էդ պահը ներսս աղջկական էդ զույգն էր ալեկոծում, եւ երբ հասա ծաղկավաճառուհուն, ավելի խաղաղվեցի, բայց խաղաղությունս ընդամենը մի քանի վայրկյան տեւեց, որովհետեւ երբ ձեռքս պիջակիս ծոցագրպանը մտցրի, նոր միայն հասկացա, որ հյուրանոցիս այցեքարտն ու անձնագիրս ջինսե բաճկոնիս գրպանում եմ թողել, որովհետեւ հյուրանոցից դուրս գալիս, չգիտես ինչու, ջինսե բաճկոնիս փոխարեն պիջակս էի հագել, եւ չնայած այցեքարտիս ու անձնագրիս հարցում մշտապես զգոն էի, բայց էդ անգամ, փաստորեն, չարաչար էի վրիպել, ու դեռեւս վրիպումիս հետեւանքը չէի կանխատեսում, որովհետեւ էդ պահին մտածում էի՝ ծաղկավաճառուհու օգնությամբ Գեներալի պողոտան կգտնեմ, իսկ Գեներալի պողոտայից մեր հյուրանոցը գտնելն ինձ համար խաղուպար էր, եւ ծաղկավաճառուհուն մոտենալով ու հարցս նախապատրաստելով՝ նոր միայն հասկացա, որ Գեներալի անունը մոռացել ու ոչ մի կերպ չեմ հիշում, ու էդպես շիվարած ու ծաղկավաճառուհու դեմդիմաց անիմաստ ցցված՝ չգիտեի ինչ ասեմ, եւ էդ պահին ինքն ինձ ֆրանսերեն ինչ-որ բան հարցրեց. երեւի հարցնում էր՝ ի՞նչ ծաղիկ եմ ուզում, ու ես չիմանալով ինչ ասեմ, ասացի՝ «գեներալ», եւ ինքը զարմացած ինձ նայեց ու ոչինչ չասաց, ու ես, մտածելով, որ «գեներալը» ռուսերեն է, ասացի՝ «ջեներալ», եւ ինքը շարունակեց զարմացած ինձ նայել եւ ոչինչ չասաց, եւ ես մտածեցի ու ասացի՝ «ավենյու», եւ ինքը զարմացած մեկ ինձ էր նայում, մեկ՝ իր ծաղիկների տեսականուն, ու ես ավելի կողմնորոշվելով՝ ասացի՝ «ավենյու ջեներալ», եւ երբ ինքը շարունակեց զարմացած ինձ նայել, ես ինքս ինձ ավելի ճշտելով ասացի՝ «ավի՛նյու ջեներալ», եւ իրեն արդեն թվաց՝ ինձ հասկացել է, եւ ամենավերեւի դախլից իջեցրեց ու ինձ մեկնեց բալագույն ու հսկայական մի ծաղիկ, որից մորական Մեսրոպ պապս էր իրենց բակում վաթսունականներին աճեցնում, ու էդ ծաղկի անունը գեորգինա էր, եւ մյուս ծաղիկներին որեւէ բանով չնմանվող ու ինքնաբավ էդ ծաղիկը նկատի ունենալով էին էն թվերի խառոշիներն ասում՝ «հերիք ա գեորգինավատ ըլնես», ու երեւի ծաղկավաճառուհին էդ ծաղիկը գեներալի էր նմանեցրել եւ երբ ինձ մեկնեց էդ մարդաբոյ գեորգինան, եւ երբ իրեն ասացի՝ «նո», ինքը հուսահատ թափահարեց ձեռքն ու սկսեց զբաղվել էդ պահին հայտնված ճապոնացի հաճախորդներով, եւ երբ նորից ասացի՝ «ավինյու ջեներալ», ինքն արդեն ինձ վրա ուշադրություն չդարձնելով՝ ճապոնացիների ցույց տված վարդերն էր դույլից հանում, եւ ես ճանապարհս շարունակելով՝ մայթով իջա, ու մտքինս գրախանութը գտնելն էր, որովհետեւ, եթե գրախանութը գտնեի, երեւի կկողմնորոշվեի ու նպարեղենի խանութն էլ կգտնեի, բայց նախ գրախանութն էր պետք գտնել, եւ չնայած ճանապարհիս մի պստլիկ գրախանութ ծլեց, բայց իմ փնտրածը չէր, որովհետեւ էստեղ ընդհանրապես ամսագրեր չկային, եւ ես գրավաճառին դիմելով ասացի՝ «ավինյու ջեներալ», եւ ինքն անմիջապես գրադարակից մի գիրք հանեց, որի շապիկին սասունցու բեղերով մի տարեց զինվորական էր պատկերված, եւ ես էդ բեղավորի ու իմ գեներալի միջեւ որեւէ ընդհանրություն չգտնելով՝ գիրքը վերադարձրի եւ հուսահատված դուրս եկա գրախանութից, ու սիրտս արդեն ահավոր ուժեղ էր խփում, եւ ճանապարհիս ում տեսնում՝ «ջեներալ» կամ «ավինյու ջեներալ» էի հարցնում, բայց բոլորն էլ ուսերն էին շիվարած թոթվում, եւ չնայած արտասահմաններում շատ էի եղել, բայց էդ օրն ու էդ պահերին առաջին անգամ լրջագույնս կարեւորեցի լեզուների իմացությունը, եւ անլեզու ու շիվարած՝ ընդամենը մտքիս ու ուղեղիս էի ապավինել, եւ երբ գրախանութից արդեն դուրս էի եկել, միտքս ինձ հուշեց, որ եթե էդ նեղլիկ փողոցով մինչեւ վերջ առաջանամ՝ հաստատ պողոտա եմ դուրս գալու, ու էդպես էլ եղավ, եւ չնայած էդ պողոտան էլ էր լայնահուն, բայց միանգամայն այլ անուն ուներ, եւ ես էդ այլանուն պողոտան մտնելով՝ ոչ թե հուսահատվեցի, այլ, ընդհակառակը, հուսավառվեցի, որովհետեւ հազարի վրա գործող ուղեղս ու միտքս ինձ հուշում էին, որ եթե գրախանութի էդ նեղլիկ փողոցով հակառակ ուղղությամբ մինչեւ վերջ գնամ, հաստատ Գեներալի պողոտա եմ դուրս գալու, որովհետեւ արդեն վերջնականապես էի հասկացել, որ էդ բոլոր վտակները որեւէ պողոտայից սկիզբ առնելով՝ որեւէ այլ պողոտա են լցվում, եւ էդ պարզ ճշմարտությունը վերջնականապես բացահայտած՝ էդ նույն վտակով, բայց հակառակ ուղղությամբ մինչեւ վերջ գնացի եւ շուտով պողոտա դուրս եկա, բայց էս պողոտան էլ Գեներալինը չէր, ու շենքերի պատերին միանգամայն ա՛յլ անուն էր գրված, ու ես վերջնականապես խուճապահար եղա, եւ չնայած յոթ տարի դպրոցում ու չորս տարի էլ ինստիտուտում անգլերեն էի անցել, բայց իմացածս հատուկենտ բառերն էլ էին էդ պահին մտքիցս թռել, իսկ ֆրանսերեն ընդհանրապես չգիտեի, եւ, իհարկե, ամենաահավորն էն էր, որ էդ պահին մեր հյուրանոցի «SAPHIR» ու մեր հյուրանոցի փողոցի Դագուեր անվանումներն էլ էին մտքիցս ջնջվել, ու էդ պահին միայն «գեներալ» եւ «ավինյու» բառերն էին մտքիս մեջ մնացել ու իրար հրմշտում, եւ երբ գլխիկոր էդ երկրորդ գրախանութի փողոցով հետ էի վերադառնում, հենց գրախանութի դիմաց մի տաքսի էր կանգնած, եւ տաքսիստին մոտենալով՝ սկսեցի մտքումս եղած էդ երկու բառերն ասել ու կրկնել, բայց տաքսիստն էլ ինձանից գլուխ չհանելով՝ ուսերը թոթվեց, եւ ուրիշ անցորդների էլ կանգնեցրի, բայց հարցվողներից ոչ մեկն իմ էդ երկու բառերի էության մեջ չէր կարողանում թափանցել, իսկ ոմանք էլ ընդհանրապես չէին կանգնում ու խույս էին տալիս ինձանից, ու էդ պահին Հավատացյալ Խորենին հիշեցի, եւ չնայած էդ պահի դրությամբ իր հոգին, ըստ ամենայնի, արդեն ամենավերին ոլորտներում էր, բայց իր ասածները շարունակում էին իրենց երկրային գոյությունն ու ականջներիս մեջ տժժում էին, եւ իր ասածներից էդ պահին հատկապես հրատապ էր «մի շնացիր»-ը, եւ չնայած գիտեի, որ էդ պատվիրանը ոչ թե Խորենինն է, այլ՝ Ամենաբարձրյալինը, այդուհանդերձ, ականջներիս մեջ Հավատացյալ Խորենի չմարած ձայնն էր՝ «եթե գայթակղվում ես ու որեւէ կնոջ վատ աչքով ես նայում, ուրեմն՝ շնանում ես. հեչ պարտադիր չի, որ էդ կնոջ հետ լինես», եւ Խորենի էդ հստակ բացատրությունը վերհիշելով՝ հասկանում էի, որ էդ օրը միանգամից երկու կնոջ եմ վատ աչքով նայել, եւ չնայած Իսրայելյան Աննայի հետ երբեւէ պատվիրաններից զրուցած չկամ, բայց էդ պահին նաեւ Աննայի ասածներն էի հիշում, եւ Աննայի ասածները կոնկրետ լեսբուհիներին էին վերաբերում, որովհետեւ Աննան լեսբուհիներից առանձնապես է զզվում, եւ իր էդ զզվանքն ամեն առիթով է արտահայտում ու իր էդ նողկանքն առավելագույն չափով արտահայտելու նպատակով՝ «Առավոտի» իր համակարգչի մեջ երկու համբուրվող հոմոսեքսուալիստների լուսանկար է տեղադրել, եւ երբ տղամարդկանցիցս մեկը մտնում է Աննայի սենյակ, ինքն անմիջապես բաց է անում էդ տղամարդ համբուրվողների նողկալի լուսանկարը, եւ ամեն անգամ դրանց տեսնելով՝ Աննային ասում եմ, որ շատ զզվելի են, եւ Աննան ծիծաղում ու ասում է՝ «բա ո՞նց են տղամարդիկ լեսբուհիների մասին ֆիլմեր նայում», եւ ես ասում եմ՝ «համեմատելու բան չեն», եւ ինքն ասում է՝ «նույն չարիքն են», եւ ես ասում եմ՝ «նրանք գոնե սիրուն են», եւ Աննան իր համակարգչի մոնիտորին նայելով՝ ծիծաղում ու ասում է՝ «մեր համար էլ սրանք են սիրուն», եւ ահա՝ Փարիզի կենտրոնում կորած ու շիվարած՝ Իսրայելյան Աննայի էդ ասածներն էի հիշում՝ վերջնականապես հավաստիացած, որ իսկապես չարիք են, ու նաեւ Հավատացյալ Խորենի ասածն էի հիշում՝ հասկանալով, որ շատ լուրջ ու շատ կոնկրետ մեղք եմ գործել՝ էդ գեղեցկուհիներին կրնկակոխ ու էդքան երկար հետապնդելով, եւ գայթակղությունս էլ էն աստիճանի էր եղել, որ տարածության ու ժամանակի զգացողությունս էլ էի կորցրել, եւ երբ էդ երկրորդ գրախանութի ժամացույցին նայեցի՝ արդեն վեցն անց էր, մինչդեռ Գեներալի արձանից հեռանալիս՝ արձանի մոտի ժամացույցով ընդամենը չորսն էր. այսինքն, ես շուրջ երկու ժամ էդ աղջկերքին հետապնդելով՝ երկու ժամ անընդհատ մեղք էի գործել, եւ եթե էդ պահին էդ երկրորդ գրախանութի ժամացույցին չնայեի, պիտի մտածեի՝ ընդամենը մի քանի րոպե եմ էդ աղջկերքին կրնկակոխ հետապնդել, բայց, ժամից դատելով, դրանց հետեւից ահագին ճամփա էի կտրել ու ահագին հեռացել էի Գեներալի պողոտայից, եւ ահա, չիմանալով ինչ անել, երկրորդ անգամ էդ երկրորդ գրախանութը մտնելով ու պատի ժամացույցին նայելով՝ մտադրվեցի նորից հարցուփորձ անել գրավաճառին, եւ երբ մոտեցա իրեն, ինքն ինձ տեղը բերելով ու շատ ջերմ ժպտալով՝ անմիջապես ինձ տվեց մի բրոշյուր, որի շապիկին գեներալական ուսադիրներով քաչալ ու անմորուք մեկն էր, մինչդեռ իմ գեներալը գլխարկով ու մորուքով էր, եւ ես բրոշյուրը գրավաճառին վերադարձնելով ասացի՝ «ավինյո՛ւ. ավինյո՛ւ Գեներալ», եւ գրավաճառն ինձ մեղավոր ժպտաց ու ասաց՝ «նո», եւ երբ հուսահատ շրջվել ու արդեն գրախանութից դուրս էի գալիս, հետեւիցս մի բացականչություն լսեցի՝ «մըսյո՜», եւ երբ շրջվեցի, տեսա, որ գրավաճառն անձամբ ինձ է ժպտում՝ ինչ-որ բրոշյուր թափահարելով, եւ երբ մոտեցա իրեն, տեսա, որ ձեռքինը ոչ թե բրոշյուր է, այլ՝ ծալովի քարտեզ, որի վրա խոշոր տառերով գրված էր՝ PARIS:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել